ԿարևորՄիջազգային

Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների 5-րդ փուլը

Իտալիայի մայրաքաղաքում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հայտնել է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

ԱՄՆ պատվիրակության կազմում է Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, իսկ իրանական պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև արտգործնախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բանակցություններում միջնորդի դերում հանդես է գալիս Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

Միացյալ Նահանգները և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին, կրկին Օմանի մայրաքաղաքում։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային համաձայնագիր (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր), որը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի նախորդ նախագահական ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման սահմանափակումներից։

Կարդացեք նաև

Back to top button