ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են զանգահարել և սպառնալ Գերմանիայի հայերին

Գերմանիայի հայերը, արդեն երկու ամիս է, հեռախոսային սպառնալիքներ են ստանում։ Նրանց կարծիքով՝ դրանց հեղինակները թուրքեր են կամ ադրբեջանցիներ։ Այդ միջադեպերի մասին մանրամասներ իմանալու համար «Ռադիոլուրը» զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ, գերմանաբնակ Գուրգեն Պետրոսյանի հետ։ Նա ասել է, որ սպառնալիքների արձանագրված դեպքերի մասին տեղեկացրել են Գերմանիայի իրավապահներին, և հույս ունեն, որ նրանք, ի վերջո, կգտնեն ու կպատժեն սպառնալիք հնչեցնողներին։

Սպառնալիքներ, ատելության խոսք, սեռական բնույթի հայհոյանքներ․ նման բովանդակությամբ հեռախոսազանգեր են ստանում Գերմանիայում ապրող հայերը։ Զանգահարողներն առավելագույնը 40 վայրկյան հետո անջատում են հեռախոսը։ Գերմանահայերը համոզված են, որ զանգահարում են թուրքերը կամ ադրբեջանցիները։ Հեռախոսային սպառնալիքների մասին փաստերը հավաքագրել է Գերմանահայ իրավաբանների ասոցիացիան։

Միջազգային իրավունքի փորձագետ, Գերմանիայում բնակվող Գուրգեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ այդ զանգերը մեր հայրենակիցները ստանում են դեռևս մարտ ամսից։

«Սկզբում մեկ-երկու հոգու էին զանգահարել, բայց արդեն ունենք հավաքագրած 2 տասնյակից ավելի դիմումներ։ Սկզբում սպառնալիքների ենթարկվածները դիմել են իրենց եկեղեցական համայնքներին, որոնք էլ իրենց հերթին դիմել են իրավաբանների ասոցիացիային: Սակայն դրանք միայն հայտնի դեպքերն են․ չբացահայտված դեպքերի թիվը պետք է որ շատ ավելի մեծ լինի»։

Մեթոդաբանությունը նույնն է․ դիմում են անունով ու ներկայանում որպես թուրք կամ ադրբեջանցի։

«Միանգամից սկսում են սպառնալիքներ հնչեցնել․ «Մենք չենք մոռացել ցեղասպանությունը, մենք կգանք քո տուն, քեզ կբռանաբարենք», սեքսուալ բնույթի դաժան խոսքեր են ասում, կամ՝ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Պետրոսյանն ասում է՝ սպառնալի զանգեր ստանում են մեծ մասամբ այն մարդիկ, որոնք ակտիվ են հանրային կյանքում։ Նա դժվարանում է բացատրել, թե ինչպես են այդ մարդկանց անձնական տվյալները հայտնվել այլ մարդկանց մոտ։

«Հստակ չենք կարող ասել՝ կազմակերպված խումբ է, թե ոչ, բայց կանխավարկած կա, որ կազմակերպված է, քանի որ այդ զանգերն արդեն 2 ամիս տեղի են ունենում»։

Նման սպառնալիքներ եղել էին դեռևս 2020-ին՝ 44 օրյա պատերազմի օրերին։

Մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց արդյունքներից գոհ չեն։

«Խնդիրն այն է, որ զանգերն անանուն են, ու դժվար է նույնականցնել հանցագործին։ Սա ընդհանուր ատելության խոսքի դրսևորում է, որը պարբերաբար տեղի է ունենում։ Մենք կապվել ենք մեր գործընկերների հետ Ֆրանսիայում, Հոլանդիայում, այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»։

Սակայն հեռախոսազանգերը միակ միջոցը չեն, որով սպառնում են հայերին։ Սպառնալիքներ ստացել են նաև Telegram-ով։ Գուրգեն Պետրոսյանն ասում է, որ տուժածներից ոմանք սպառնանք պարունակող սթիքերներ են ստացել անանուն հաշիվներից։

«Նրանց ուղարկվել են զինվորների խեղված մարմիններ կամ սպանության կադրեր»։

Գուրգեն Պետրոսյանը հույս ունի, որ Գերմանիայի քննչական մարմինները կարող են գտնել հանցագործներին և պատասխանատվության ենթարկել, քանի որ վստահում է այդ երկրի իրավապահ համակարգին։

Կարդացեք նաև

Back to top button