ԿարևորՀասարակություն

Դիմանկար 2․ Շարժվող գնացքն ու անշարժ խճանկարը

19-րդ դարավերջին քաղաքին նոր գնացք էր պետք։ Երկաթգծի կառուցման տարածքում նաև հնագետների խումբ էր աշխատում։ Մի օր հախճապակուն դեմ առած գործիքը դադար է առնում։ Եվ ո՞վ գիտե, գուցե հնագետի ձեռքն է դողում, գուցե նոր աշխարհը մի պահ շունչը պահում է հնի կողքին․ արագաշարժ գնացքն ու անշարժ հախճապակին պետք է հաշվի նստեին իրար հետ։ 

«Սա ինքնին բացառիկ երեւույթ է Սուրբ Երկրի պատմության մեջ, որ այս չափերով 6-րդ դարի կատարյալ պահպանված մոզաիկ է գտնվել։ Այն իր վրա  հայերեն արձանագրություն ունի, որը մեսրոպատառ ամենահին արձանագրություններից է։  Մեսրոպատառ արձանագրություններ կամ գրավոր նյութեր Հայաստանում պահպանվել են առնվազն 7-8-րդ դարերից, իսկ Սուրբ Երկրում  5-րդ դարի նմուշներ կան։ Այս մոզաիկն էլ արդեն 6-րդ դարի արձանագրություն է իր վրա կրում, որում ասվում է, որ եկեղեցին կառուցված է այն հայերի հիշատակին, որոնց անունը միայն Տերը գիտե», — ասում է Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Թանգարանի գլխավոր ցուցանմուշը հայտնաբերվել է Պողիկտոսի 6-րդ դարի եկեղեցում։ Հնագիտական հրաշքը ժամանակին հայկական եկեղեցու հատակ է եղել։ 4-րդ դարում հռոմեական բանակում ծառայող Պողիկտոսն ազգությամբ հայ էր։ Քրիստոնյա լինելու համար իր զինակիցների հետ նահատակվեց։ Պատմությունն ավանդում է, որ նրանց մասունքները Եդեսիայից տեղափոխվեցին Երուսաղեմ, և դրանց վրա եկեղեցի կառուցվեց։ Ավելի ուշ մոզաիկան տեղափոխվեց թանգարան։ 

Երկու տարի առաջ վերաբացված թանգարանը 3 բաժին ունի։ Առաջինում Սուրբ երկրում հայկական ներկայության նմուշներն են ՝ հռոմեական շրջանից մինչեւ Մամլուքյան շրջան, երկրորդում՝  Հայոց պատրիարքարանի ներկայությունն է օսմանայան շրջանից մինչեւ մեր օրեր, իսկ երրորդում՝ Հայոց Ցեղասպանությունից փրկված և Երուսաղեմում հաստատված հայերի պատմություններն են։ Թանգարանում ներկայացված է նաեւ հայկական տպագրության, լուսանկարչության եւ առաջին պարբերականի պատմությունը։

Ձեռագրերը թանգարանում ժամանակավոր ցուցադրության են ներկայացվում, քանի որ կարող են վնասվել լույսից, օդից և ջերմաստիճանից։ Ցուցադրվում են ոչ միայն միջնադարում, այլև ավելի ուշ ստեղծված ձեռագրերը։ Մեր այցելության պահին ցուցադրվում էին Լատին պատրիարքարանին պատկանող մանրանկարները։ 21-րդ դարում, ինչպես միջնադարում, Երուսաղեմի Լատին պատրիարքը նոր ձեռագիր է պատվիրել, որը նկարազարդել է իսպանացի նկարչուհին։ Վերջինս մանրանկարները ստեղծելիս ոգեշնչվել է միջնադարյան հայկական մանրանկարչությունից։

«Սա բացառիկ ցուցադրություն է․ թանգարանի այցելուները կարող են տեսնել կապը միջնադարի և մեր ժամանակների միջեւ, որ նույն հավատի հետեւորդները ինչպես միջնադարում, այնպես էլ նոր ժամանակներում, ոչ միայն ներկա են, այլև ստեղծագործում են, ինչպես անցյալում», — ասում է Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։

Թանգարանը կառուցվել է նախկին ճեմարանի հիմքի վրա։ Ցեղասպանությունից հետո այստեղ հանգրվանած որբերից մեկը՝ Եղիշե Տերտերյանը, հետագայում դարձել է պատրիարք։ 

Թանգարանի դաշնամուրը գրավում է մեր խմբից կոմպոզիտոր Կամիլ Չալաևի ուշադրությունը, նա սկսում է նվագել։ Մեզ ուղեկցող գիդը՝ Իլյա Մազիան, որը հայկական դուդուկի սիրահար է, սկսում է նվագակցել նրան։

