
Մեր ճանապարհորդությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվել է ամենը։ Վերջում գնում ենք դեպի սկիզբը․ Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմ։ Այստեղ հասնում ենք Երուսաղեմում ռուսական հոգևոր առաքելության ներկայացուցիչ Հայր Պոլիկարպի ուղեկցությամբ։
Հայր Պոլիկարպի ընտանիքն Արևմտյան Հայաստանից է, Էրզրումից։ Ընտանիքի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող թուրքը զգուշացրել է, որ առավոտյան ջարդեր են սկսվելու։ Ընտանիքով հասցրել են տեղափոխվել Ռուսական կայսրություն և փրկվել Ցեղասպանությունից։
Քրիստոսի ծննդավայրն առաջին հայացքից ամրոց է հիշեցնում։ Այն, որ եկեղեցու հետ գործ ունես, հուշում է միայն տանիքում գտնվող փոքրիկ զանգակատունը։ Մուտքի բարձրությունը մեծ չէ․ 120 սմ։ Ներս մտնելու համար անհրաժեշտ է խոնարվել։ Հենց այդպես էլ անվանում են մուտքը՝ Խոնարհության դարպասներ։ Սա հատուկ է արվել, որ սրբատեղին գրավողները չկարողանան ձիերով ներս մտնել։

Հատկապես դրսի շոգից հետո ներսում զով է։ Վեր ձգվող սյուները մի տեսակ փառավորություն են ներշնչում։ Իսկ պատուհաններից ներսը ողողող արևը զուգահեռ լուսե սյուներ է կանգնեցնում։ Սյուներից մեկի մակերեսին խաչի տեսքով 5 անցք կա, որոնցից, ասում են, մեղուների մի խումբ դուրս է թռել և վռնդել մի ջոկատի, որը տաճարը ձիերի ախոռի էր վերածել։
Ներսում երեք եկեղեցի է գործում՝ հայ առաքելական, ուղղափառ և կաթոլիկ-ֆրանցիսկյան։ Քրիստոնեության տարբեր ճյուղերը տարբեր օրերի են նշում Քրիստոսի ծնունդը։
Պահպանված խճանկարում գերակշռում է ոսկեգույնը․ միայն պատկերացնել կարելի է՝ ինչ շքեղ տեսք է ունեցել ամբողջական տարբերակը։

Սուրբծննդյան քարաձավը եկեղեցիների ծիսակարգի վայրն է։ Միաժամանակ այն սրբատեղի է, ուխտավորները ամբողջ մարմնով մեկնվելով հատակին աղոթում են դրա առջև։ Հատակին արծաթագույն աստղն է, բեթղեհեմյան հայտնի աստղը, որն օրը ցերեկով հայտնվել էր երկնակամարում և մոգերին ուղղորդում էր Աստծո որդու մոտ։ Ըստ պատմության՝ Հերովդեսը, մոգերից լսելով փրկչի ծննդյան մասին, հրամայում է սպանել Բեթղեհեմի մինչև երկու տարեկան տղա մանուկներին՝ հուսալով, որ նրանց մեջ կլինի նաև Հիսուսը։ Ընդունված է այդ մանուկներին համարել Քրիստոնեության առաջին նահատակներ։
Ըստ աստվածաշնչյան նկարագրությունների և տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված գեղարվեստական նկարների` Հիսուսը ծնվել է ախոռում՝ շրջապատված ընտանի կենդանիներով։ Այսօր քարայրը, որ համարվում է նրա ծննդատեղին, անշուք տեսք չունի․ վրան փոքրիկ խորան է ոսկեգույն ճաղավանդակով, սրբապատկերներով և ճրագներով, եկեղեցուն բնորոշ հանդերձներով։ «Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ», — մտաբերում եմ Աստվածաշնչի հայտնի խոսքը։
Այստեղ է գտնվում նաև ուղղափառ միակ սրբապատկերը, որտեղ Մարիամը ժպտում է։ «Ժպտացող աստվածածինը» պատկերում Մարիամը, որ թերևս պատկերացում չունի որդուն սպասվող խաչելության մասին։

Քրիստոսի ծննդավայրում եմ հասկանում՝ ինչ նկատի ունեին, երբ ասում էին, թե պատերազմից տուժել է նաև հոգևոր տուրիզմը։ Տաճարում, մեզնից բացի, ևս 4 մարդ կար։ Մինչ այստեղ հասնելը` մտահոգվում էինք հնարավոր հերթերից։
Վերադարձին մինչ սպասում էինք անցակետի հերթում, տեղի վաճառականները «Ալադին, Ալադին» ասելով, հասցրեցին վաճառել փոքրիկ գորգեր, բողկ և խուրմա։ Ընդ որում` Պաղեստինի տարածքում ևս վճարում էին իսրայելական շեկելով։
Այս ընթացքում հիշում էի օդանավակայանում ինձ հարցաքամ անողներին․ անկասելի ցանկություն ունեի նրանց պատմելու, թե որքան բարենպաստ ժամանակ է տուրիզմի համար, եթե մարդաշատ վայրերի սիրահար չես։




