Սփյուռքի ձայնը

Սիրիահայ քանդակագործի ճանապարհը դեպի հայրենիք․ հետպատերազմյան Սիրիայից Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Լիզեթ Պերթիզլեանը Հալեպի համալսարանի քանդակագործության բաժնի երկրորդ կուրսի ուսանող է, որը 2024թ. հոկտեմբերին «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրի շրջանակներում եկել է Հայաստան:

«Սփյուռքի ձայնը» հաղորդմանը նա պատմում է, թե ինչպե՞ս է հայտնվել Հայաստանում, ի՞նչ է նրան ոգեշնչում որպես արվեստագետ, և ինչպե՞ս է տեսնում իր ապագան հայրենիքում: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ այստեղ եղել է 2013 թվականին։

Սիրիահայ համայնքը և ուսումը Լիզեթն իր մասնագիտական ուղին սկսել է Սիրիայում՝ Սարյան ակադեմիայում, որտեղ սովորել է նկարչություն: Նրա քանդակագործության առաջին ուսուցիչը՝ Վարդգեսը, մեծ ազդեցություն է ունեցել մասնագիտական ընտրության վրա։ «Համալսարան պիտի ընտրեի, ուսուցիչս ինձ շատ քաջալերեց, և ես այդ ուղղությամբ գնացի», — հիշում է նա: Հետաքրքիր է, որ Լիզեթի կուրսում գրեթե բոլորն աղջիկներ են. «մի երկու տղա ունենք կուրսում»։ Այս փաստը հակադրվում է նրան, որ շատ երկրներում, այդ թվում Սիրիայում, հայերը ճանաչված են որպես ճարտարապետներ և քանդակագործներ։

Հայաստանյան կյանքը և կամավորությունը Հայաստան գալուց հետո Լիզեթը բնակվում է հյուրընկալ ընտանիքում: «Սկզբում մի քիչ վախ կար մեջս, որ օտար ընտանիք, օտար տուն եմ եկել։ Բայց հիմա իմ հյուրընկալ ընտանիքն ինձ համար ընտանիքիս պես է», — պատմում է նա։ Կամավորական աշխատանքի շրջանակներում Լիզեթն աշխատում է դպրատներից մեկում, որտեղ պատերի վրա նկարներ է անում երեխաների համար: Բացի այդ, նա թարգմանություններ է կատարում անգլերենից արաբերեն «Արիսլիբեր» վեբկայքի համար:

Մշակութային ներշնչանքՀայաստանում կամավորության ընթացքում Լիզեթը հնարավորություն է ունեցել ճանապարհորդելու Հայաստանի տարբեր մարզերով: Որպես քանդակագործ, նա հատկապես տպավորված է մեր պատմամշակութային հուշարձաններով: «Ամեն շաբաթ էքսկուրսիա ենք գնում: Հայաստանում, օրինակ, մեր եկեղեցիները, մեր վանքերը շատ հիանալի են»,- նշում է երիտասարդ արվեստագետը: «Հայաստանում հրաշալի արվեստագետներ կան»,- ավելացնում է: Հատկապես Վանաձորն ու Գյումրին են դարձել Լիզեթի սիրած վայրերը:

Ապագայի ծրագրերը Թեև Լիզեթի կամավորությունը ծրագրված է մինչև 2025թ. հուլիս, նա արդեն մտածում է Հայաստանում մնալու և կրթությունը շարունակելու մասին: «Ուզում եմ այստեղ շարունակել կրթությունս, որովհետև քանդակագործությունն այստեղ շատ լավ է», — ասում է նա, հավելում. «Հիմա հիմնական միտքս ուսումս է, որ շարունակեմ»։ Նրա ծնողները, որոնք դեռ Սիրիայում են, սատարում են դստեր որոշումը: «Ծնողներս միշտ ինչ որոշում էլ կայացրել եմ՝ իմ կողքին են եղել և միշտ էլ ասել են՝ դու Հայաստան ես սիրում, քո տունն է, գնա»։ Լիզեթը նաև հույս ունի, որ մի օր իր ծնողները ևս կգան Հայաստան:

Հայկական ինքնություն՝ Սիրիայից Հայաստան Սիրիահայ համայնքում մեծացած Լիզեթի համար հայկական ինքնությունը կարևոր է։ «Ընկերներս հայ են։ Հայկական դպրոց եմ գնացել, հայկական ակումբ, հայկական եկեղեցիներ։ Մենք միշտ փորձել ենք հայ շրջապատի մեջ մեծանալ և մինչև հիմա էլ մեր հայությունը շատ զորավոր ենք պահում»։ Հետպատերազմյան Սիրիայի վիճակի մասին խոսելիս Լիզեթը նշում է. «Շատ անորոշ վիճակ է, չգիտենք՝ ավելի լա՞վ պիտի լինի, թե՞ ավելի վատ։ Ամեն մարդ սպասման մեջ է»։

Կամավորությունը՝ որպես կամուրջԲացի Լիզեթից, «Դեպի Հայք»հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում կամավորություն են անում ևս չորս-հինգ սիրիահայեր՝ Գյումրիում, Վանաձորում և Երևանում։ «Հայաստանը իմ տունն է», — եզրափակում է Լիզեթը, ում հայրենադարձության պատմությունն օրինակ է, թե ինչպես կարող է հայկական Սփյուռքը պահպանել կապը հայրենիքի հետ՝ անկախ աշխարհաքաղաքական մարտահրավերներից։

Կարդացեք նաև

Back to top button