
Վերջերս, մայիսի 20-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի բեմում տեղի ունեցավ «Անբան Հուռին» հայկական մանկական մյուզիքլի առաջնախաղը։
Ներկայացման ռեժիսորն է Սարգիս Շողունցը, իսկ կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը, որի հետ «Երաժշտական եռանկյունու» տաղավարում զրուցում ենք նոր ներկայացման երաժշտական ասպեկտների մասին։
«Մանկական ներկայացման համար երաժշտություն գրելու առաջարկը ստացա ռեժիսորից։ Շատ արագ հասկացա, որ ժանրային տեսակով դա պետք է լինի մյուզիքլ՝ երեխաների համար առավել գրավիչ, երգերով լի և գունեղ։ Գրեցի ոչ միայն երաժշտությունը, այլև բոլոր երգերի խոսքերը։ Քանի որ ներկայացումը խաղացվելու է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, անհրաժեշտություն եղավ ադապտացնել տեքստերը ռուսերենով, ինչը փայլուն կատարեց Ալվինա Համբարյանը»,-նշում է կոմպոզիտորը։
Նրա խոսքով՝ նպատակն էր ստեղծել հիշվող մեղեդիներ, որոնք թույլ կտային երիտասարդ հանդիսատեսին ինտերակտիվ կերպով միանալ երգող դերասաններին և ձայնակցել նրանց ամբողջ բեմադրության ընթացքում։
Առաջնախաղը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և դառնալու է Ստանիսլավսկու թատրոնի խաղացանկային ներկայացում։ Վահե Հայրապետյանի համոզմամբ՝ թատրոնի այս նախաձեռնությունը կարող է օրինակելի լինել մյուս թատրոնների համար. մյուզիքլի ձևաչափը հատկապես սիրված է երեխաների կողմից ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանի փոքրիկ հանդիսատեսն ունի մեծ պահանջ գունեղ, հումորային և երաժշտությամբ հարուստ ներկայացումների նկատմամբ։
Ներկայացման մեջ ընդգրկված է մեծ դերասանական կազմ, բեմադրական հնարքներն ու լուսային հարուստ լուծումները ևս շուք են հաղորդում բեմադրությանը։
«Համոզված եմ, որ հայրենական մյուզիքլի ժանրը մեծ ապագա ունի մեր երկրում»,-ամփոփում է Վահե Հայրապետյանը։




