
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կարող են հանդիպել, եթե բանակցող պատվիրակությունները որոշակի համաձայնությունների հասնեն, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման հանդիպումը, երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում, այդ պատվիրակությունների միջև որոշակի համաձայնությունների հասնելուց հետո, հնարավոր է։ Մենք դա հնարավոր ենք համարում», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ հանդիպումը հնարավոր է «հենց աշխատանքի արդյունքում և երկու կողմերի միջև համաձայնությունների տեսքով որոշակի արդյունքների հասնելուց հետո»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 16-ին։ Ընդհանուր առմամբ, դրանք տևել են գրեթե երկու ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան գոհ է հանդիպման արդյունքից և ակնկալում է շարունակել բանակցային ձևաչափը՝ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում առաջին առաջնահերթությունը մարդիկ են, և այդ պատճառով ուկրաինական պատվիրակությունը խոսել է 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակման մասին։ «Այս նպատակին հասել ենք», — ընդգծել է նախարարը։
Երկրորդ նպատակը, նրա խոսքով, հրադադարի քննարկումն է, կողմերը մտքեր են փոխանակել այդ հարցի շուրջ, և թիմերը կաշխատեն մանրամասների վրա։
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցան, որը նույնպես ուկրաինական պատվիրակության կազմում էր, Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են լուծվել միայն Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպման դեպքում։




