
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին ունեցել են վերջին ամսվա ընթացքում երրորդ և տարեսկզբից ի վեր հինգերորդ հեռախոսազրույցը։
Հիմնական թեմաներից մեկը Իսրայելի և Իրանի միջև լարվածությունն է եղել։ Պուտինը նաև շնորհավորել է Թրամփին ծննդյան կապակցությամբ. ամերիկացի առաջնորդը հունիսի 14-ին դարձել է 79 տարեկան։
Նախորդ հեռախոսազրույցները տեղի են ունեցել մայիսի 19-ին և հունիսի 4-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից անմիջապես հետո։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել Է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը, ինչպես նաև հայտնել է հակամարտության կողմերի միջև միջնորդություն իրականացնելու ՌԴ-ի պատրաստակամության մասին:
Նշվում է, որ նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադարձը:




