
«Եդեսիայի Աբգար թագավորի սուրհանդակները թուղթ են տանում Երուսաղեմ»,- գրում է պատմահայր Մովսես Խորենացին։ Տանում են նրան, ով կույրերին լույս է տալիս, կաղերին՝ քայլեցնում, բորոտներին՝ մաքրում, հիվանդներին՝ բժշկում և անգամ մեռածներին՝ կենդանացնում։ Տանում են Քրիստոսին՝ խնդրանքով, որ գա ու բուժի թագավորին։ Աբգարն իր այս թղթում արքայական շռայլությամբ անգամ առաջարկում է կիսել իր քաղաքը Փրկչի հետ։
«Նաև լսեցի, թե հրեաները քեզանից տրտնջում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»։
Այս խնդրանքին Փրկչի հրամանով Թովմաս առաքյալը պատասխանում է․ «Երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին»։
Ըստ պատմահոր՝ Քրիստոսն Աբգարին է ուղարկում իր անձեռակերտ պատկերը, որն իր դեմքի հպումով դրոշմել էր դաստառակի (թաշկինակ, ձեռքի կամ երեսի սրբիչ) վրա։

Քրիստոսի դեմքը. Դաստառակ․ հեղ․՝ Վարդգես Սուրենյանց
Քրիստոնեության ընդունումից հետո Տրդատ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ գալիս է Սուրբ երկիր, հանդիպում կայսրի հետ և որոշում վերագտնել ու կառուցել սուրբ վայրերը։ Տիրոջ գերեզմանը վիճակով բաժին է ընկնում հայերին։ Շատերը նեղսրտում են դրանից, և Գրիգոր Լուսավորչի որոշումով բոլորը միասին են կառուցում տիրոջ գերեզմանը։
«Պատմություն կա, որ երբ Գրիգոր Լուսավորիչը գալիս է Երուսաղեմ, գերեզման չի մտնում՝ իրեն համարելով անարժան։ Շաբաթ օրը՝ Ճրագալույցի պատարագից առաջ, երբ մտնում է, բոլոր կանթեղները վառվում են։ Այդ հրաշքի համար նրան կոչում են Գրիգոր Լուսավորիչ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
Այդ ընթացքում Հայաստանի բոլոր իշխանական տոհմերը և թագավորական տունը սկսում են Սուրբ Երկրում վանքեր կառուցել` այնտեղ ուղարկելով հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Արդեն 7-րդ դարում 70-ից 80 վանք կար Երուսաղեմում։ 12-րդ դարում՝ Խաչակրաց արշավանքների ժամանակ, Կիլիկիայի հայ իշխաններ են գալիս Երուսաղեմ։ Երուսաղեմի՝ ազգությամբ կիսով չափ հայ Մելիսենդա թագուհու օրոք կառուցվում են Սուրբ Հակոբ վանքն ու Հրեշտակապետաց եկեղեցին, նաև վերականգնվում է Քրիստոսի գերեզմանի տաճարը։
Սուրբ վայրերը երբեմն ձեռքից ձեռք էին անցնում։ Օրինակ՝ 15-րդ դարում 5 անգամ Գողգոթան հայերից անցնում է վրացիներին, ապա՝ վրացիներից հայերին։ 17-րդ դարում այն անցնում է հույներին։
«Մենք Գողգոթան կորցնում ենք, բայց դիմացի տաճարի վերնատանը տեղ ենք գնում և խորան կառուցում, որն անվանում ենք երկրորդ Գողգոթա։ Այն նայում է բուն Գողգոթային, մինչև հիմա կա երկրորդ Գողգոթան», — պատմում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
Խաչակրաց շրջանից հետո Հայոց պատրիարքարանի շուրջ ձևավորվում է Հայոց թաղը։ Այսօր Երուսաղեմում կա 4 թաղամաս` մահմեդական, քրիստոնեական, հրեական և հայկական։ Այդ շրջանի ընտանիքներին անվանում են «քաղաքացի»։
«Ոչ թե գյուղացի-քաղաքացի իմաստով, այլ Երուսաղեմի բնակիչ լինելն ընդգծելու իմաստով։ Այդ ընթացքում եղել են հոգևորականներ, որոնք տարբեր տեղերից եկել, ժամանակավորապես բնակվել ու գնացել են, իսկ նրանք մնացել են, և նրանց մինչև հիմա ասում են քաղաքացի», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
