
Ավանդական երաժշտության շարունակականությունն ապահովվում է սերնդափոխությամբ, վարպետից վարպետ փոխանցվող գիտելիքով ու հմտություններով։ Գևորգ Դաբաղյանը դուդուկի արվեստում հանդես է գալիս որպես կատարող երաժիշտ և մանկավարժ՝ դառնալով սերնդափոխության շղթայի կարևոր մասնիկը։ Նա ոչ միայն հարստացնում է հայկական ժողովրդական ավանդույթը, այլև հանրահռչակում դուդուկը ամբողջ աշխարհում։
- ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում,
- 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը,
- 1989 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը,
- 1992 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Խաչատուր Ավետիսյան),
- 1980–1992 թվականներին Դաբաղյանը եղել է «Ակունք» անսամբլի մենակատար,
- 1992 թվականին հիմնել է «Շողակն» ժողովրդական անսամբլը,
- 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Նրա կատարումները բազմիցս ձայնագրվել են Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում։ Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն։ Թողարկել է մի շարք ալբոմներ, այդ թվում՝ Կոմիտասի անվան քառյակի (2004), Հայաստանի կամերային նվագախմբի (2004), ինչպես նաև արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004) հետ համատեղ։
Գևորգ Դաբաղյանի դուդուկի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ» և Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր։
2025 թվականին նշվում է սիրված երաժշտի 60-ամյակը, և տարին նշանավորվելու է հոբելյանին նվիրված մի շարք մշակութային իրադարձություններով։




