ԿարևորՄիջազգային

Իսրայելցի զինվորականները հարվածել են Գազայում հումանիտար օգնության բաշխման կետին․ 11 մարդ զոհվել է

Պաղեստինյան «Ալ Աքսա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում հումանիտար օգնության բաշխման կետն Իսրայելի կողմից հրետակոծության է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 125-ը։

«Այսօր առավոտյան Ռաֆահում օգնության բաշխման կետի վրա իսրայելական օկուպացիոն ուժերի հարվածի հետևանքով 11 մարդ զոհվել է, 125-ը՝ տուժել», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

Մայիսին Իսրայելի իշխանությունները հայտարարել էին Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու նոր ծրագրի մասին, որի համաձայն օգնությունը պետք է բաշխվի ՀԱՄԱՍ-ի ներկայությունից պաշտպանված տարածքներում։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները վերսկսելու ծրագիրը նպատակ ունի բռնի կերպով տեղահանել պաղեստինցի բնակիչներին այդ տարածքից։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաշխելու Իսրայելի կողմից ղեկավարվող մեխանիզմը ձախողվել է և թակարդ է, որը վտանգի է ենթարկում քաղաքացիական բնակչությանը։ Գազայի իշխանությունների տվյալներով՝ մայիսի 27-ից ի վեր Գազայի հատվածում օգնության բաշխման կետերի մոտ իսրայելական ուժերի կողմից սպանվել է ավելի քան 100 մարդ։

Կարդացեք նաև

Back to top button