ՀարցուԳԻՏԱփորձ

Մենք էլ երբեք այսքան շատ չե՞նք լինելու․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«300 000 տարի պահանջվեց, որ աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի, բայց 200 տարուց ավելի պահանջվեց, որ էդ թիվը եռապատկվի և քառապատկվի, և էս պահին մենք ունենք 8 միլիարդ բնակչություն»:

2022-ի նոյեմբերի 15-ին ծնվեց Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ բնակիչը։ Նոր մարդու ծնունդը նշելուց հետո ամենամտահոգվածներն ահազանգեցին՝ երկիրը մեզ «ծանր է տանում»․ անընդհատ ի հայտ են գալիս ջուր ու ոսկի, ոտքերը դնելու համար բավականաչափ մեծ հողակտոր ու նավթ, ծառ ու սնունդ պահանջող մարդիկ, իսկ Երկիրն արդեն մեծ է ու հին, Երկիրը հոգնում է։

«Կա մի երկիր, որտեղ վերջին տարիներին 200 միլիարդ դոլարից ավելի ներդրվել է, որ պարզ վերարտադրության գործակիցը բարձրանա։ 0.75 էր, բարձացել է 0.78․․․ 200 միլիոն ֆինանսական ներդրումից հետո։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել՝ արդյո՞ք հասել ենք մարդաշատության գագաթնակետին։

Մեզ շատացնող իներցիան շուտով կմարի։ ՄԱԿ-ը դեռ 2022-ի իր զեկույցում էր նշել՝ բնակչությունը կաճի ավելի դանդաղ տեմպով, 2080-ականների սկզբին կհասնի 10.4 միլիարդի, ինչ-որ շրջան կծնվի այնքան մարդ, որքան մահանում է, իսկ դարավերջից թվացյալ անբեկանելի դեմոգրաֆիկ կորը կթեքվի դեպի ներքև․ բժիշկներն ավելի հաճախ մահ կարձանագրեն, ավելի հազվադեպ՝ ծնունդ։

Այս կանխատեսումն ապոկալիպտիկ սպասումներ չառաջացրեց․ նախ գուցե այն պատճառով, որ այսօր ապրող ոչ մի մարդ չի հասցնելու տեսնել այն օրը, երբ ծնունդ/մահ հարաբերակցությունը կհասնի անդառնալի կետի ու կմահանա մոլորակի վերջին մարդը։ Իսկ մենք հատկապես մեզ վերաբերող բացասական ֆանտազիաները սնելու սովորություն ունենք։

Մարդն այս կանխատեսումը սարսափի փոխարեն մտահոգությամբ ընդունեց գուցե նաև ի պատիվ աշխարի բոլոր կետերում գրվող հազարավոր էջերի, որոնք հիմնականում «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն» վերնագիրն ունեն։

Ինչի՞ մասին են այդ էջերը, ինչո՞ւ են «Մարդիկ շատ են ու քամում են մոլորակի ռեսուրսները՝ վտանգավորության աստիճան» ու «Մարդկանց թվաքանակը նվազում է՝ վտանգավորության աստիճան» մտահոգությունները հնչում գրեթե նույն ուժգնությամբ, ի՞նչ են ուզում ժողովրդագիրները ու ի՞նչ են անում ուզածին հասնելու համար, մենք էլ երբեք այսքան շատ չե՞նք լինելու․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

***

«Դուք ասում եք` ի՞նչ կլինի հետո, ո՞ւր կհասնենք։ Բերեմ հենց Հայաստանի Հանրապետության պատկերը․ մենք արեցինք ժողովրդագրական կանխատեսում 2050 թվականի համար՝ ի՞նչ ունենք էս պահին, ի՞նչ կունենանք 2050 թ.–ին։ Բավականին շատ ջանք ներդրվեց, 125 տարվա ընթացքում բնակչության թվաքանակը վերանայեցինք, հասկացանք` երբ ենք ունեցել մեծ արտագաղթ, երեխաների ծնելիությունը ինչ է եղել, մի խոսքով՝ հասանք ինչոր մի թվի։ Բայց 2024 թ.–ին մենք ստիպված էինք կանգնեցնել էդ պրոցեսը, հետ գնալ ու նորից անել էդ կանխատեսումը։ Ինչու՞: Որովհետեւ եղան տարատեսակ իրադարձություններ, որոնք ազդեցին ժողովրդագրական պատկերի վրա։ Մենք ունեցանք ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում Հայաստան եկան Ռուսաստանի Հանրապետության քաղաքացիներ, մենք ունեցանք 120 000 մարդու ներհոսք Հայաստանի Հանրապետություն եւ էդ ամեն ինչը՝ անգամ 10 000 մարդու կտրվածքով, կարողանում է փոխել ժողովրդագրական պատկերը»։

