ԿարևորՀասարակություն

Դիմանկար 5․ Դարաշրջանի դիմանկարը․ միջատների ու գրքերի կայսրությունը

Այդ օրը, երբ զանգ ստացավ, երկար չխոսեց։ Միայն լսեց՝ նրանք հանել են։ Հեծանիվով շտապեց դեպքի վայր։ Հսկայական աղբամանների մեջ մարդկանց ակտիվ  շարժ էր։ Նրանք լապտերներով ինչ-որ բան էին փնտրում։ Բոլորը եկել էին ավարի հետևից․ ոմանք՝ զամբյուղով, ոմանք՝ սայլակով, ոմանք էլ՝ բեռնախցիկով։ 20 տոննայանոց աղբի տարաների մեջ գրքեր էին։

Հեծանիվով դեպքի վայր շտապողը երուսաղեմցի բուկինիստ Վիկտոր Ռիցարն էր։ 

Աղբամանները վարձակալել էր մի արևելագետի ընտանիք։ Նրա մահից մի քանի տարի անց որոշել էին վաճառել բնակարանը, իսկ գրքե թափոններից պետք էր ազատվել։ Այդպես էլ արել էին՝ նախապես սոցցանցերում հայտարարելով դրա մասին։ Այդ օրը աղբամաններում առնետներին փոխարինել էին մարդիկ՝ ակադեմիական ու ոչ ակադեմիական շրջանակներից, ուսանողներ, գրավաճառներ․․․ Նրանք բոլորը  շունչը պահած սպասել էին այդ օրվան։  

Այստեղ Վիկտորը գտնում է 1960-ականների հինգհատորյա աշխարահագրական հանրագիտարան, 71-ին լույս տեսած հատորը Կումրանի տեքստերի մասին, որը կազմել է կումրանիստ Իգոր Ամուսինը։ Գիրքը վերցնում է, քանի որ այն միշտ վաճառվում է։

«Տանը հայտնաբերեցի ոչ միայն Ամուսինի ստորագրությունը, այլև հինգ նամակ։ Ես, անկեղծ ասած, նույնիսկ չեմ ցանկանում դրանք վաճառել, քանի որ կան որոշակի էթիկական նորմեր։ Ես պատրաստվում եմ ճշտել` արդյո՞ք ИВРАН-ում (Ռուսաստանի ԳԱ արևելագիտության ինստիտուտ) Ամուսինի ֆոնդ կամ նման մի բան կա, որին կարելի է փոխանցել։ Անձնական նամակագրություն է, կենսագրական կոնտեքստ։ Եվ նման պատմությունները հարյուրավոր չեն, հազարավոր են», — ասում է Վիկտորը։

Դրանցից ևս մի քանիսը պատմելով՝ Ռիցարը դրանք տեղավորում է «Դա ապրանք չէ» կատեգորիայում։ Այսինքն՝ նմուշներ, որոնք չեն վաճառվում։ Այդպես նրա մոտ են հայտնվում ռուս գրող Միխայիլ Սարգինի գրադարանից որոշ գրքեր։ Գրողը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում։ Նրա մահից հետո հրեա այրին տեղափոխվել է Իսրայել, տարիներ անց մահացել ծերանոցում։ Ինչ-որ անհավանական ճանապարհով նրա գրքերից բերում են Ռիցարի մոտ, ասում է՝ ոչ թմրամոլները, ոչ հանցագործները, այլ` սովորական մարդիկ։ Բերում են Ալեքսեյ Ռեմեզովի գիրքը՝ մակագրված իրեն բնորոշ կալիգրաֆիայով, գրաֆիկայով և տեքստով՝ Վասիլի Վասիլևիչ Ռոզենին։ 

Ռուս պոետ Իլյա Բակշտեյնը Իսրայել էր եկել 1970-ականներին, այստեղ շարունակել էր տպագրվել։ Նա ևս կյանքն ավարտել էր  ծերանոցում, որտեղ նրա մահվանից հետո գրադարանն ուղղակի դեն էին նետել։ Մի քանի ամիս հետո գրքերի մի մասը հայտնվում է գրախանութում, որի տերը կապ է հաստատում Ռիցարի հետ։  

«Ես գտնում եմ Տոլստիի մուլետները և Կուզմինսկու նյույորքյան «Կապույտ ծովածոց»-ի անթալոգիաները։ Արագորեն ճանաչում եմ, որ դրանք Բակշտեյնին են պատկանել։ Դրանք հեշտությամբ կարելի է տարբերակել ձեռագրով», — ասում է Ռիցարը։

(Տոլստիի մուլետները 1984թ-ից Փարիզում հրատարակվող գրական ալմանախ է, որտեղ տպագրվում էին Էդուարդ Լիմոնովը, Ալեքսեյ Խվոստենկոն, Վագրիչ Բախչանյանը։ Հիմնադրել էր նկարիչ, դերասան և պոետ Բլադիմիր Կատլյարովը, հայտնի Տոլստի մականունով)։ 

