Երկրորդ շնչառություն

Վարիկոզից վախենալ պետք չէ՝ անգամ 60-ից հետո․ «Երկրորդ շնչառություն»

Ստորին վերջույթներում ցավ, այտուց, թմրածություն, հոգնածություն՝ այս ամենը վարիկոզի ախտանշաններ են, որոնք անտեսելու կամ ինքնուրույն բուժելու փորձերի փոխարեն հարկավոր է դիմել բժշկի։

«60 և ավելի տարեկանների մոտ սովորաբար հիվանդությունն ի հայտ է գալիս լուրջ բարդություններով, քանի որ այն ոչ թե կարճ ժամանակում, այլ տարիների ընթացքում է զարգանում»,-ասում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Սերոբ Անանիկյանը։

Երակների լայնացումը՝ վարիկոզ հիվանդությունը, բավականին տարածված է 60 և ավելի տարեկան անձանց շրջանում։ Դրա պատճառը կարող են լինել ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, անառողջ կենսակերպը։ Էական հանգամանք է նաև ժառանգական գործոնը։

Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում խնդիրը կարող է բարդանալ մինչև տրոմբի առաջացում, ինչը որոշ դեպքերում կարող է սպառնալ մարդու կյանքին։ Բժիշկ Անանիկյանը նշում է, որ մեզանում մարդիկ, որպես կանոն, չեն շտապում դիմել բժշկի՝ գերադասելով տնական միջոցներով կամ ծանրաբեռնվածությունը թեթևացնելով լուծել խնդիրը, ինչը, սակայն, արդյունավետ չէ։

Առաջին այցելության ժամանակ կատարվում է ախտորոշում՝ դուպլեքս հետազոտության միջոցով, և, կախված հիվանդության բարդության աստիճանից, որոշվում է, թե որ եղանակով է հարկավոր վիրահատել բուժառուին։

«Տարիքային սահմանափակում չկա ո՛չ բաց վիրահատության, ո՛չ էլ լազերային կոագուլյացիոն միջամտությունների դեպքում։ Միջամտությունից մեկ օր անց բուժառուն իր ոտքով՝ առանց ցավի, վերադառնում է տուն»,-ասում է նա՝ եզրափակելով, որ վարիկոզ հիվանդությունը կանխարգելելու և հաղթահարելու լավագույն երկու եղանակները քայլելն ու լողալն են։

Կարդացեք նաև

Back to top button