Ցեղասպանությունից հետո հայ համայնքն ընդունում է 800 երեխայի։ Մանկատանն այդ երեխաներին «քաղաքացիները» արվեստ և արհեստ են սովորեցնում, անգամ ամուսնանալու օժիտն են պատրաստում։ 1929թ-ին բացվում է Թարգմանչաց վարժարանը։ Մինչև այդ, երբ քաղաքացիների թիվը փոքր էր, խառնամուսնություններից խուսափելու և հայությունը պահպանելու համար հարազատներին ամուսնացրել են իրար հետ։ Երբեմն էլ տարբեր մշակույթ ունեցող հայերը միմյանց հետ լեզու չէին գտնում։
«Եղեռնից հետո եկած հայերի միջև կոնֆլիկտներ ծագեցին, որովհտև նոր եկած հայերն արդեն մի քիչ ոտքի կանգնեցին և սկսեցին ծաղրել քաղաքացիների խոսելաձևը, սովորությունները։ Քաղաքացիներն էլ սկսեցին ասել՝ «Եկան առանց վարտիկ, դարձան մեծ մարդիկ»։ Եկածներին զօար (այսինքն՝ եկած) էին ասում և ամուսնության համար զավակ չէին տալիս», — պատմությունն է շարունակում Ղևոնդ վարդապետը։
Այսօր եկածներն ապրում են վանքի ներսում, իսկ քաղաքացիները՝ վանքի շուրջը։ 1925թ-ին Եղեռնից փրկվածներից մեկը դրսում մահանում է, քաղաքացիները որոշում են գումար հավաքել և թաղել։ Այդպես ստեղծվում է «Երուսաղեմի հայոց բարեսիրական միություն» ակումբը, որը սկսում է հոգ տանել կարիքավորների մասին, միջոցառումներ կազմակերպել որբերի և այրիների համար։ Մինչև այսօր ակումբը գործում է և պահպանելով ավանդույթը՝ Ամանորին հյուրասիրություն են կազմակերպում։ Ստեղծվում են նաև սկաուտների խմբերը։ 1948 թ.-ի արաբա-իսրայելական պատերազմից հետո հայերի մի մասը գնում է Ավստրալիա, Ամերիկա և Կանադա։ Մյուս հոսքը 1967թ․ պատերազմից հետո էր։
Հայկական թաղամասի խենթը
20-րդ դարասկզբին հայկական թաղամասը մի խնդիր ուներ։ Հոգեկան խնդիրներ ունեցող մի այլազգի, երբ հոգևորականները թափորով գնում էին Սուրբ Հարության տաճար, հարձակվում էր, խանգարում, գժություն անում։ Քանի որ խենթի թուղթ ուներ, չգիտեին, թե նրա հետ ինչպես վարվել։
Երկաթագործ քաղաքացիներից մեկը պատրիարքին ասում է, որ հարցը կարող է լուծել՝ պայմանով, որ ընտանիքին տեր կանգնեն։ Երբ պատրիարքը համաձայնում է, երկաթագործն ասում է՝ Դուք կլսեք, թե ինչպես է հարցը կարգավորվում։ Օրեր անց քաղաքի փողոցներում երկաթագործը սկսում է գոռալ, տարօրինակ վարք դրսևորել։ Պատրիարքարանը դիմում է ոստիկանություն, թե մարդը խենթացել է։ Մի քանի տարի անց երկաթագործին խենթի թուղթ են տալիս։
«Պատմում են, որ շաբաթ օրը՝ Ճրագալույցին, երբ պետք է գնան գերեզմանից լույսը ստանալու, այս հայը պատրաստվում է, մեծ ու հաստ պարան է գնում, ջրի մեջ թաթախում, որ ավելի ծանր լինի ու գալիս, սպասում է մյուս խենթին։ Երբ խենթը գալիս է, հարձակվում է միաբանության վրա, հայը դուրս է գալիս և սկսում պարանով ծեծել։ Ծեծելով հասցնում է մինչև Լացի պատ և հայ հոգևորականներին հնարավորություն տալիս, որ տեղ հասնեն։ Այս պատմության մասին ասում են՝ խենթ քրիստոնյան խենթ մուսուլմանին հալածեց»,- պատմում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչը։

Խնդիրը «լուծելուց» հետո անհրաժեշտ էր երկաթագործին «դարձի բերել»։ Նրան 3 օրով փակում են Սուրբ Հակոբում և անընդմեջ աղոթում։ Դրանից հետո հայտարարում են, որ խենթը բժշկվել է։