Մեր հարցերին պատասխանողն այսօր Հայաստանի ժողովրդագրական պատկերին թերևս ամենալավատեղյակ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ժողովրդագրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բադալյանն է լինելու։ Նախ՝ քիչ առաջ հիշատակված երկարաժամկետ հետազոտության ամփոփումը՝ մի քանի վայրկյանում․ 

— էլի կունենանք բնակչության նվազում, բայց եթե կարողանանք ճիշտ արձագանքել, հնարավոր է, որ մեղմվի այդ նվազումը։ Եթե էս պահին ունենք 3 միլիոն մշտական բնակչություն, մեր կանխատեսմամբ 2050-ին դառնալու է 2.6 միլիոն, բայց կարող ենք էնպես անել, որ 2.6 միլիոնից ավելի շատ չնվազի։
— էս 2.6-ը 2024-ից հետո արված հետազոտության արդյունք է, իսկ մինչև դա ինչքա՞ն էր կանխատեսվում։
— Գրեթե այդքան, տարբերությունը 100 000-ների է, բայց ժողովրդագրական սցենարները քննարկելիս անգամ 10 000 մարդու գործոնները կարող են ազդեցություն ունենալ գլոբալ մակարդակում։

Մերժում, զայրույթ, սակարկում, դեպրեսիա, ընդունում․ մարդկության թվաքանակով լրջորեն անհանգստացողները հավանաբար այս 5 փուլերով են անցնում։ Ժողովրդագիրները այլ 5 փուլերի են հետևում։ Տաթևիկ Բադալյանն ասում է՝ այս հարցը դիտակվում է երկու՝ ընդհանուր մոլորակի բնակչության, և այն պայմանավորող առանձին երկրների բնակչության շարժերի տեսանկյուններից։ Աշխարհի բոլոր երկրները անցնում են ժողովրդագրական պատկերը ներկայացնող հետևյալ փուլերով։  

«Երբ խոսում ենք 1-ին փուլի մասին, էստեղ ունենք շատ բարձր ծնելիություն, բայց նաև բարձր մահացության մակարդակ։ Բնակչության թվաքանակը մնում է անփոփոխ, որովհետև շատ երեխաներ ծնվում են, բայց նաև շատ մարդիկ մահանում են։

  • 2-րդ փուլը․ մահացությունը մի փոքր նվազում է, բայց ծնելիությունը շարունակում է աճել։ Սա արդեն վաղ ընդլայնումն է, և սրանով էր պայմանավորված, որ բնակչության թվաքանակը սկսեց կտրուկ աճել, որովհետև առողջապահական, սոցիալական համակարգերը բարելավվեցին և մահացությունը նվազեց։
  • 3-րդ փուլը․ խոսում ենք ուշ ընդլայնման մասին։ Էստեղ մահացության մակարդակը դեռևս նվազում է, ծնելիությունը հակված է նվազման, բայց դեռ չի նվազում էնքան, ինչքան որ լինում է հաջորդական փուլերում։ Ասիական, աֆրիկյան երկրներում, նմանատիպ պատկեր կարող ենք ունենալ։
  • 4-րդ փուլում կայուն իրավիճակն է, երբ ծնելիության և մահացության ցուցանիշները մոտենում են իրար, թեև մահացությունը մի քիչ ավելի քիչ է լինում, ուստի թեև հակված է նվազման, բայց ամեն դեպքում ունենում ենք բնակչության մոտավորապես կայուն մակարդակ, և
  • 5-րդ փուլը, որին հասնում են էդ ժողովրդագրական անցումով անցնող գրեթե բոլոր երկրները, արդեն ծնելիության մակարդակն էլ է նվազում, և էստեղ բնակչությունը ընդհանուր սկսում է նվազել։