Ռումբեր դպրոցի պատուհանից

Դպրոցի փոխտեսուչ Միհրան Տեր-Մաթոսյանի հետ շրջում ենք կրթօջախի ներսում։ Միջանցքում նկատում եմ 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավորի նկարը։ Տեր-Մաթոսյանն ասում է՝ 1948թ․-ից Իսրայելը խաղաղություն չի տեսել․ պատերազմը աշակերտներին միայն նկարներից չէ, որ հայտնի է։

«Մեր թիվը, որ սկսեն քառասունութեն առաջ, ունեցած ենք մինչեւ իսկ 15-20 հազարի հասնող գաղութ։ Այսօր մենք հազիվ կհաշվենք Երուսաղեմի մեջ, այսինքն՝ ամենալավ մոտեցումով 1500 հայ է այստեղ։ Իրապես դժվար է ապրել այս երկրի մեջ։ Եվ չեմ ասի, թե տնտեսական առումով, ավելի շատ՝ հոգեբանական․ մենք այստեղ փոքրամասնություն ենք։ Այսօր քրիստոնյաները Իսրայելի բնակչության միայն 1,6 %-ն են։ Մենք քրիստոնյաների այս 1,6 %-ի փոքր մասնիկն ենք»։

Սրբոց Թարգմանչաց վարժարանը հիմնադրվել է 1929թ․-ին պատրիարք Եղիշե Թուրյանի որոշմամբ։ Դպրոցում ներդրված է անգլիական կրթական համակարգը, որն այսօր գործում է ավելի քան 82 երկրներում (The General Certificate of Education (GCE)։ Աշակերտները սովորում են չորս լեզու՝ հայերեն, անգլերեն, արաբերեն և եբրայերեն։

Այժմ դպրոցն ունի 170 աշակերտ։ Հիմնական ծախսը հոգում է Հայոց պատրիարքությունը։ Այս ուսումնական տարում դպրոցն ունեցել է 14 առաջին դասարանցի։ Դասարաններում աշակերտների առավելագույն թիվը 17-ն է, նվազագույնը՝ 7-ը։

«Երեխաները մեզ մոտ կուգան 3 տարեկանում։ Մենք ունենք մանկապարտեզ, որը կկոչենք «Ձիլ», «ԿոԿոն» «Ծաղիկ»։  «Ձիլը» 3 տարեկանեն կմտնեն, «Կոկոնը»` 4, իսկ «Ծաղիկը»` 5։ Դրանից հետո կշարունակեն առաջին դասարանում։ Վարժարանի մեջ ունենք 15 դասարան», — ասում է դպրոցի փոխտեսուչ Միհրան Տեր-Մաթոսյանը։ 

Աշակերտները դպրոցից հետո կրթությունը շարունակում են իսրայելյան համալսարաններում, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, երբեմն էլ՝ Երևանի պետական համալսարանում։

Միհրան Տեր-Մաթոսյանը ասում է՝ այստեղ տագնապներ միշտ կան․ 2008թ-ից սկսած Իսրայելում 4-5 անգամ պատերազմ է սկսվել, սակայն վերջինն իր մասշտաբներով գերազանցում էր մյուսներին։

«Վերջին տարին 2 անգամ ռմբակոծում եղած է Իրանի կողմից, մեր այս դպրոցի բակեն արդեն բոլոր այդ ռումբերը կտեսնեինք։ Հոգեկան առումով մեր երեխաների վրա մեծ ազդեցություն ունի այս պատերազմը»։

Իսրայելում հաստատված հայերի մի մասն այստեղ է հասել Ցեղասպանությունից փրկվելու համար։ Ավելի ուշ, հրեաներն իրենք են այլ երկրներում հայտնվում՝ փրկվելով Հոլոքոստից։ Տարբեր վայրերում նույն աղետով անցնող ազգերն այսօր ապրում են նույն քաղաքում, սակայն հրեաները վերադարձել են իրենց երկիր, հայերը մնացել Երուսաղեմում, մի մասն էլ այլ երկրներ գնացել։ Արևմտյան Հայաստան վերադարձի իրատեսականության միտքը գուցե մարել է Ցեղասպանությունը վերապրածների առաջին սերնդից հետո, գուցե՝ ոչ։ Ի՞նչ տեսք ունի այդ վերադարձը և ի՞նչ նախապատմություն։ Աղետն ի՞նչ ուժով է շարունակվում հաջորդ սերնդի մեջ, եթե այն անձնապես իրենց չի դիպչում։ Դիպչում է միջնորդավորված, ծնողներին կրծող անարդարության ու կորսված կյանքի նարատիվով։ Հրեաների համար հնարավոր դարձած վերադարձի մեջ այս հարցերն էի տնտղում Նյու Յորքում Հոլոքոստը վերապրածների ընտանիքում ծնված, ապա Երուսաղեմ տեղափոխված նկարչուհի Հեդի Աբրամովիցի պատմությունում։

Շարունակությունը՝ Դիմանկար 3․ Իմ թղթե ընտանիքը 

Back to top button