Այսօր նախապես նամակ են գրում Իսրայելի ոստիկանությանը, թե որ ժամին են տաճար գնալու, և առնվազն 2-3 ոստիկան ուղեկցում է։ Լուրջ բախումներ չեն լինում։ Նաև հրեաների միություն կա, որի կամավորները ուղեկցում են թափորը մոտ 15 հոգով և անհրաժեշտության դեպքում բացատրում մյուս հրեաներին, որ քրիստոնյաներին պետք չէ անարգանքով վերաբերվել։
Հայաստանի անկախացումից հետո ճեմարանականների հոսք է սկսվում դեպի Երուսաղեմ։ Միտում է նկատվում, երբ Երսուսաղեմում հաստատված հայերն սկսում են ամուսնանալ Հայաստանի աղջիկների հետ։
«Երուսաղեմում ամուսնությունները քչացել են․ անցած տարի մեկ-երկուսն էին։ Հիմա Հայաստանում են հարսանիք անում, այս տարի ևս երկու ամուսնություն ունենք։ Հատկապես, երբ աղջիկը Հայաստանից է, գնում են այնտեղ, քանի որ ավելի էժան և ավելի կայուն է, իսկ այստեղ դեռ պատերազմ է»,- ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
Համացանցը՝ արարելու ու քարոզելու միջոց
Ղևոնդ վարդապետը համացանցի զարգացման բոլոր փուլերով անցել է․ կենդանի մատյան, ֆեյսբուք, յութուբ, հիմա էլ՝ տելեգրամ։ Հավատացյալների հետ իր կապը պահում է նաև նորագույն տեխնոլոգիաներով։ Սցենարից մինչև մոնտաժ իր ձեռքով է անում։ Ասում է՝ համացանցն այս դեպքում ստեղծագործելու միջոց է․
«Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է` 3 կարևոր բան կա․ իմաստություն, սեր և ստեղծելու, արարելու կարողություն։ Ստեղծագործելով փառաբանում ես Աստծուն, որովհետև տիրոջ հետ դառնում ես արարչագործության մասնիկ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչը։

Յութուբյան ալիք բացելու մտադրություն բնավ չուներ, սակայն երբ հայերին սկսում են մեղադրել ու հայհոյել, որ Լույսի արարողությանը չեն մասնակցում, նա նկարում և սուրբ հայրերից մեկի էջով տեսանյութ է տեղադրում Յութուբում։ Հետագայում նրան չանհանգստացնելու համար որոշում է իր էջը բացել։ Ավելի ուշ բանաստեղծուհի Անուշ Նաագաշյանի հետ սկսում են «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» շարքը, որտեղ պատմում են Երուսաղեմի կյանքի, պատմության ու սովորություննեի մասին։
«Յութուբյան ալիքը հայ Երուսաղեմի հետ ծանոթացնելու միջոց է, ցույց տալու՝ ովքեր են հայերը, ինչ կա այստեղ։ Նաև ռուսերենով եմ թողարկումներ պատրաստում, քանի որ այստեղ այցելող ռուսախոսները զարմանում են` հայերն ինչ կապ ունեն Երուսաղեմի հետ։ Երբեմն էլ հայերեն չիմացող հայեր են գալիս և ստիպված ռուսերեն եմ պատմում։ Այս ընթացքում Հայաստանի և Սփյուռքի հոգևորականները սկսեցին հայերենով քարոզներ տեղադրել։ Ես էլ ասացի` փառք Աստծու, գոնե ռուսախոս մարդկանց ես տիրություն կանեմ», — ասում է Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
Ղևոնդ վարդապետն ասում է՝ շատերը Երուսաղեմի միջոցով են հասկանում, թե հայն ով է։ Ժամանակի ընթացքում Երուսաղեմը գոյատևել է նաև բարերարների օգնությամբ։ Այսօր Հայոց պատրիարքարանը մեծ ծախսեր ունենալով գոյատևում է, դարձյալ բարերարների կարիք ունի։ Ասում է՝ Երուսաղեմը անհատներինը չէ, հայ ազգինն է, որտեղ հաջողվել է 1700 տարի պահել հայկականությունը։
Շարունակությունը՝ Դիմանկար 8․ Բեթղեհեմ․ ելք Երուսաղեմից














