ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞ւմ է սպառնում ալերգիան․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Արցունքակալված աչքեր, ցանապատված մարմին, փռշտոց, որի դեպքում ամենասրտացավ մարդու «առողջություն» մաղթանքն անգամ չի աշխատում․ եթե ունեք ալերգիա, որն արտահայտվում է այս նշաններով և կարծում եք՝ սա ամենավատն է, ապա մենք Ձեզ համար տհաճ նորություն ունենք։

«Երևի տեսել եք ֆիլմերում, երբ մի փոքր չափաբաժին՝ նույնիսկ միկրո-միկրո քանակների ընկնում է սննդի մեջ և սուր ալերգիկ ռեակցիաներ են դրսևորում»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզաբանել մարդ-ալերգիա հարաբերությունները։


Մեր իմունային համակարգը մեզ ձեռք է առնում։ Նա, որ նախատեսված է մեզ խնդիրներից պաշտպանելու համար, երբեմն թիրախավորում է բացարձակապես անվնաս երևույթների, ասենք՝ ծաղկափոշու կամ ելակի, և ստեղծում մի իսկական խուճապ։ Մենք միայն արձանագրում ենք՝ ալերգիա ունենք։

Մարդու ընկալման մեջ ալերգիան հաճախ սեզոնային անհարմարություն է՝ գարնանային փոշուց կամ ինչ-որ սնունդից։ Բայց գիտությունը վաղուց է հասկացել՝ երբեմն խնդիրն ավելի լուրջ է․ բժիշկները դրա հիմքում ոչ թե, օրինակ, ցիտրուսային միրգ, այլ գենետիկա, շրջակա միջավայր, քաղաքակրթական սովորություններ են տեսնում։

Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորի համար անվնաս թվացող երևույթը որոշ մարդկանց օրգանիզմի համար աղետ է դառնում, ինչո՞ւ են ալերգիկներն տարեցտարի ավելացնում, ստերի՞լ, թե՞ ոչ մաքուր միջավայրն է մեղավորը, ալերգիան թյուրիմացությու՞ն է պաշտպանությո՞ւն, թե՞ էվոլյուցիոն սխալ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Եթե խոսենք գիտական լեզվով, դա իմուն համակարգի գերակտիվ կամ գերզգայուն ռեակցիան է անվնաս նյութերի նկատմամբ։ Եթե խոսենք ավելի մարդկային լեզվով, ալերգիկ ռեակցիան սխալ ռեակցիա է, որը օրգանիզմում չպետք է լիներ, որովհետև մեր իմունային համակարգը մեզ պաշտպանում է միկրոբներից, պարազիտներից և այլն։ Այն չի նախատեսել մեզ պաշտպանել, օրինակ, ծաղկափոշուց, դեղորայքից, կամ սննդամթերքից։ Այդ պատճառով, եթե պարզ լեզվով ասենք՝ ալերգիկ ռեակցիան իմունային համակարգի սխալ, ոչ ադեկվատ, չափազանցված ռեակցիան է անվնաս նյութերի նկատմամբ»։

Այս սխալը, սակայն, մարդկանց օրգանիզմներն ավելի ու ավելի հաճախ են կրկնում։ 21-րդ դարը հռչակվել է ալերգիայի դար՝ ասում է ալերգոլոգ-իմունաբան Արմինե Հակոբյանը։ Կտրուկ աճը գրանցվել է 20-դ դարի 70-80-ական թվականներից՝ մաքրության պատճառով։

«Միակ՝ արդեն հաստատված տեսությունը հիգիենայի տեսությունն է։ Քանի որ չափազանց մաքուր կենսակերպ ենք վարում (զարգացած երկրներին է դա վերաբերվում), իմունային համակարգը մնում է պարապ և սկսում է իր համար փնտրել և գտնել անվնաս թիրախներ։ Կուզեմ պատմել մի շատ հետաքրքիր հետազոտության մասին, որն ապացուցում է հիգիենայի տեսությունը․ 60-ական թվականներից մինչև 2000-ականներ տասնյակ հազարավոր երեխաներ են հետազոտել տարբեր զարգացած և զարգացող երկրներում։ Զարգացած երկրներից էին Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, իսկ զարգացող երկրները՝ Նեպալը, Գվինեան և այլն։ Եվ ի՞նչ են հայտնաբերել․ զարգացած երկրներում երեխաների մոտ կոնկրետ ռեսպիրատոր ալերգիկ հիվանդությունների աճ է գրանցվել 30%-ով։ Իսկ զարգացող երկրներում այդ ցուցանիշը գրեթե չէր փոխվել, պատկերացնո՞ւմ եք»։

Ռեսպիրատոր՝ շնչառական ալերգիկ հիվանդությունները արտահայտվում են բրոնխիալ ասթմայով՝ շնչուղիների քրոնիկ բորբոքմամբ, որը դրսևորվում է շնչահեղձությամբ, սուլող շնչառությամբ, հազով կամ ալերգիկ ռինիտով՝ քթի լորձաթաղանթի բորբոքմամբ, որը դրսևորվում է հաճախակի փռշտոցով, քթի խցանմամբ, քորով, արտահոսքով։ Ռեսպիրատոր ալերգիայի պատճառ կարող են լինել փոշին, ծաղկափոշին, կենդանու մազերը և այլն։

Բայց կան ալերգիայի մի շարք այլ տեսակներ ևս, օրինակ՝ սննդային ալերգիան, որը դրսևորվում է մաշկային ցանով, այտուցով, սրտխառնոցով, դեղորայքային ալերգիան՝ ցանով, այտուցով, ցնցումներով, շնչառության խանգարմամբ, միջատների խայթոցից առաջացող ինսեկալ ալերգիան և այլն։ Ամենավտանգավորը, սակայն Անաֆիլաքսիա է, որը արագ զարգացող, կյանքին սպառնացող վիճակ է և կարող է առաջանալ սննդից, միջատներից, դեղերից։

Բժիշկն ասում է՝ օրգանիզմը շարունակելու է գործել իր որոշմանը համապատասխան։ Լուծումը խնդրի բացահայտումը, այն որպես խնդիր նույնականացնելը և բուժում ստանալն է․

«Ախտորոշումից հետո, կախված հիվանդությունից, մենք ունենք 2-3 մոտեցում։ Առաջինը տվյալ նյութի՝ ալերգենի, բացառումն է։ Դա հնարավոր է դեղի և սննդի դեպքում, հնարավոր չէ ծաղկափոշու դեպքում։ 2-րդը՝ առաջարկում ենք բուժում․ ֆարմակոթերապիա է կոչվում, այսինքն՝ դեղերով թեթևացնում ենք ամբողջ ընթացքը։ Կան հիվանդություններ, որոնք բուժելի չեն, դրանք սննդային ծանր դրսևորումներն են և դեղորայքային ալերգիան։ Պետք է ուղղակի բացառվեն ամբողջ կյանքի ընթացքում»։

Միջին տարիքի հասած ու ալերիա չունեցող մարդիկ շատ հագիստ լինել, այնուամենայնիվ չեն կարող։ Այն հիմնականում առաջանում է երեխաների մոտ, բայց մեծահասակների դեպքում ձեռք բերելու հավանականություն ևս կա․

«Կան հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ ցանկացած տարիքում, օրինակ՝ դեղորայքային ալերգիկ ռեակցիաները։ Մենք ունենում ենք բուժառուներ, որոնք 86 տարեկանում առաջին անգամ զարգացրել են՝ իրենց ամբողջ կյանքի ընթացքում չունենալով որևէ ալերգիկ դրսևորում։ Կամ միջատի, օրինակ՝ մեղվի կամ կրետի խայթից զարգացած սուր ալերգիկ ռեակցիաները։ Մեղվապահները կարող են 50-60-ից բարձր տարիքում զարգացնել միջատի խայթից ալերգիկ ռեակցիա»։

Թե կոնկրետ ինչից է ալերգիան, հնարավոր է պարզել բժշկական ախտորոշում անցնելով։ Սա մի շատ կարևոր ռիսկից կպաշտպանի։ Զարգացած երկրներում ալերգիկ հիվանդությունները այնքան հաճախադեպ են, որ ընկալվում են որպես նորմա, և որ ավելի վատ է՝ մարդիկ բոլոր անհասկանալի իրավիճակներում ասում են, թե ալերգիա ունեն։ Դա բերում է մոլորության ու այնպիսի գործողությունների, ինչպիսին, օրինակ, պատվաստումներից հրաժարվելն է։

«Շատ մայրեր ասում են՝ երեխաս ալերգիկ է, ձու եմ տվել, ձվից դեմքի վրա մի քանի ցան է առաջացել, ես չեմ կարող թույլ տալ այլ բաներ, այդ թվում՝ պատվաստումներ, առանց խորանալու, որ ընդամենը դեմքի վրա ցանը ոչինչ է օրգանիզմի համար, իսկ որևէ վարակի մեկ հակածին մտնելով, օրգանիզմում կարող է առաջացնել շատ լուրջ հիվանդություններ»։

