
ԱՄՆ-ն իրավական պատասխանատվություն կկրի, եթե Իսրայելը հարձակվի իրանական միջուկային օբյեկտների վրա, հինգշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
CNN-ը, իր աղբյուրներին հղում անելով, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետախուզական նոր տվյալներ ունի, որոնք վկայում են Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին։
Իրանը և ԱՄՆ-ն՝ Իսրայելի ամենամոտ դաշնակիցը, ուրբաթ օրը Հռոմում կանցկացնեն միջուկային բանակցությունների հինգերորդ փուլը։ Ընդգծվել է, որ Իսրայելի հնարավոր գործողությունն ավելի հավանական կդառնա, եթե ԱՄՆ-ն Իրանին թույլ տա շարունակել ուրանի հարստացումը։
Իսրայելական աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Թել Ավիվը պատրաստ է դիմել ռազմական գործողությունների, եթե կարծի, որ բանակցությունների արդյունքները Իսրայելի համար անընդունելի են՝ «վատ գործարք են»։
«Իրանը վճռականորեն կարձագանքի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության», — ասել է Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։
Արաղչին ասել է, որ Իրանը Վաշինգտոնին նման պարագայում կդիտարկի որպես հարձակման «մասնակից», և ստիպված կլինի «հատուկ միջոցներ» ձեռնարկել իր միջուկային օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար, եթե սպառնալիքները շարունակվեն։ Նշել է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հետագայում կտեղեկացվի նման քայլերի մասին։
Հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ Իսրայելը կստանա «ավերիչ և վճռական պատասխան», եթե հարձակվի Իրանի վրա։
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային էներգիայի ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է։ Արաղչին հայտարարել է, որ Իրանն ունի միջուկային զենք ստեղծելու կարողություն, բայց չունի դա անելու ցանկություն։




