ԿարևորՀասարակություն

Դիմանկար 6․ Մանրանկարչության աշխարհը

Եթե ժամանակի մեջ շրջագայելու հնարավորություն լիներ, գուցե պատուհան բացվեր տեսնելու, թե ինչպես է 1724 թ.-ին Գրիգոր Շղթայակիր պատրիարքը վանքից վանք գնում ձեռագրեր հավաքելու։ Հետո թե ինչպես է 1897 թ.-ին Հարություն պատրիարքն իր ձեռքով ձեռագրերի համար փայտե պահարաններ պատրաստում։ Ժամանակային մեկ այլ դրվագում Նորայր արքեպիսկոպոս Պողարյանն է, մի ամբողջ կյանք անշտապ ու բծախնդրորեն թերթում է 4000 ձեռագրերից յուրաքանչյուրը, որոնք հետագայում վերածվելու են 11 հատորների։

Սա հնարավոր է անել միայն երևակայությամբ, սակայն մանրանկարչական անցյալը վերականգնելը գիտականորեն անհնար չէ․ հենց այս գործին են ձեռնամուխ եղել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատանը։ Վերադառնալով մեր օրեր՝ կարելի է տեսնել շղթայի այսօրվա օղակը, թե ինչպես է Հայր Արշակը ձեռագրերի փխրուն կտորներին փորձում ևս մի քանի հարյուրամյակի կյանք հաղորդել։

Ձեռագրատանը ցանկանում են համակարգված ուսումնասիրություն իրականացնել, որը կամփոփի ամենանշանավոր ձեռագրերի վերաբերյալ գնահատականները։ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլ մանրանկարիչների մասին թեզերը հաճախ հակասում են իրար, ուստի ինստիտուցիոնալ ուսումնասիրության կարիք կա։  Դրա համար պետք կլինեն ոչ միայն գիտնականներ, այլև ոսկերիչներ, արծաթագործներ, կաշեգործներ․ միջնադարում Ավետարանների թեկուզ միայն կազմի պատրաստումը մեկ մարդու գործ չէր։

«Մեր առաջիկա նպատակներից մեկն էլ հենց դա է․ արքայական հավաքածուի համակարգված հետազոտություն կատարել, որում պիտի ուսումնասիրվեն գործածված նյութերը` թանաքը, փայտը, կաշին, աստառների համար գործածված մետաքսը։ Օրինակ՝ Լևոն թագավորի Ավետարանի կազմման ավանդություններն ուսումնասիրելու համար պետք է ներառվեն արծաթագործներ, ոսկերիչներ, որովհետեւ կազմերը փայտի վրա էին ամրացվում։ Պետք է ուսումնասիրվեն կաշին, մետաքսը։ Ավետարանի կազմը ճշտորեն կրկնում է Լևոն թագավորի հագուստի, զգեստի մետաքսը, ուրեմն նաև տեքստիլի բազմակողմանի ուսումնասիրություն պիտի կատարվի», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Նախատեսվում է մի քանի հատորներով ներկայացնել Երուսաղեմում պահվող արքայական հավաքածուի ձեռագրերը։ Երբ նախագիծն ավարտուն տեսքի բերվի, կփորձեն այն իրականացնել հիմնադրամների ֆինանսավորմամբ։

Ձեռագրատան բացառիկ նմուշները

Այստեղ են պահվում Կիլիկյան արքայական ձեռագրական արվեստի լավագույն նմուշները։ Ռոսլինյան 7 ձեռագրերից 5-ը պահվում էին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ձեռագրատանը, որոնցից մեկը Եղիշե Տերտերյան պատրիարքը նվիրել էր Վազգեն Վեհափառին։ Նա էլ այն նվիրաբերել է Մատենադարանին։ Այսօր ձեռագրատանն առկա է 4 օրինակ։

Արքայական հավաքածուում պահվում են Գագիկ թագավորի, Կեռան թագուհու, Լևոն թագավորի, Մարիոն թագուհու և Կեռան իշխանուհու Ավետարանները։ Հավաքածուն բացառիկ է նաև բնագրային առումով, քանի որ այստեղ է պահվում 4-րդ դարում Երուսաղեմի Ճաշոցի թարգմանության 9-րդ դարի օրինակը։ Այն ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական իրականության մեջ բացառիկ բնօրինակ է, որը ներկայացնում է  4-րդ դարում Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցու գործառույթները, ծիսակարգը և օրակարգը։

Հավաքածուն բացառիկ է նաև նրանով, որ այստեղ կան հենց Երուսաղեմում և հատկապես Սրբոց Հակոբյաց վանքում գրված ձեռագրեր։ Սա եզակի իրողություն է, երբ ձեռագրերը 12-13-րդ դարերում գրվել են որևէ վանքում և այսօր հենց այդ վանքում են պահվում։ 

Գիտական խմբեր, որոնց հետ համագործակցում են 

Ձեռագրատունը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ։ Գիտական նպատակներով ձեռագրերի լուսանկարների օրինակները տրամադրվում են հատուկ ընթացակարգով։ Դրա համար հետազոտողը խնդրագիր է ուղարկում՝ կից ներկայացնելով նաև համալսարանի երաշխավորագիրը։ Արտոնությունը տրամադրում է Պատրիարք Սրբազանը, որից հետո կնքվում է պայմանագիր։

