Հասարակություն

Դիմանկար 3․ Իմ թղթե ընտանիքը

20 տարի առաջ՝ նկարչուհի Հեդի Բրյուեր Աբրամովիցի 50-ամյակին, զարմիկ Ռիվկան նկարների փաթեթը ձեռքին մոտենում է տոնական սեղանին։ Դրանցից մեկը մեկնելով Հեդիին՝ այդ աներևակայելի լավատես մարդն ասում է․

— Ծանոթացի՛ր իմ թղթե ընտանիքին։

Հեդին առաջին անգամ տեսնում է մոր նախապատերազմական ընտանիքը, այդ թվում՝ տատիկին, որի անունը կրում է։ Նկարի մարդկանցից միայն իր մայրն էր փրկվել։

«Նա ասաց՝ ծանոթացիր իմ թղթե ընտանիքին։ Ինձ ցնցեց միտքը, որ դա նրա ընտանիքն էր, որովհետև այդ ընտանիքից մնացել էին ընդամենը թղթե պատկերներով կտորներ։ Դրանք տարիներ շարունակ ուղեղումս էին, մինչև ժամանակ գտա նկարը մշակելու համար»:

Հեդին չի սիրում լուսանկարից նկարել, բայց այս դեպքում ընտրություն չուներ։ Որոշում է թղթե տիկնիկներ պատրաստել։ Աստիճանաբար դրանց մարդկային դեմք է հաղորդում, ապա սկսում նկարել կտավի վրա։  

Հեդին ծնվել է ԱՄՆ-ում, Հոլոքոստը վերապրածների ընտանիքում։ Նրա պապը՝ Ադոլֆ Բրույերը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրո-հունգարական ուժերի զինվոր է եղել, պարգևատրվել «Երկաթե խաչ» մեդալով։ Երբ 1938թ․-ի նոյեմբերին նացիստները 16 տարին լրացած հրեաներին, այդ թվում՝ իր պապին, տանում են Դաչաու համակենտրոնացման ճամբար, տատը խիստ վրդովվում է։ Նա գնում է Գեստապոյի (նացիստական ​​Գերմանիայի ​​գաղտնի ոստիկանություն) տեղական շտաբ ու աղմկում․

—  Դուք ինչպե՞ս կարող եք նրան տանել։ Նա կայսրության պարգևատրված սպա է։ Դուք չեք կարող տանել նրան։

Խիզախության այդ ակտն անօգուտ չի անցնում։ Ամուսնուն բաց են թողնում։ Հեդին հիշում է, որ մանկության տարիներին պապը սկզբունքորեն իտալական պիցցա և սպագետի չէր ուտում, քանի որ չէր ներում իտալացիներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճամբարը փոխելու համար։

Արձակելուց հետո պապին հանձնարարություն են տալիս փաթեթավորել պարագաները (վերմակ, վերարկու և այլն), որոնք անհրաժեշտ էին Արևելքում վերաբնակեցման համար (նացիստները վերաբնակեցման խոստումով խաբում էին հրեաներին, իսկ իրականում տանում համակենտրոնացման ճամբարներ, որտեղ աշխատում էին մինչև մահ)։ Այդ հանձնարարականը բացում է պապի աչքերը։ Նա գլխի է ընկնում, որ գերմանացիները ոչ մի լավ մտադրություն չունեն և անտեսելով հանձնարարությունը՝ Արևելք գնալու փոխարեն, որոշում է գտնել եղբայրներին, որ անմիջապես երկրից հեռանալու քայլեր ձեռնարկեն։ 

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեծ երևակայություն չի պահանջվում էքստրապոլյացիայի համար»,- նկատում է Հեդին (այդ օրերին համացանցը ողողված էր Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայում, կատարվածի վերաբերյալ տեսանյութերով։ Սիրիայի նոր իշխանությունների զինված խմբավորումների և դիմադրության ուժերի միջև բախումին հաջորդել էր տեղի բնակչության սպանդը)։ 

1940 թ․-ին, երբ վերջին գնացքը նրանց պետք է տաներ Իտալիայի նավահանգիստներից մեկը, որտեղից էլ պետք է Նյու Յորք  ուղևորվեին, պապը հանում է իր աղոթատուփը և պատրաստվում աղոթել։

—          Ի՞նչ ես անում Ադոլֆ,- հարցնում է Դաչաուում նրան հազիվ փրկած տատը՝ նայելով շների հետ քայլող զինվորներին, — դու կզայրացնես զինվորներին, և նրանք կսպանեն քեզ։

—         Եթե ​​ուզում են ինձ սպանել, կսպանեն՝ անկախ նրանից աղոթո՞ւմ եմ, թե՞ ոչ, — ասում է պապը, և հագնում տեֆիլինը, որ կրում էր ամեն օր։ («Tefillin» անվանում են երկու սև կաշվե տուփերն իրենց ժապավեններով, որոնք հրեաները աղոթելիս կրում են ճակատին և բազկին: Դրանք կոչվում են նաև աղոթատուփեր)։

Այդ ժամանակ հրեաների անձնագրի վրա կարմիրով գրված J տառը կար։ Տղամարդիկ որպես երկրորդ անուն լրացնում էին Իսրայել, իսկ կանայք` Սառա անվանումը։ Անհնար էր թաքցնել հրեա լինելը։ 

Ձախ կողմից դրոշը բռնած շարքայինը Հեդիի հայրն է՝ Ալեքսանդր Բրյուերը, նացիստական դրոշը գրավել են գերմանական քաղաքում։

