
Անասելի կորստի ներքո հայ ժողովուրդը դիմացավ ու հաղթեց` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X-ի էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր Մեծ եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Հարգելով անցյալը՝ ակնկալում ենք աշխատել Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ»,-գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա ևս, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրառել է «Մեծ եղեռն» տերմինը, ինչը փորձագետների գնահատմամբ՝ իրավական եզրույթ չէ՝ դրանից բխող հետևանքներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը, փորձագետների կարծիքով, հետընթաց է նախորդների համեմատությամբ․ Ջո Բայդենը 2021 թվականից կիրառում էր «Ցեղասպանություն» տերմինը, Թրամփը նախընտրեց «Մեծ եղեռն» ձևակերպումը։
Եզրույթների փոփոխությունն իրավական բովանդակության փոփոխություն է ենթադրում՝ ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը և դա պայմանավորում Միացյալ Նահանգների այսօրվա քաղաքականությամբ։
«Հայկական, հատկապես Հայ դատի հիմնական պայքարն ուղղված էր նրան, որ իրավական տերմինը նշվի, և դրանով փաստվի, որ Միացյալ Նահանգները՝ որպես պետություն, ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը ոչ թե որպես կոտորած, ջարդ, այլ հենց իրավական տերմինով՝ որպես ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ հատկապես Լեմկինի մշակած «ցեղասպանություն» եզրույթը ենթադրում է ոչ միայն փաստի արձանագրում, այլև հետևանքների վերացում։ Կարծում եմ, որ սա հետընթաց էր, ընդ որում՝ այս հետընթացը պայմանավորված չէ զուտ Դոնալդ Թրամփի պատկերացումներով ,այլ ունի աշխարհաքաղաքական որոշակի իմաստ՝ կապված ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների հատկապես ներկա փուլի և հորիզոնում նշմարվող Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ հավանական համագործակցության հետ»։
Միջազգային հեղինակավոր կառույցներն ու դրանց ազդեցիկ ներկայացուցիչները հաճախ են շեշտում, որ Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Հայ փորձագետներն էլ ընդգծում են իրավական ձևակերպումների կարևորությունը հետևանքների վերացման ճանապարհով գնալու և համանման նոր գործողությունները կանխելու համար։
Հենց այս տրամաբանությամբ՝ Թրամփի ուղերձը հայտնվել է նաև ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունի դիտարկման առանցքում։ Նա Ֆեյսբուքում գրել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահի թույլ «հիշատակումը» նվեր է ժխտողներին։
«ԱՄՆ—ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն»:
ԱՄՆ նախագահը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձում կիրառելով «Մեծ եղեռն» ձևակերպումը, նշել էր, որ հարգում է այն մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ։
«1915-ից սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերի համար: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով կայուն բարգավաճման և անվտանգության»,- նշվում է Թրամփի ուղերձում։
Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Նախագահ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձում հայ-ամերիկյան համագործակցության մասին ևս հիշատակում կա։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը շարունակմանը և տարածաշրջանային կայունությանն աջակցելուն։ Միացյալ Նահանգները ձգտում է կայուն բարգավաճման և անվտանգության»։
Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Առնվազն այս անգամ կար հստակ փաստագրում կոնկրետ հարաբերությունների ոլորտի մասին, որը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված ռազմավարական երկխոսությունն է՝ բնականաբար Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակների համատեքստում»։
Ըստ փորձագետի՝ Միացյալ Նահանգների և Իրանի վերախմբագրվող հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող փոփոխությունները կարևոր կլինեն նոր առաջնահերթությունների ձևակերպման առումով՝ ավելի հստակ դարձնելով Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը։