Հետազատողներին հատկապես հետաքրքրում են Կիլիկյան շրջանի արքայական ձեռագրերը։ Սակայն վերջերս, օրինակ, Սորբոնի համալսարանի ուսումնասիրողների ուշադրությունն են գրավել հավաքածուի օտարալեզու՝ եթովպական ձեռագրերը։ Հայագիտություն ուսումնասիրողներին հետաքրքրում են Գրիգոր Տաթեւացու ձեռագրերը,  ընդհանրապես տաթևյան ու արցախյան դպրոցների պահպանված ձեռագրերը։

«Ընթացիկ գիտական աշխատանքներից են Երուսաղեմում գրված ձեռագրերի ուսումնասիրությունները, որոնց ընթացքում երկու տարբեր համալսարանների հետ ենք համագործակցում։ Առաջինը ֆրանսիական համալսարան է, որի հետ պիտի ներկայացնենք Երուսաղեմի այն վանքերում գրված ձեռագրերը, որոնք այլեւս գոյություն չունեն։ Փորձ է արվում քարտեզագրելու 7-րդ դարի պատմագիր Անաստաս վարդապետի աշխատանքը, քանի որ նրա պատմության մեջ նշվում են 75-ից ավելի հայկական վանքեր ու եկեղեցիներ՝ հայկական տոհմական անուններով։ Այսօր այդ վանքերի մեծ մասը չկա, բայց բարեբախտաբար հավաքածուում կան եզակի ձեռագրեր, որոնք գրվել են այդ վանքերում։ Նույն թեմայով նաեւ Գերմանիայի Գուտենբերգի համալսարանի հետ ենք համագործակցում, որտեղ ուսումնասիրվում են Երուսաղեմում գրված ձեռագրերը` ոչ միայն հայկական, այլև օտարալեզու։ Գրչատների համեմատության և պարզելու համար, թե արդյոք որևէ օտար ձեռագիր գրվել է Սրբոց Հակոբյանց վանքում, ուսումնասիրվում են թանաքը, գործածված նյութերը, մանրանկարչական ոճը, դպրոցները։ Այս թեմայով մեկ տարի առաջ Հարվարդի համալսարանի կազմակերպած գիտաժողովի ընթացքում Իտալիայում ներկայացրել եմ Սրբոց Հակոբյանց վանքի հավաքածուում պահվող Երուսաղեմում գրված ձեռագրերը», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։ 

Ֆրանսիական համալսարանի հետազոտությամբ պետք է կազմվի նաև Երուսաղեմում քրիստոնյաների տեղաբաշխման քարտեզը։ Հետազոտությունը ներառում է քրիստոնեական տարբեր համայնքների համագործակցության հարցերը․ հատկապես այն, թե Հայոց պատրիարքությունը  միջնորդական ինչ դեր է կատարել, օրինակ, Հույն եւ Լատին պատրիարքարանների միջեւ հարաբերությունները կարգավորելու համատեքստում։ 

Թվայնացում

Ձեռագրական հավաքածուի գրեթե կեսը չի թվայնացվել, քանի որ սերվերային պահոցների խնդիր կա։ Եթե ձեռագրերն ամբողջ ծավալով թվայնացնվեն, ապա առանց համապատասխան սերվերների կվտանգվեն նաև թվայնացված օրինակները։ 

Ձեռագրատան գործունեությունն ապահովող մարդկանց թիվը նույնքան մեծ չէ, որքան ձեռագրերինը․ ձեռագրական պատասխանատուն՝ տեսուչը, թվայնացնող աշխատակիցը և երկու վերականգնողներն են։ Առաջիկայում Մատենադարանից երկու ամսով երկու վերականգնող մասնագետների են հյուրընկալելու՝ աշխատակիցներին վերապատրաստելու համար։ 2015թ-ից Մատենադարանի հետ համագործակցությամբ գործում է Վերականգնման լաբորատորիան։ 

«Անցյալ տարի Մատենադարանում տեղի ունեցած Հայագիտության կոնգրեսի շրջանակում որոշակի համաձայնություններ ենք ձեռք բերել սարքավորումների համալրման և գիտական համատեղ ուսումնասիրությունների վերաբերյալ։ Մատենադարանի հետ հուշագրի ստորագրման ծրագիր ունենք, որն ավելի շոշափելի կդարձնի մեր համագործակցությունը», — ասում է Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Հայր Արշակը սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, ապա  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում արվեստաբանության մագիստրոսի կոչում է ստացել։ Ձեռագրատան նախկին պատասխանատու Հայր Շնորհքի հետ հնարավորություն ուներ ձեռագրերի հետ շփվելու։ Ժամանակն ավելի է ամրացնում այդ կապը․ հիմա ինքն է ձեռագրատան պատասխանատուն։ 

Շարունակությունը՝ Դիմանկար 7․ Քրիստոսի դաստառակը և Հայկական թաղամասի խենթը

Back to top button