
Ալ-Անսարներ (մարգարեի օգնականներ) Ալ-Աուսը և Ալ-Խազրաջը Մեդինայում Մուհամմեդ մարգարեի հետ ցանկանում են իսլամական պետություն ձևավորել։ Ալ-Խազրաջ ցեղի Բանի Նաջարի տոհմում ծնվում է Նուսայբա Ալ-Մազինիան, որի անունը մինչ օրս կրում է ընտանիքը։ Նա նշանավոր կին է իսլամի պատմության մեջ․ ճակատամարտերից մեկում պաշտպանել է մարգարեին և ծանր վերքեր ստացել։
Նուսեյբեհների ընտանիքի նախահայրերից Ուբադա Իբն Ալ-Սամեթը Երուսաղեմում հաստատվել է 7-րդ դարում քաղաքը արաբ մահմեդականների կողմից գրավելուց հետո և նշանակվել կառավարիչ։ Ասում են, որ այս ընթացքում ընտանիքի խնամակալությանն են տրվել Սուրբ Գերեզմանի եկեղեցու բանալիները։ Ասում են նաև, որ բանալիները պահվել են նրանց մոտ Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ Սալադինի բանակը գրավել է Երուսաղեմը խաչակիրներից:
— Ես մահմեդական այգեպանն եմ և Սուրբ Գերեզմանի եկեղեցու դռնապանը,- այսպես է ներկայանում տոհմի ժառանգ, տաճարի բանալու պահապան Վաջիհ Նուսեյբեհը։ Պատմում է, որ 7-րդ դարում բանալին իրենց է վստահել մահմեդական Օմար խալիֆը՝ Սաֆարոնի անունով հունական պատրիարքի միջոցով։ Ամեն ինչ փոխվել է Խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ ընտանիքը լքել է Երուսաղեմը 88 տարով։ Ապա Սալադինի օրոք բանալիները վստահվել են երկու ընտանիքի, որոնցից մեկը դարձյալ Նուսեյբեհներն էին։
Վաջիհ Նուսեյբեհը պատմում է, որ ամեն առավոտ ժամը չորսին բացում եւ երեկոյան ութին փակում է եկեղեցու դռները:
«Մենք ունենք երեք աշխատանք։ Առաջինը եկեղեցին բացելու և փակելու արարողությունն է։ Երկրորդը VIP հյուրերի ընդունելությունն է․ նրանք կարող են և պաշտոնական, և մասնավոր այցով գալ, օրինակ՝ Հռոմի պապը։ Մյուս գործը Զատիկի ժամանակ Սուրբ Գերեզմանը կնքելն է։ Մենք սպասում ենք մոմը տեղադրելուն, որի վրա դնում ենք կնիքը: Այդ ընթացքում ոչ մեկին թույլ չի տրվում ներս գալ»։
Անգամ եկեղեցու մաքրությունը հույների, հայերի և կաթոլիկների միջև հերթապահությամբ է կարգավորվում։ Ասում է՝ սա նման է թագավորության, որ հորից ժառանգվում է որդուն։ Այժմ նա 75 տարեկան է, որդին՝ Օբադան, որը շարունակելու է իր գործը, 33 տարեկան է։
«Ոմանք գալիս են ծխախոտը կամ ատրճանակը ձեռքին, մենք զգուշացնում ենք, որ այդպես չեն կարող ներս մտնել։ Երբեմն էլ հարցեր են տալիս, ես օգնում եմ տուրիստներին կողմնորոշվել տարածքում։ Սա աղոթքի հատուկ վայր է բոլորի համար», — ասում է Վաջիհ Նուսեյբեհը։
Երբ Վաջիհն ինձ անհասկանալի բառերով մի զինվորականի զգուշացնում է, որ զենքով եկեղեցի մտնել չի կարելի, ասում եմ՝ Ձեր տան նման հետևում եք եկեղեցուն։ Ինձ հետ չի համաձայնում։
«Սա ավելին է, քան իմ տունը, ես այստեղ ավելի շատ ժամեր եմ անցկացնում, քան իմ տանը։ Գալիս եմ վաղ առավոտյան, երբեմն նաև երեկոյան, տուն գնում եմ միայն քնելու համար»։
Այս աշխատանքի համար յուրաքանչյուր ամիս հայերը և կաթոլիկները վճարում են 5 եվրո, իսկ հույները՝ 100 եվրո։ Երբեմն տոն օրերին հայերն ու հույները գումար են նվիրաբերում։ Վերջում Վաջիհը խաղաղություն է մաղթում հայ ժողովրդին, իսկ ինձ հայերենով ասում՝ «Ապրեք շատ»։
Առանձին մարդկանց դիմանկարները պատկերացում են տալիս առանձին մարդկանց մասին։ Իսկ կարո՞ղ էր անհատը տալ հասարակության դիմանկարը, ներկայի՝ դեռ ընթացող դարաշրջանի դիմանկարը։
Շարունակությունը՝ Դարաշրջանի դիմանկարը․ միջատների ու գրքերի կայսրությունը








