
Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանը դառնա ոչ միայն զբոսաշրջային ուղղություն կամ հայրենիքի կարոտը փարատելու վայր, այլև մագնիս՝ համաշխարհային մակարդակի տաղանդների համար։
Եթե երկիրը կարողանա ներգրավել ոչ թե մեկանգամյա այցելուների, այլ երկարաժամկետ բարձրակարգ մասնագետների, որոնք պատրաստ են իրենց կյանքի և կարիերայի հաջորդ հինգ և ավելի տարիները կապել Հայաստանի հետ։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, սա ընդամենը մեկ տարի գործող «Կերոն» զարգացման հիմնադրամի հավակնոտ, բայց արդեն իսկ տեսանելի արդյունքներ տվող իրականությունն է։
Ընդամենը մեկ տարում հիմնադրամը կարողացել է աղմուկ բարձրացնել՝ իրականացնելով նախագծեր, որոնք փոխում են Հայաստանի մասին պատկերացումները թե՛ ներսում, թե՛ դրսում։
«Մեր գլխավոր նախագիծը «Տաղանդների ֆոնդն է,- բացատրում է հիմնադրամի ծրագրերի տնօրեն Վիկտորյա Պապիկյանը,- նպատակը մեկն է՝ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան բերել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ առնվազն հինգ տարի ժամկետով»։
Հինգ ոլորտ, մեկ նպատակ, մրցունակ միջավայր․ «Կերոն»-ը պատահականության սկզբունքով չի գործում։ Այն թիրախավորել է հինգ ռազմավարական ոլորտ՝ կրթություն, առողջապահություն, սպորտ, մշակույթ և տարածքային զարգացում։ Սակայն սա պարզապես աշխատատեղեր լրացնելու ծրագիր չէ։ Սա խորքային փոփոխության մոդել է։ «Մենք ուզում ենք Հայաստանում ստեղծել այնպիսի մրցունակ միջավայր, որտեղ այս մասնագետները կցանկանան ապրել, ստեղծագործել, արարել և իրենց ընտանիքների հետ Հայաստանը կտեսնեն որպես իրագործումների վայր»,- նշում է Վիկտորյա Պապիկյանը։
Հետաքրքիր է, որ ծրագիրը բաց է ոչ միայն սփյուռքահայերի, այլև աշխարհի ցանկացած երկրի լավագույն մասնագետների համար, ինչը լայնացնում է հնարավորությունների սահմանները։

Հեծանիվ հորինելու կարիք չկա․ «Կերոն»-ի հաջողության գրավականներից մեկը համարձակ, բայց պրագմատիկ փիլիսոփայությունն է։ «Հեծանիվ հորինելու կարիք բացարձակապես չկա,- վստահեցնում է Վիկտորյա Պապիկյանը։ —Աշխարհում վաղուց կան լավագույն ստանդարտներ բոլոր ոլորտների համար։ Մեր խնդիրն է դրանք գրագետ կիրառել Հայաստանում»։ Այս սկզբունքով է իրականացվում նաև Բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը, որի համար ներգրավվել են նիդեռլանդացի ճարտարապետներ, որոնք Հաագայի և Ռոտերդամի համալսարանների գրադարանները կառուցելու փորձ ունեն։ Սա ոչ միայն շենքի վերանորոգում է, այլև նոր մշակույթի և գիտելիքի ներդրում։
Ուժերի միացում՝ հանուն մեծ նպատակի․ «Կերոն»-ը միայնակ չի գործում։ Հիմնադրամը կառուցում է համագործակցության կամուրջներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների, միջազգային գործընկերների և հասարակ քաղաքացիների միջև։ Ֆոնդահայթայթման միջոցով յուրաքանչյուր ոք կարող է դառնալ այս փոփոխությունների մասնակիցը՝ իր ներդրումն ունենալով այս կամ այն ծրագրի իրականացման գործում։
Շուտով կայքում տեղ կգտնի նաև սփյուռքահայերի համար նախատեսված հատուկ բաժինը, որին կարող են իրենց հայտերն ուղարկել աշխարհասփյուռ հայության տաղանդավոր ներուժի ներկայացուցիչները։




