Երաժշտական եռանկյունի

«Ջեներալ բաս»․ բարոկկո երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթ՝ առաջին անգամ Հայաստանում․ «Երաժշտական եռանկյունի»

«Ջեներալ բաս» բարոկկո երաժշտության միջազգային մրցույթի հիմնադիր, դաշնակահարուհի և մանկավարժ Իզաբելլա Պարոնյանի և մրցույթի համակարգող Դավիթ Դավթյանի հետ զրուցում ենք մրցույթի նպատակների, պայմանների և կարևորության մասին:

«Երկար տարիներ զբաղվելով մանկավարժությամբ՝ նկատել էի, որ հատկապես բարոկկո շրջանի երաժշտության դասավանդումը պատշաճ մակարդակի չէ: Հասկանում էի, որ պետք է ստեղծել հնարավորություն, որը կխթանի հետաքրքրությունը այդ ժամանակաշրջանի երաժշտության նկատմամբ: Երկար մտորումներից հետո եկա մրցույթի գաղափարին, և այս տարի առաջին անգամ այն անցկացվելու է Հայաստանում, միջազգային կարգավիճակով, բարձր ժյուրիով և դրամական պարգևներով»,-ասում է Իզաբելլա Պարոնյանը, որը մեծ մասնագիտական փորձառություն ունի, աշխատել է որպես դասախոս Հայաստանի մի շարք առաջատար երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա սաները բազմիցս արժանացել են ազգային և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:

Իզաբելլա Պարոնյանը «Պարոնյան երաժշտական դպրոցի» հիմնադիրն ու տնօրենն է: Նրա ղեկավարությամբ կազմակերպվում են կրթական և մշակութային միջոցառումներ, ինչպես նաև այս «GeneralBass» բարոկկո երաժշտության դաշնամուրային միջազգային մրցույթը, որի նպատակն է բարոկկո երաժշտության տարածումը երիտասարդ երաժիշտների շրջանում:

Իզաբելլան նաև «Կախարդական դաշնամուր» կրթական ձեռնարկի հեղինակն է և արժանացել է բազմաթիվ պարգևների ու պատվոգրերի՝ երաժշտական արվեստի և մանկավարժության ոլորտում ունեցած ավանդի համար: Նրա աշխատանքը բարձր է գնահատվել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության, ինչպես նաև միջազգային երաժշտական մրցույթների կողմից Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Բուդապեշտում, Աբու Դաբիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքներում:

«Մեր մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել կայքում, ծանոթանալ մրցութային երկու փուլերի պայմաններին և մասնակցել: Տարիքային դիապազոնը 9-35 տարեկան է»,-եզրափակում է մրցույթի համակարգող Դավիթ Դավթյանը:

«Ջեներալ բաս» մրցույթը երիտասարդ կատարողների համար լավ հարթակ է միջազգային մակարդակով ներկայացնելու համար սեփական տաղանդն ու կատարողական արվեստը:

Կարդացեք նաև

Back to top button