ԿարևորՔաղաքական

Վարչապետը կարևորել է Սլովակիայի աջակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Սլովակիայի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան կարևոր հնարավորություն է՝ քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը և ձևավորելու նոր համագործակցության ուղղություններ։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս այցը նոր շունչ է հաղորդում Հայաստանի և Սլովակիայի միջև քաղաքական երկխոսությանը։ Նա նշել է, որ արդեն իսկ կայացել են առանձնազրույցներ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա ամիսներին շարունակել ձևավորված օրակարգի զարգացումը։

Փաշինյանը նաև հաստատել է իր պատրաստակամությունը՝ պաշտոնական այցով մեկնել Սլովակիա՝ պատասխանելով վարչապետ Ֆիցոյի հրավերին։ Ըստ նրա՝ այդ այցը, որոշ առումներով, լինելու է Երևանում ընթացող քննարկումների շարունակությունը։

Վարչապետը կարևորել է Սլովակիայի աջակցությունը՝ հատկապես Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցում, ինչպես նաև Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերում։

Նա նաև ընդգծել է, որ ներկայում ընթանում են ակտիվ բանակցություններ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ, և Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի աջակցությունն այս գործընթացում։

«Իհարկե մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, և մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա․ քաղաքական երկխոսություն՝ մասնավորապես այդ թվում Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների համատեքստում։ Շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության՝ մասնավորապես, միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով։ Նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում գործակցության հնարավորությունները։ Այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ, և ես հույս ունեմ, համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև 2025 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ շեշտելով դրա նշանակությունը Հայաստանի համար և շնորհակալություն հայտնելով Սլովակիային՝ այդ նախաձեռնությանը սատարելու պատրաստակամության համար։

ՀՀ վարչապետը ողջունել է Սլովակիայի գործընկերոջ այցը՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես Հայաստան-Սլովակիա հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամրապնդման համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button