«Լոֆթ Երևան» կենտրոններում հունիսից գործում է տարեցների երգչախումբ, այն նախատեսված է 55 և ավելի տարեկան այն մարդկանց համար, որ ամեն շաբաթ օր երգելու ցանկություն կունենան:
«Երգում ենք հիմնականում հայկական ժողովրդական ու կոմիտասյան երգեր, որոնք ապացուցված է, որ բարերար ազդեցություն ունեն մարդու առողջության վրա»,- ասում է երգչախմբի ղեկավար, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը՝ հավաստիացնելով, որ երաժշտական կրթությունը կամ նախկինում երգով զբաղվելը պարտադիր պայման չէ երգչախմբին միանալու համար:
Երգելու ցանկությունը լիովին բավարար է: Կարևոր հանգամանք է, որ զավակներն էլ գիտակցեն ծնողի զբաղմունքի համար վճարելու անհրաժեշտության մասին այնպես, ինչպես դա անում են զավակի պարագայում:
«Լոֆթ» կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանը ներկայացնում է իրենց՝ «Բոլորն այստեղ են» կարգախոսն ու ասում, որ հասարակության բոլոր խավերն ու տարիքային խմբերը լուրջ տեղ ու կարևորություն ունեն իրենց համար: Մանուկների համար կազմակերպելով համերգներ՝ գաղափար է առաջացել տարեցներին էլ ներգրավել համանման մի նախաձեռնության մեջ:
«Առողջ ու երեխայակենտրոն հասարակություն ձևավորելու և ունենալու համար մենք պետք է հոգ տանենք մեր մեծերին: Հոգ տանել չի նշանակում նրանց կենացը խմել, երբեմն էլ վառ հիշատակի համար, այլ ապահովել հագեցած ու հոգեպես առողջ կյանք»,-համոզված է Արևիկը:
Նա իր մոր օրինակով է հասկացել, որ միայն զավակների հերթապահ զանգերը բավարար չեն, մեր ծնողները նույնպես կարիք ունեն հաստատել նոր սոցիալական կապեր, ձեռք բերել նոր հմտություններ, վայելել նոր գույներ և ապրել վառ փորձառություններ:
Երգչուհի Հ. Բաղդասարյան-Դոլուխանյանի խոսքերով, երգելուց բացի տարեցները հնարավորություն ունեն նոր ընկերներ ձեռք բերել, շփվել միմյանց հետ, վայելել հյուրասիրությունը: Կանոնավոր կերպով երգողները կարող են հետագայում միանալ Տարեցների երգչախմբին:
Ուշագրավ է, որ ամեն շաբաթ տարեցները երգելու համար Երևան են գալիս մոտակա մարզերից, այդ հարցում պասիվ չեն պապիկները:




