
Լրագրող, «Մեդիամաքս» գործակալության հիմնադիր և ռոքի մեծ սիրահար Արա Թադևոսյանը իր գրքում ամփոփեց Հայաստանի համար շատ կարևոր մի ժամանակաշրջան՝ համաշխարհային բրիտանական ռոք աստղերի բարեգործական մղումը, պարզ մարդկային դրսևորումներն ու ընկերությունը, որը շարունակվում է մինչև օրս։
«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը Արա Թադևոսյանի երազանքի իրականացման մարմնավորումն է: Այն պատմում է համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանի և Թոնի Այոմիի, Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության, Հայաստան կատարած այցի, 1988-ի երկրաշարժի և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Համաշխարհային ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the Water» սինգլն ու դրա հասույթն ամբողջությամբ ուղղեցին Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանցից երկուսը՝ Դիփ Փարփլի վոկալիստ Իեն Գիլանն ու Բլեք Սաբաթի կիթառահար Թոմի Այոմին դարձան Հայաստանի բարեկամը։ Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր»-ասում է Արան:
Ռոքի լեգենդները Հայաստան եկան նաև 2009-ին, այցելեցին Գյումրի: Երբ Իեն Գիլանը լսեց «դոմիկներում» նվագող երեխաներին, որոշեց վերակառուցել Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցը:
Մինչև կիրականացվեր դպրոցին աջակցելու մեգանախագիծը, տարիներ շարունակ դպրոցին օգնում էր Հայ օգնության ֆոնդը, որն էլ համակարգեց ռոք աստղերի օգնության ծրագիրը:
2010-ին Իեն Գիլանը երկու բարեգործական համերգ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը հիմնական կապող օղակն էր Գիլանի և նվագախմբի միջև:
Համերգն անմոռանալի էր Դիփ Փարփլի երկրպագուների համար: Ռոք աստեղերի հետ նույն բեմում նվագեց նաև երաժիշտ Սուրեն Առուստամյանը:
Իեն Գիլանն ու Թոմի Այոմին կրկին Հայաստան եկան 2019-ին, այս անգամ Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակը նշելու և ամփոփելու՝ 80-ականներից մինչև մեր օրերը:




