Սփյուռքի ձայնը

Կատալոնիայի հայերը. Սփյուռքի նոր ուժ Իսպանիայում. «Սփյուռքի ձայնը»

Կատալոնիայի Արարատ միության նախագահ Սարգիս Հակոբյանի հետ «Սփյուռքի ձայնի» զրույցը բացահայտում է Իսպանիայի հայկական համայնքի կյանքն ու ձեռքբերումները։

Ի տարբերություն Պորտուգալիայի, Ուրուգվայի կամ Բրազիլիայի երկարամյա հայկական համայնքների, Կատալոնիայի հայությունը համեմատաբար նոր է՝ ձևավորված վերջին 25 տարիների ընթացքում: Բայց այս «երիտասարդ» համայնքն արդեն հասցրել է ոչ միայն հաստատվել, այլև դառնալ Իսպանիայում հայկական շահերի ակտիվ պաշտպան:

«Մեզ մոտ հայկական համայնքը դեռևս երկրորդ սերնդում է, և հայկականությունն ու հայերենը պահպանվում են», — նշում է Սարգիս Հակոբյանը. «Ի տարբերություն Ուրուգվայի, որտեղ արդեն 4-5-րդ սերունդն է և հայերենը հետզհետե մոռացվում է»:

Հայերն արդեն լիովին ինտեգրվել են կատալոնական հասարակություն: Խորհրդարանի նախագահն անգամ պատմել է, որ իր վարսավիրը հայ է: «Հիմա արդեն շատ հեշտ է հայերին գտնելը և ճանաչելը», — ասում է Սարգիս Հակոբյանը, — «բոլորը ճանաչում են ինչ որ մի հայի՝ լավ մասնագետի, լավ մարդու, որը տաղանդավոր է իր գործում և ճանաչված»:

Արցախի ողբերգության արձագանքը Կատալոնիայում․ Ապրիլի 28-ին Կատալոնիայի խորհրդարանում բացվեց ցուցահանդես, որը ներկայացնում էր Արցախի հայերի ողբերգությունը: Լուսանկարիչն արտացոլել էր պատերազմի հետևանքները և Արցախից բռնի տեղահանված մարդկանց ճակատագրերը: «Խորհրդարանի նախագահն ընդունեց մեզ, և նրա հետ միասին շրջեցինք ցուցահանդեսում», — պատմում է Սարգիսը: «Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և խորհրդարանի պատգամավորներ ներկա էին բացմանը»:

Քաղաքական հաջողություններ․ Կատալոնիայի հայ համայնքը զգալի հաջողությունների է հասել տեղական իշխանությունների հետ համագործակցության ոլորտում: «Ապրիլի 24-ին Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքում բարձրացվեց Հայաստանի դրոշը քաղաքապետարանի առջև՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», — ասում է Սարգիսն ու ավելացնում․ «Արցախի հակամարտության վերաբերյալ Կատալոնիայի խորհրդարանը 2020-2023 թթ․-ին արտահայտել է հստակ դիրքորոշում։ Նրանք դատապարտել են էթնիկ զտումները, հայտարարել են, որ սա ևս մեկ ցեղասպանության փորձ է, իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին և պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Այժմ խորհրդարանում քննարկվում է հայ ռազմագերիների խնդիրը:

«Մենք ցանկանում ենք, որ խորհրդարանն ընդունի բանաձև, որը կպահանջի հայ ռազմագերիների ազատությունը և կդատապարտի Բաքվում նրանց դեմ կիրառված անարդար դատավարությունները»:

Արցախից տեղահանված հայերին օգնելու նպատակով Կատալոնիայի «Արարատ» միությունը համագործակցում է տարբեր կազմակերպությունների և քաղաքապետարանների հետ:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացնում ենք ծրագրեր արցախցիների համար: Առաջինը եղել է մանկապարտեզի վերակառուցումը, իսկ երկրորդը՝ Արցախից տեղահանված 15 ընտանիքի աջակցությունը»:

Տեղահանված հայ արհեստավորներին տրամադրվել են գործիքներ և սարքավորումներ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը Հայաստանում: Այս ծրագրերն իրականացվել են Կատալոնիայի կառավարության և տեղական քաղաքապետարանի տրամադրած սուբվենցիաների շնորհիվ:

Միասնության ուժը և մարտահրավերները. Սարգիս Հակոբյանը նշում է, որ Իսպանիայի հայ համայնքները հատկապես ակտիվորեն համագործակցել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո: Սակայն այժմ համագործակցությունը մի փոքր թուլացել է:

«Մենք արդեն սկսում ենք նորից աշխատել, մեր կապերն ամրապնդել», — հավաստիացնում է նա: Սարգիս Հակոբյանը կարևորում է հայկական համայնքի դերը Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման գործում:

«Համայնքի ակտիվությունը կարևորագույն գործոններից մեկն է, որը նպաստում է հարաբերությունների զարգացմանը: Ինչքան ուժեղ լինի համայնքը, ինչքան ակտիվ լինի, այնքան մեր հարցերն ավելի շոշափելի կլինեն Իսպանիայի համար», — համոզված է նա:

Կարդացեք նաև

Back to top button