Առողջապահության նախարարության իմունականխարելման բաժնի աշխատակից, մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը հաճախ է ծնողներին մի բան բացատրելու կարիք զգում․ եթե երեխան ուտում է ձու և ունենում է ալեգրիկ ռեակցիաներ, ապա երեխան ալերգիա ունի ձվից, ոչ թե պատվաստանյութից։ Ալերգիայի հիմքով պատվաստանյութից խուսափելու փորձն ամենատարածվածն է։

«Պետք է ծնողը գիտակցի, որ իր երեխան մինչև համարյա 5-6 տարեկանը հանդիպելով և սննդի, և տարբեր գործոնների հետ կարող է ունենալ նմանատիպ ցանավորում, որը շատ հաճախ բուժելու կարիք անգամ չկա։ Եվ միշտ պիտի հիշել՝ մարդը ունի ալերգիկ վիճակ այ էս նյութից, բայց էս մյուս նյութից՝ չունի»։

Այնուամենայնիվ, ի՞նչ տեղի կունենա եթե պարզվի, որ պատվաստանյութը երեխայի օրգանիզմում ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում։ Մանկաբույժն ասում է՝ սարսափելի ոչինչ։

«Այդպիսի ծանր ալերգիկ վիճակները հնարավոր չէ նախապես կանխազգալ։ Այլ բան է, որ ինքը այլ նյութերից ծանր ալերգաբանական վիճակ է ունեցել։ Նման դեպքում ասում ենք՝ պետք է ցուցաբերել զգուշավորություն։ Ո՞րն է դա․ պատվաստումը անում ես և հսկում ես երեխային։ Էդ նույն տրամաբանությամբ ինքնաթիռի մոտավորապես 1900 թռիչքից մեկը կարող է ավարտվել վատ ելքով։ Ուրեմն ամբողջ աշխարհում օդանավակայանները պիտի փակվեն։ Մենք թռչում ենք, չէ՞, նստում ենք, չէ՞, ինքնաթիռ։ Հիմա մենք ուզում ենք երեխան պաշտպանվի ծանր վարակներից։ Պիտի հաշվի նստել այն փաստի հետ, որ դա հնարավոր է, կարող է հանդիպել 1.000.000-1.700.000 պատվաստումներից 1-ի դեպքում, և դա կանխարգելելի է․ եթե սկսվեցին այդ երևույթները, երեխային ոչ մի վտանգ չի լինելու։ Ինքը ստանալու է առաջին օգնության դեղորայքը, որը բոլոր պատվաստում իրականացնող կազմակերպություններում կա»։

Խոսքն իսկապես ծանր ալերգիկ դրսևորումների մասին է և նույնիսկ դրանք են կառավարելի՝ վստահեցնում է մանկաբուժը հույսով, որ ինչ-որ պահի կկոտրվի պատվաստանյութերի ու ալերգիաների մասին լեգենդը։

«Պարզապես պիտի ճիշտ հաղորդակցվենք, որ ծնողը հասկանա, որ մենք նշում ենք ծանր ալերգաբանական ռեակցիա պատվաստումից, երբ որ օրգանիզմի և այդ ռեակցիայի սահմանը անցնում է։ Այսինքն, չի կարողանում արդեն ինքնուրույն պայքարի։ Օրինակ՝ կվինկեի այտուց է առաջանում, այտուցվում է դեմքը, կարմրում է, այտուցվում է նաև ձայնաճեղքը, և շնչառությունը սկսում է հաճախանալ ու դառնալ աղմկոտ։ Դա անցնելու է դեղորայքից, բայց վախեցնելու է ծնողին։ Այ էս դեպքում ենք մենք ասում, գիտե՞ք, նախորդ պատվաստման ժամանակ նման խնդիր է առաջացել։ Մենք, իհարկե, առաջին օգնությունը ցուցաբերել ենք, այդ վիճակից ինքը դուրս է եկել, բայց 2-րդ պատվաստումը արդեն չենք կարող առաջարկել»։

Անտեղյակությունը վախ է ծնում, գիտության նպատակը իրավիճակի վրայից անորոշության փոշին մաքրելն ու կյանքը փոքր-ինչ ավելի հասկանալի ու կառավարելի դարձնելն է։ Նույն նպատակադրմամբ ու առօրյա կյանքում տեղ գտած պարզ հարցերի գիտական հիմքերը բացաայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։

Կարդացեք նաև

Back to top button