Երկրորդ շնչառություն

Պարտադիր առողջապահական ապահովագրություն՝ երկար սպասված բարեփոխում․ «Երկրորդ շնչառություն»

Առողջության պարտադիր ու համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը մեր երկրում քննարկվում է արդեն գրեթե մեկ տասնամյակ և այժմ ավելի քան երբևէ մոտ է իրականություն դառնալուն։ Դրանից ամենաշատը շահելու են կենսաթոշակառուները, որոնք այլևս չեն վախենալու բժշկական ծախսերից։ Պետությունն այս համակարգը ներդնելիս առաջնորդվում է սոցիալական համերաշխության սկզբունքով։

«Ապահովագրությամբ մենք լուծում ենք բժշկական օգնության հասանելիության հարցը ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ ապահովելով նրանց բժշկական ծախսերը։ Որևէ քաղաքացի սեփական գրպանից չպետք է վճարի այդ բուժման համար ծառայության մատուցման վայրում»,-ասում է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Հաշմանդամության կարգ կամ անապահովության կարգավիճակ չունեցող շուրջ կես միլիոն կենսաթոշակառուներ այսօր շատ հաճախ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ գումար չունենալու պատճառով։

«Եթե կենսաթոշակառուն չունի գումար, իսկ զավակներն ու բարեկամներն էլ չեն կարողանում այն տրամադրել, նա հայտնվում է անելանելի վիճակում, չի դիմում բժշկի, չի ստանում բուժում։ Տուժում է նրա կյանքի որակը, որոշ դեպքերում՝ կրճատվում է կյանքը»,-բացատրում է դասախոսը։

Կենսաթոշակառուների համար կլուծվեն նաև փոքր, բայց մշտական ծախսերը՝ կապված առողջության հետ, ինչպես օրինակ՝ դեղորայք, օժանդակ պարագաներ և նյութեր։

Նախատեսվում է, որ այս բարեփոխումն իրականություն կդառնա արդեն 2027 թվականին։ Աշխատող քաղաքացու համար ապահովագրության տարեկան բեռը 170 հազար դրամից ավելի չի լինի։

Կարդացեք նաև

Back to top button