Հայաստանը 4-րդ փուլում է։ Ամեն երկիր գնահատում է իր դիրքն ու ձեռնարկում քայլեր։ Կարևոր է արձանագրել, որ այդ քայլերը միշտ չէ, որ աճի նպատակ ունեն։ Խնդիրրը ոչ թե շատ, այլ կայուն լինելն է՝ ասում է Բադալյանը։

«Օրինակ Հնդկաստանում մայրական արձակուրդը կամ աշխատանքի պահպանումը, մինչև մայրը գտնվում է մայրական արձակուրդում, միայն ազդում է առաջին 2 երեխաների վրա, եթե կինը ունենում է արդեն 3-րդ, 4-րդ երեխան, ոչ մի պետական ծրագրից նա չի կարող օգտվել՝ լինի դա ֆինանսական, թե աշխատանքային քաղաքականությունների տեսանկյունից, և ունենք այլ պատկեր Եվրոպական երկրներում, որտեղ ընտանիքահեն միջավայրն է խրախուսվում, էնպիսի քաղաքականություններ են ներդրվում, որ մարդիկ կարողանան համատեղել աշխատանքը և երեխայի խնամքը, որ արդեն էդտեղ ունենանք ծնելիության բարձրացում: Եվ էս 2 երկրների համեմատությունն էլ թույլ է տալիս հասկանալ, որ իրականում մենք տարբեր քաղաքականություններով ուզում ենք 1 բան` էդ երկրի շրջանակներում ապահովել էն մարդկանց կայուն զարգացումը ու երկրի ընդհանուր կայուն զարգացումը»։

Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տվյալների՝ մեր երկրում մարդիկ ավելի շատ երեխա ուզում են, քան ունենում։ Եվ քանի որ մենք, ակնհայտորեն, այնքան շատ չենք, որ այդ ցանկությունը զսպելու ջանքեր գործադրենք, հայաստանյան ռազմավարությունը խիստ տարբերվում է, օրինակ, հնդկականից։ «Ի՞նչ իրավիճակ ունենք»-ից հետո տրամաբանական կլինի պարզել՝ «ի՞նչ անենք ունեցած իրավիճակի հետ»։ Բայց առաջարկում ենք գնալ մի փոքր հետ ու հասկանալ՝ «ինչո՞ւ ունեցանք այս իրավիճակը»։

Կար ժամանակ, երբ երեխա ունենալը ոչ թե որոշում էր, այլ դեպքերի անքննելի ընթացք, երբ ցեղերում ապրող միջին վիճակագրական կնոջ հիմնական առաքելությունը ուժերի ներածի չափ երեխա ունենալն էր։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ մենք հանդգնեցինք որոշել կամ ցանկանալ․

«Առաջ ինչի՞ էին շատ երեխաներ ունենում․ գործոններից մեկն այն էր, որ կյանքի միջին տևողությունը երկար չէր։ Շատ բալիկներ անգամ 1 տարեկանի սահմանը չէին կարողանում հասնել, և մարդիկ շատ երեխա էին ունենում, որ գոնե կեսը կարողանան գոյատևել և իրենց սերունդը շարունակել։ 2-րդ գործոն․ մարդիկ սկսեցին ունենալ էն երեխաներին, որոնց ցանկանում էին: Իսկ էստեղ մենք հասնում էինք թերևս ամենակարեւոր կետին, դա մարդու իրավունքներն են․ ի վերջո, սա պարտադրանք չի, և մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք ապահովել էն միջավայրը, որ նրանք կարողանան իրացնել էդ մարդու իրավունքը»։

