
Գալինա Ցոլակյանը երիտասարդ, բայց արդեն հայրենական բեմում իր տեղը հաստատած երգչուհի է, որի կատարողական արվեստը ընդգրկում է լայն երգացանկ՝ օպերայից մինչև կամերային, ինչպես նաև հայ ավանդական և դասական երաժշտություն։
«Պատանի հասակից երազել եմ բեմի մասին և բարեբախտություն եմ համարում, որ իմ ճանապարհին ինձ ուղղորդել են հմուտ և նվիրված մասնագետներ։ Այնպես ստացվեց, որ կոնսերվատորիայի տարիներից և՛ օպերային, և՛ կամերային երաժշտությունը հավասարաչափ գերել էին ինձ, և ես գրեթե միաժամանակ շարունակեցի իմ ընթացքը կոնսերվատորիայի օպերային ստուդիայում և «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլում»,-պատմում է երգչուհին։
Բավական էր ընդամենը մեկ լսում, որպեսզի նա ստանար հրավեր երգելու «Տաղարան»-ում։ Անսամբլի ղեկավար Սեդրակ Երկանյանը նկատել էր երիտասարդ երգչուհու տաղանդը և հրավիրել աշխատանքի։
Օպերային ստուդիայում Գալինա Ցոլակյանը հանդես է եկել մի շարք դերերգերով՝ կարևորելով այդ փորձառությունը որպես մեծ բեմին նախապատրաստվելու կարևոր քայլ։
Վերջերս՝ մայիսի 29-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած մենահամերգում երգչուհին հանդես եկավ ընդգրկուն ծրագրով, որի մեջ ընդգրկված էին Հենդելի, Բալի, Վիվալդիի, Շտրաուսի և այլ հեղինակների ստեղծագործություններ։
«Շատ եմ կարևորում այս մենահամերգը, քանի որ հնարավորություն ունեցա նվագախմբի նվագակցությամբ կատարել հնագույն, դասական և հայկական երաժշտություն՝ ընդգրկելով ծրագրում իմ ամենասիրելի ստեղծագործությունները»,-նշում է Գալինա Ցոլակյանը։
Նա ակտիվորեն մասնակցում է մշակութային միջոցառումների՝ սատարելով երիտասարդ ստեղծագործողներին և կատարելով նրանց գործերը։ Դրա վառ օրինակներից է նրա մասնակցությունը Ա. Խաչատրյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին։




