Երաժշտական եռանկյունի

«Սոնետ» դաշնամուրային երկյակը՝ հայկական բեմի եզակի երևույթ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանյան ակադեմիական երաժշտության ոլորտում գործում են բազմաթիվ մենակատարներ և տարբեր համերգային ձևաչափերի կոլեկտիվներ, սակայն «Սոնետ» դաշնամուրային երկյակը եզակի երևույթ է հայկական բեմում։

Հայտնի դաշնակահարուհի, պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն և Խաչատրյան եռյակի անդամ Արմինե Գրիգորյանը 2003 թվականին իր դստեր՝ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանի հետ հիմնեց դաշնամուրային այս երկյակը, որը մինչ օրս հանդես է գալիս ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում՝ ակտիվ գործունեություն ծավալելով և հատկապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն իր կատարումներով տարածելով։

«Մեր նվագացանկն ընդգրկում է տարբեր երաժշտական ժամանակաշրջանների և աշխարհամասերի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նվագում ենք նաև այլ ժանրերի երաժշտության փոխադրություններ, որոնք արվել են հատուկ մեզ համար»,- ասում է Արմինե Գրիգորյանը։

Դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը բարձրագույն մասնագիտական կրթություն ստացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի տարբեր կոնսերվատորիաներում և ունի համերգային գործունեության տասնյակամյա փորձ։

«Նվագել եմ Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և արաբական աշխարհի լավագույն համերգասրահներում։ Սակայն մի պահ հասկացա, որ պարտավոր եմ վերադառնալ հայրենիք և ստեղծագործել այստեղ՝ թե՛ որպես մենակատար, թե՛ որպես անսամբլիստ»,- նշում է Սոնա Բարսեղյանը։

«Սոնետ»-ը շարունակում է ձայնագրել նոր կատարումներ, թողարկում է ձայնասկավառակներ, ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Հայաստանի ամենատարբեր բեմերում և պատրաստվում է հերթական հյուրախաղերին՝ բարձր պահելով հայ կատարողական արվեստի պատիվն ամբողջ աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button