Հեդին ասում է, որ Հոլոքոստն այն պրիզման է, որով նայել է աշխարհին։ Մայրը՝ Լեյ Ֆեյգ Բրյուերը, Օսվենցիմում (Աուշվից)՝ կանանց ճամբարում, բանվորուհի է եղել։ Նա փոխհատուցում է ստացել Գերմանիայից, որը կոչվում էր Wiedergutmachung (1953-ին Գերմանիայի կառավարությունը որոշում է փոխհատուցել Հոլոքոստը վերապրած հրեաներին)։ 

Արդեն 4 տասնամյակից ավելի Իսրայելում ապրող նկարչուհին ասում է՝ մորը դաժանորեն հիասթափեցրել է ոչ թե իրավաբան, այլ նկարչուհի դառնալու որոշումը։ Բայց նաև նկատում է, որ վերապրածների ընտանիքներին բնորոշ է այն զգացումը, որ պետք է ապրես կյանքդ՝ բավարարելու համար ծնողներիդ երազանքները։ 

«Ծնողներս ցանկանում էին, որ ձուլվեինք ամերիկյան կյանքին։ Նրանք ուզում էին, որ ունենայինք այն առավելությունները, որոնք նրանք չունեին։ Հորս կյանքի փիլիսոփայությունն էր, որ դու հրեա ես տանդ, իսկ տնից դուրս այնպիսին ես, ինչպիսին բոլորը», — պատմում է Հեդին։

Նահանգներում առանց հրեական համայնքի մեծացած աղջիկը լրջորեն սկսում է հետաքրքրվել ընտանիքի պատմությամբ, երբ հանդիպում է ապագա ամուսնուն։ Վերջինս դեռ մանկուց երազում էր վերադառնալ Իսրայել, թեև չէր անցել Շոայի միջով (գբրայերեն Շոա նշանակում է «աղետ, ավերակ», Հոլոքոստը ընդունված տերմին է)։

«Իսրայել գալն ինչ-որ առումով օրհնություն էր․ ես գալիս էի իմ ժողովրդի կողքին ապրելու, որի հետ  չէի մեծացել։ Մարդիկ անում են այն, ինչ պետք է անեն, և հեռավորություն պահպանելն ինձ օգնեց, որ դառնամ Ես», — ասում է Հեդին։

Անհետանալ աշխատանքում․ լրացուցիչ մեղք 

Հեդիի ննջասենյակում ընտանեկան լուսանկարներ կան։ Յոթ տարի առաջ է այս տուն տեղափոխվել, սակայն միայն վերջերս է լուսանկարները տուփերից հանել։ Խուսափում էր ընտանեկան նկարները կախելուց, քանի որ դրանցում ընտանիքն այլ տեսք ունի։ Մի քանի տարի առաջ պարզվեց, որ նոր ամուսնացած դուստրը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երբ նա բուժում էր ստանում, Հեդին չէր կարողանում քնել։ Գիշերները համակարգչում օրագրային գրառումներ էր անում։ Դրանք աղջկա մահից հետո վերածվեցին գրքի՝ ինքնադիմանկարների շարքով։ 

«Նրա մահից հետո ինձ դատարկված էի զգում: Մի նախագիծ ունեի, որը պարտավոր էի անել։ Ինչ-որ այլ աշխատանք էլ արեցի՝  փորձելով լցնել դատարկությունը։ Այդ նկարը ևս  ցուցադրության մեջ ներառվեց, բայց մի տեսակ պարտադրված, ինքս ինձ ստիպելով էի արել։ Կարծես իրականում այդքան էլ  պատրաստ չէի, և ինքս ինձ պետք է օգնեի: Գրքում խոսում եմ նաև այդ մասին, որ փորձում էի զբաղվել պրոֆեսիոնալ գործով, հետևել ցուցահանդեսին, անել այն ամենը, որոնց մեջ ես կարող էի անհետանալ», — ասում է նկարչուհին։

Ասում է՝ գրելով փորձում էր վերգտնել իրեն, և դա պարզապես գիրք չէ․ դրա  տողատակերում դստեր կյանքն է, իր ընտանիքի պատմությունը։  Դա գիրք է վշտի և կորստի մասին, որին առնչվել է։ 

«Չկարողացա ինձ զատել մեղքի զգացումից։ Ես անընդհատ մեղքի զգացում ունեմ։ Ես հարցնում էի՝ սա իմ մեղքի նորմալ զգացողությո՞ւնն է, թե՞ լրացուցիչ մեղք է: Գիտեք, ես ինքնագիտակցություն էլ չունեի։ Այն ժամանակ այցելում էի թերապևտին: Դա ինչ-որ չափով օգնեց, բայց՝ ոչ շատ», — ասում է Հեդին:

Գիրքը կազմվեց COVID-ի ժամանակ, հիմա փորձում է այն հասանելի դարձնել Իսրայելից դուրս:

Երբ պատերազմը սկսվեց, ամեն ինչ կանգ առավ։ Ցուցասրահում, որտեղ պետք է կայանար նրա նկարների ցուցադրությունը, այժմ ապաստանել են Իսրայելի տեղահանված քաղաքացիները: Ասում է՝ փողոցում հաճախ կտեսնեք տատիկների ու պապիկների հետ զբոսնող թոռնիկների, քանի որ մայրերը պետք է աշխատեն, իսկ ամուսինները դիրքերում են։ Արդեն 44 տարի Իսրայելում բնակվող նկարչուհին նկատում է, որ վերջին տարիներին եղել են կարճատև պատերազմներ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է․ նախ՝ դեռ շարունակվում է, և տուժածների քանակն է մեծ։ 

Զրույցի ավարտին Հեդին  ասում է «Բահաթ Լաֆա»․ Իսրայելում այդպես են հաջողություն մաղթում։ 

Շարունակությունը՝ Դիմանկար 4․  Տաճարի դռնապանի թագավորությունը 

Back to top button