Հասարակություն

Բացելով առողջապահական համակարգի դուռը արհեստական բանականության առաջ․ նոր գործիքը կվերլուծի անալիզների արդյունքները

Հայաստանյան առողջապահական համակարգում լաբորատոր տվյալները կվերլուծի արհեստական բանականությունը։ Հայկական ստարտափը մշակել է համակարգ, որը բուժառուի թույլտվության դեպքում կարող է հետևել նրա առողջական վիճակին, վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և անհատականացված առաջարկներ անել։ Համակարգի միջոցով բուժառուն տեսնում է նաև ժամանակի ընթացքում իր առողջական վիճակի փոփոխությունները, շեղումների հնարավոր պատճառները և այն մասնագետների ցանկը, որոնց պետք է դիմի լաբորատոր ստուգումից հետո այս կամ այն պատասխանը ստանալուց հետո։

Գնում եք լաբորատորիա, հանձնում անալիզներ, ստանում դրանց պատասխանները ու մնում շվարած․ անհասկանալի թվերն ու բժշկական տերմինները վերլուծելու անկարողության զգացումն այս իրավիճակում թերևս ամենահաճախադեպներից է։ Խնդիրը լուծելու՝ սովորական մարդու գլխից անորոշության շղարշը ցրելու և թիրախային բուժօգնության դիմելու հնարավորություն տալու նպատակով հայկական Docus ստարտափը մշակել է նոր գործիք՝ բացելով առողջապահական համակարագի դուռը արհեստական բանականության առաջ։ Ստարտափի համահիմնադիր, տնօրեն Ռոբերտ Սարգսյանն է մանրամասնում։

«Մինչև այսօր մարդիկ մտնում էին Google ու որոնում էին իրենց սիմպտոմները։ Բայց Google-ը երբեք չի կարող հաշվի առնել տվյալ անձի ամբողջ բժշկական պատմությունը։ Հիմա՝ առաջին անգամ՝ մարդկային պատմության մեջ, ստեղծվել է տեխնոլոգիա, որը կարողանում է հաշվի առնել պացիենտի ամբողջ բժշկական պատմությունը՝ իր բոլոր նյուանսներով, ու տալիս է շատ խոր վերլուծություն։ Ալգորիտթմի հիմքում ընկած մոդելը Միացյալ Նահանգներում անցել է բժշկական լիցենզիայի քննություն, և նույնիսկ հավաքել է մի քիչ ավելի բարձր միավոր, քան միջին բժիշկը»։

Հավելվածը բուժում, դեղատոմս չի առաջարկելու։ Սա ինչ-որ առումով լաբորատոր պատասխանը բժշկական լեզվից պարզ մարդկային լեզվի թարգամանող ծառայություն է։ Բուժառուի թույլտվությամբ գեներացվում է անձնական էջ, ուր մուտք գործելով՝ պացիենտը կարող է տեսնել լաբորատորիայում անցած իր բոլոր հետազոտությունների պատասխանները։

«Սեղմելով կոճակը՝ տեսնում ենք ամբողջական վերլուծություն․ ո՞վ է պացիենտը, ի՞նչ հետազոտություններ է անցել, որո՞նք են շեղված ցուցանիշները, ամեն մի շեղված ցուցանիշ ի՞նչ կարող է վկայել, ի՞նչ է նշանակում շեղված ցուցանիշը։ Կլինիկական նշանակության հատվածում արհեստական բանականությունը համադրում է բոլոր շեղված ցուցանիշները և բացատրություններ տալիս, թե ընդհանուր առմամբ սա ինչ կարող է նշանակել։ Այնուհետև տալիս է խորհուրդներ՝ ռիսկերի գործոնների կառավարման գծով, կենսակերպի փոփոխության գծով, ինչպես նաև տալիս է այն  մասնագետների ցանկը, որոնց ճիշտ է դիմել տվյալ շեղված ցուցանիշների պարագայում»։

Արհեստական բանականության այս առաջարկից օգտվող առաջին լաբորատորիան «Բլադ սելս»-ն է։ Տնօրեն Արման Հովհաննիսյանը բացատրում է՝ մինչև համակարգը գործարկելն ու բուժառուներին առաջարկելը լուրջ քննություն են կատարել։

«Մինչև վերջնական փուլին հասնելը մենք փորձարարական աշխատանքներով հնարավոր բոլոր ալգորիթմները ճնշել ենք, որպեսզի արհեստական բանականությունը մեզ տա այն, ինչը պետք է, ինչը ճիշտ է։ Ու վերջնականորեն համոզվելուց հետո, տարբեր փորձարկումներ անելուց հետո նոր պրոդուկտները շրջանառության մեջ են դրվել։ Շատ կարևոր ու մեծ աշխատանք է կատարվել, որովհետև մենք պետք է ստանանք մի պրոդուկտ, որը պետք է համապատասխանի ապացուցողական բժշկությանը, ժամանակակից ցուցումներին, և, ինչպես գիտեք, բժշկության մեջ սխալները չեն ներվում, և էդ մեծ աշխատանքի շնորհիվ մենք, ի վերջո, փառք ու պատիվ մեր բոլոր գործընկերներին, մեր թիմին, ունեցանք մի պրոդուկտ, որում, մեծ հաշվով, անսխալ վերլուծություններ են կատարվում»։

Արհեստական բանականության կիրառման տեսանկյունից առողջապահության համակարգը պետք է առաջատար լինի՝ կարծում է ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ առաջիկայում նման գործիքների կիրառումն ավելի մեծ տարածում է ունենալու՝ բուժառուների ճիշտ կողմնորոշվելու, բժիշկների հեշտ աշխատելու հնարավորությունը մեծացնելու ակնկալիքով։

«Առողջապահության նախարարությունը ակտիվորեն ներգրավված է, և նաև առիթն օգտագործելով՝ խրախուսում են մեր տեխնոլոգիական ընկերություններին շարունակել այս ոլորտում կատարել թե՛ ներդրումներ, թե՛ գիտական աշխատանքներ և ստանալ կոնկրետ պրոդուկտներ։ Մենք պատրաստ ենք, բաց ենք՝ բոլորի հետ աշխատելու։  Իհարկե, որպես քաղաքականություն որոշողի՝ մեզ համար չափազանց կարևոր է նաև տվյալների անվտանգությունը, բժշկական գաղտնիքի ճիշտ պահպանումը, և սրանք այն հարցերն են, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու։ Բժշկական տվյալների վերլուծության և ընդհանուր առմամբ պահպանման ու կառավարման վերաբերյալ օրենսդրական որոշակի փոփոխությունների կարիք կա․ ամբողջ աշխարհը այսօր էթիկական և իրավական առումով փնտրտուքների մեջ է, թե ինչպես պիտի կարգավորի արհեստական բանականության կիրառությունը մեր կյանքում, և մենք էլ, հետևելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, անմասն չենք մնալու»։

Այս համակարգը գործում է դեռևս միայն մեկ լաբորատորիայում․ բուժառուների համար դրանից օգտվելը լինելու է անվճար։ Համակարգի ստեղծման վրա աշխատած բժշկական ու տեխնոլոգիական թիմն ակնկալում է տարածել այս գործիքի կիրառման շրջանակը՝ խթանելով ավելի գիտակից, սեփական առողջության նկատմամբ հոգատար, առողջապահական գործընթացներում ավելի ակտիվորեն ներգրավված հասարակության ձևավորումը։

Կարդացեք նաև

Back to top button