Այս տարի լրանում է գործարար, բարերար, արվեստի կոլեկցիոներ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի-100 ամյակը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը և կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանը խոսում են Ջերարդ Գաֆէսճեանի ու նրա հավաքածուի, Հայաստանում թանգարանի հիմնադրման ու նրա դերի, կենտրոնի կրթական, ցուցահանդեսային ծրագրերի մասին։
Ջերարդ Գաֆէսճեանի բարեգործական գործունեությունը սկզբնավորվեց Երևանի կարևոր, բայցև լքված ու կիսակառույց Կասկադ համալիրի վերանորոգումով, որտեղ էլ 2009 թվականին բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Արմեն Եսայանցն ասում է, որ ուրբանիստների և ճարտարապետների կարծքով, Կասկադ համալիրի բարեկարգումը և արվեստի կենտրոնի հիմնումը, շատ լուրջ ազդեցություն է ունեցել միջավայրի ձևավորման և նոր մշակույթի ներդրման առումով։
Այսօր Գաֆէսճեան կենտրոնը ոչ միայն ներկայացնում է իր հավաքածուն, այլ նաև տեղական ու արտերկրի արվեստագետների գործերը, համագործակցում է տեղական և միջազգային ինստիտուցիաների հետ։ Այն թանգարանային նոր մշակույթ բերեց Հայաստան՝ կրթական, համերգային, դասախոսությունների, կինոդիտումների և այլ առումներով։
Գաֆէսճեան կենտրոնն առաջիններից մեկն է, որտեղ բացման օրվանից, տարբեր տարիքային խմբերի համար մշակվում և իրականացվում է կրթական մի շարք ծրագրեր։ Լիզա Շիրինյանը, խոսելով Գաֆէսճյանի տեսլականի և նպատակների մասին, նշում է, որ իրենք շարունակ կրկնում և պահպանում են Գաֆէսճեանի գլխավոր ուղերձը․ աշխարհի լավագույնը՝ Հայաստանին և Հայաստանի լավագույնը՝ աշխարհին։ «Թանգարանը հենց դա է իրականացնում», – ասում է Լիզա Շիրինյանը։
«Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրությունը անմիջական կապված է Ջերարդ Գաֆէսճեանի ու նրա կենսագրության հետ։ Օրերս մեկնարկած նոր կրթական ծրագիրը բացահայտում է Գաֆէսճեանին, նրա հավաքածուն՝ վերաիմաստավորելով այն հայ-ամերիկյան մշակույթի համատեքստում։ Ծրագիրը 8 տարեկանից բարձր երեխաների և ընտանիքների համար է։
Օրերս բացվել և այժմ էլ շարունակվում է երկու շատ հետաքրքիր ցուցահանդես․ Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունների ընտրանին՝ «Երազներ կյանքի ու մահվան մասին» և ամերիկահայ արվեստագետ Զադիկ Զադիկյանի «Վերադարձ» վերնագրով հայաստանյան առաջին ցուցահանդեսը։




