Երաժշտական եռանկյունի

Նիկո գալերի․ արվեստների խաչմերուկում. «Երաժշտական եռանկյունի»

Նիկոլայ Նիկողոսյանի անունը կրող մշակութային հիմնադրամն ու ցուցասրահը, մեծ քանդակագործի աշխատանքները մշտապես ներկայացնելու առաքելությունից բացի, ունի նաև մի քանի այլ շատ կարևոր գործառույթներ։

«Նիկո գալերին» որդեգրել է որոշակի մշակութային հայեցակարգ, որը ներառում է կրթական, ճանաչողական և երաժշտական միջոցառումների անցկացումը մեր հարթակում։ Մեզ համար կարևոր է կենդանի կապը հանրության հետ։ Լինելով մշակութային վայր, մենք փորձում ենք առավել արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները, կազմակերպելով նոր անունների գեղանկարչական ցուցահանդեսներ, բանախոսություններ, դասընթացներ երիտասարդների համար և ամենատարբեր համերգային միջոցառումներ», — ասում է ցուցասրահի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։

Վերջին ժամանակներս մշակութային նոր տենդենց է նկատվում մայրաքաղաքում, երաժշտական միջոցառումներ, որոնք կազմակերպվում են կերպարվեստի տիրույթներում՝ Ձիթողցյանի արվեստանոցում, Արդեան ցուցասրահում, Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում և այլն։ Այն յուրահատուկ հմայք է հաղորդում մայրաքաղաքի մշակութային կյանքին, ստեղծում հանրության համար հնարավորություն՝ հագեցնելու գեղագիտական պահանջները արվեստների խաչմերուկներում։

«Ես համակարգում եմ մշակութային միջոցառումների ընթացքը ցուցասրահում։ Կազմակերպում եմ հատկապես համերգներ, տարբեր թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ և մշակութային դիսկուրսներ։ Եվ քանի որ մասնագիտությամբ դիրիժոր և խմբավար եմ, հենց այստեղ, Նիկո ցուցասրահի տանիքի տակ նախաձեռնել եմ «Լիլլա» վոկալ քառյակի և նորաստեղծ «Բարի երգչախմբի» առաջին փորձերն ու ելույթները», — շարունակում է մեր զրույցի երկրորդ մասնակից Դիանա Այվազյանը։

Այսպիսով՝ ավանդական, դասական արվեստը համակցվում է ժամանակակից մշակութային երևույթների և դրսևորումների մի քանի տեսակներին՝ ստեղծելով նոր գեղագիտական մթնոլորտ, արվեստի հետ հաղորդակցման նոր հնարավորություններ և միջոցներ։

Կարդացեք նաև

Back to top button