Երիտասարդ տարիներին Վիկտոր Ռիցարը շատ էր արշավների գնում և ցանկանում էր կենսաբան դառնալ։ Մի անգամ, վերադառնալով անտառային արշավից, կայարաններից մեկում հայտարարություն է տեսնում, որ Սանկտ Պետերբուրգի հրեական համալսարանը ուսանողների ընդունելություն է հայտարարում։ Վիկտորը որոշում է, որ դա այն տեղն է, ուր պետք է գնալ հաջորդիվ։ Մեկ ամսից սկսում է աշխատել հրեական համալսարանի գրադարանում, հետո ընդունվում պատմության ֆակուլտետ, բայց ավարտում կրոնա-փիլիսոփայական բաժինը։ Նրա համար էականը ոչ այնքան ուսումն էր, որքան գրադարանում աշխատանքը։

Վիկտորն ընկերների հետ նաև գրախանութ է բացում։ Անգամ հրատարակչական գործունեություն էին ծավալում գրականագետ, պոետ և քննադատ Վալերի Շուբինսկու ջանքերով։ Սակայն 1995թ-ին այդ ամենը դադարում է․ քաղաքում անհանգիստ իրավիճակ էր։ Վիկտորը տեղափոխվում է Երուսաղեմ՝ երդվելով այլևս երբեք չմոտենալ գրքերին։ Ընդամենը չորս օր անց նա արդեն Մալերում էր՝ լեգենդար գրախանութի գրավաճառի դերում։ Ասում է՝ ճակատագրից չես փախչի։ 

«Երբեմն մարդիկ մի սովորական, աննշան գրքի համար կես միլիոն են պահանջում։ Դա նրանց համար մասունքի նման է, իրենց ողջ կյանքը, երբեմն ընտանիքի մի քանի սերունդ, դրա հետ են անցկացրել, և նրանց գիտակցության մեջ այն մի ամբողջ կարողություն արժե։ Իսկ ինձ համար առևտրային տեսանկյունից արժեք չունի։ Երբեմն էլ, ընդհակառակը, մարդիկ տեսնում են հոյակապ գրադարաններ, բայց փոշու մեջ կորած և չեն հասկանում՝ ինչպես ազատել այդ տարածքը։ Եվ այս դեպքում նրանք միայն ուրախ կլինեն, եթե մի քանի հազար շեկելով այդ թափոններից ազատվեն», — ասում է Վիկտորը։ 

1990-ականների վերջին բացվում է առաջին բուկինիստական բաժինը։ Այդ ավելի կենդանի, ավելի հարուստ ու բազմազան աշխարհում էլ ներգրավվում է Վիկտորը։ Այդ առևտրում ավելի մեծ գնագոյացման ազատություն կա՝ ասում է։ Գրքի արժեքը որոշվում է՝ ըստ տպաքանակի, պահանջարկի և պահպանվածության աստիճանի։

«Եթե գիրքը 200 օրինակով է լույս տեսել և նույնիսկ թվայնացված չէ, ոչ մի տեղ տեղադրված չէ, ապա բացարձակ անգին է։ Այն որևէ տեղից հնարավոր չէ վերցնել։ Դա չի կարող էժան լինել», — բացատրում է Վիկտորը։

2000-ականներին իրավիճակը փոխվում է: Վիկտորին սկսում են առաջարկել հսկայական գրադարաններ, այդ թվում՝ ամբողջությամբ սնանկացած գրախանութներ, մասնավոր գրադարաններ։ Փակվում են հանրային գրադարանները։ Ռուսական հիմնադրամի տասնյակ հազարավոր գրքեր ուղղակի դուրս են նետել, և դրանք պետք էր փրկել։

«2000-ականների սկզբին իմ տեսականին 7-8 հազարի էր հասնում, 5 տարի առաջ գերազանցում էր 100 հազարը: Սա արդեն կայսրություն է: Սա արդեն հզոր գրադարան է», — ասում է Վիկտորը։

Վիկտորի գրքային կայսրություն երբեմն մուտք են գործում փոքր տպաքանակ ունեցող հրատարակություններ, օրինակ՝ ռուսական մշակույթի Արծաթե դարի պոետների գործերը։ Երբեմն էլ՝ բառացիորեն որևէ մատենագրության մեջ չհիշատակվող ռուսալեզու արտասահմանյան հրատարակություններ։ Ասում է՝ ոչ ոք հստակ չի կարող գնահատել ռուսալեզու գրքերի քանակը, որոնք տպագրվել են խորհրդային շրջանում, բայց Խորհրդային Միությունից դուրս։

Ռիցարը ֆեյսբուքում Երուսաղեմյան բուկինիստ անունով խումբ ունի, որին 6000 մարդ է միացել։ Ասում է՝ առավել հաճախ իրեն դիմում են 35-48 տարեկանները։

Զրույցի ընթացքում Վիկտորը հիշում էր, որ Սանկտ Պետերբուրգում ընկերների հետ բացած գրախանութում վաճառում էին այն, ինչ սիրում էին։ Իսկ հիմա՞, առաջվա նման վաճառում է այն, ինչ սիրո՞ւմ է։ Հարցիս պատասխանում է, որ ավելի հանդուրժող է դարձել և այնքան էլ սիրառատ չէ, որ միաժամանակ 110 հազար գիրք սիրի։

Շարունակությունը՝ Դիմանկար 6․ Մանրանկարչության աշխարհը

Back to top button