4-րդ և 5-րդ փուլերին հասած պետությունները տեսնում են, որ իրենց երկրների բնակիչները տարեցտարի ավելի քիչ են լինում ու չկա որևէ նշան, որ մի օր կշատանան ու որոշում են, որ ավագ սերնդի համար՝ հաճելի ծերություն, երիտասարդների համար՝ առողջ միջավայր, երեխաների համար՝ անվտանգ մանկություն ապահովող ծրագրեր իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Գուցե այս լուծումներն առաջին հայացքից այնքան էլ թիրախային չեն թվում, բայց, ըստ Տաթևիկ Բադալյանի, առողջ ծերացող մարդն անմիջական կապ ունի նոր ծնվող երեխայի հետ․  

«Որովհետև մարդկային կապիտալի վրա շեշտը դնելով` մենք նաև խթանում ենք ցանկալի բնակչության աճը։ Ըստ մեր հետազոտությունների, Հայաստանում մարդիկ ցանկանում են ունենալ 3 և ավելի երեխա, բայց ունենում են 1–ը կամ 2–ը, և մենք ունենք էդ պատուհանը հիմա, որպեսզի օգնենք իրենց։ Եթե մենք կարողանանք ստեղծել էն ընտանիքահեն, դրական, մարդակենտրոն միջավայրը, որ մարդիկ ուզենան էստեղ ապրել և երեխաներ ունենալ, ապա ըստ էս ռազմավարության 2050-ին 55 000 ավել բալիկ կծնվի, որովհետեւ կինը կփորձի ավելի շատ օգտվել էդ հավասար աշխատանք և երեխա քաղաքականությունների համադրությունից և ամեն դեպքում աճ կգրանցվի»։

Բնակչության թիվը չի տատանվում միայն նոր ծնվող կամ չծնվող երեխաների հաշվին։ Երբեմն մարդիկ մահանում են այն դեպքերում, երբ հանգիստ կարող էին նաև չմահանալ․ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազումը ու առողջապահական համակարգի բարելավումը կլուծեն այդ խնդիրը։ Երբեմն էլ մարդիկ հեռանում են․ ոչ թե կյանքից, այլ երկրից։ Եվ սա ևս կառավարելի խնդիր է․

— Մենք ունենք միգրացիայի երևույթը, որը արտացոլված է մեծամասամբ վերարտադրողական տարիքի մարդկանց շրջանակներում, այսինքն` պետք է այնպես անել, որ վերարտադրողական տարիքի և այլ տարիքներում գտնվող մարդիկ շարունակեն ուզել մնալ Հայաստանում, էստեղ աշխատել, ապրել ու բալիկ ունենալ։ Սա մի այլ կոմպոնենտ է, որովհետև վերջին տարիներին, ցավոք, ավելի շատ մարդ է մեկնել Հայաստանից, քան վերադարձել։
— Նույնիսկ վերջի՞ն տարիներին է այդ ցուցանիշը։
— Այո, ես նոր նայում էի ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության և վիճակագրական կոմիտեի վերջին՝ 23 թվականի հետազոտությունը։ Ընդհանուր առմամբ Հայաստանից 237 000 անդամի շարժ է գրանցվել և ընդամենը 58 000-ն է վերադարձել էս 237 000-ից, ինչը էլի խոսում է էն մասին, որ մենք կարեւոր գործ ունենք էստեղ անելու։

Ինչ-որ պահի մարդիկ էլ չեն ավելանա։ Բոլոր կանխատեսումներն ու ռազմավարությունները բղավում են՝ սա անխուսափելի է։ Մարդկությունը դեռ էլի կփորձի ապահովել իր ներկայությունը Երկիր մոլորակի վրա՝ անելով առաջին հայացքից պարզ բաներ՝ ծնվելով, ապրելով, միջավայրն ուժերի ներածին չափ հարմար դարձնելով, առողջ հերթափոխն ապահովելով։ Այսքան սովորական բառերով նկարարվող գործողություններն իրականացնելու համար հարյուրավոր գիտնականներ հազարավոր էջեր կգրեն, միլիարդավոր մարդկանց կյանքին ու վարքին կհետևեն՝ քաոսային զարգացումների մեջ կայունություն ստեղծելու հնարավորությանը հավատալով։

Կարդացեք նաև

Back to top button