
Հայաստանի երաժշտական մշակութային լանդշաֆտը գունեղ է և բազմերանգ։ Զանգվածային երևույթները հաճախ ստվերում են այն հետաքրքիր ստեղծագործական ընթացքները, որոնց նախաձեռնողներն ու մասնակիցները երիտասարդությունն է։
Մեր հյուրերի ստեղծագործական ուղիները շատ տարբեր են, երեքն էլ տեսնում են իրենց ապագան ակադեմիական երաժշտության դաշտում և ինչ-որ իմաստով նրանց համագործակցությունը պատահական չէ։
Երիտասարդ կոմպոզիտոր Մանե Բաղդասարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես կինոռեժիսոր։ Նրա աշխատանքները բարձր գնահատական են ունեցել, շահել մրցանակներ մի շարք հեղինակավոր միջազգային փառատոներում։ Բայց ինչ-որ պահի երաժշտությունը բեկեց նրա ստեղծագործական ճանապարհը և տարավ դեպի կոմպոզիցիայի ոլորտը։
Դաշնակահար և ստեղծագործող Դերեն Բրաթյանը ծնունդով Իրանից է։ Սկզբնական ուսումը ստացել է Թեհրանում և որոշում կայացրել շարունակելու այն Հայաստանում։
Իսկ ապագա երգչուհի Լիլյա Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզից է։ Նույնպես գնալով իր աստղի ետևից՝ սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում, երազելով մեծ բեմերի մասին։
Ինչպե՞ս ստացվեց, որ նրանց ճակատագրերը խաչվեցին և բերեցին ստեղծագործական համագործակցության, որի սկիզբը պայմանավորված էր Մանեի ստեղծագործությամբ։
««Ave Verum Corpus» — ը գրվել է լատիներեն աղոթքի հիման վրա։ Իսկ իմ գործընկերների հետ համագործակցությունը կայացել է ստեղծագործելու, արարելու մեծ ցանկության և նրանց փայլուն կատարման շնորհիվ, ինչի արդյունքում թողարկվել է այս ձայնագրությունը։ Այն կմասնակցի մրցույթների և կներկայացնի Հայաստանը», — ասում է Մանեն։
Նրա մեկ այլ ստեղծագործություն շուտով կհնչի Լեհաստանում, Կրակովի՝ Պենդերեցկու անվան ակադեմիայում, իսկ ամռանը, Հունգարիայի մայրաքաղաքում զուգանվագի տեսքով կհնչի հեղինակի առաջին սիմֆոնիայից հատված։ Վերջերս նաև ԱՄՆ-ում հնչեց կոմպոզիտորի մեկ այլ գործ՝ գրված ձայնի, ջութակի և դաշնամուրի համար, որին անդրադարձան համաշխարհային պարբերականներ։
Ծանոթանանք մեր հյուրերի կենսագրությանը․
Մանե Բաղդասարյան․ կինոռեժիսոր, կոմպոզիտոր, ՀՀ կինոգործիչների միության անդամ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, արժանացել է ավելի քան երեք տասնյակ միջազգային մրցանակների։ Վերջինը ստացել է 2024-ին, Վարշավայում՝ թավջութակի սյուիտի համար։ Այս գործը նաև Վիեննայում կայացած Classic Pure Vienna կոմպոզիտորների մրցույթի 6 հաղթողների թվում է։
Սոպրանո Լիլյա Հովհաննիսյանն ուսանում է ԵՊԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի երրորդ կուրսում։ 2011թվականից մասնակցել է բազմաթիվ միջազգային և տեղական մրցույթների՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ 2022-ին, Ռիգայում կայացած Riga Symphony, 2023-ին Վիլնյուսի Music Talent League, Կլայպեդայի Baltic Voice մրցույթներում առաջին հորիզոնականներն է նվաճել։ Լիլյան ունի գունեղ և բազմազան երգացանկ, որի շնորհիվ էլ նրան Գրան Պրի և առաջին մրցանակներ են շնորհվել «Վերածնունդ», «Ոսկե ձայներ», «Հայաստանի ձայներ» միջազգային ու հանրապետական մրցույթներում։
Դաշնակահար Դերեն Բրաթյանը ուսանում է ԵՊԿ-ում, երկրորդ կուրսում։ Արժանացել է բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակների։ Ծնվելով Թեհրանում, նա հայրենիքում է որոշել շարունակել իր ակադեմիական կրթությունը՝ կարևորելով Հայաստանում իր գործունեությունը։
Թեհրանի արվեստի ակադեմիայի կողմից արժանացել է բարձրագույն մրցանակի, Գերմանիայի և Իտալիայի հյուպատոսարաններում առիթ է ունեցել եկեղեցական ծրագրերում կատարել նաև երգեհոնային երաժշտություն, թողարկել է մի շարք սեփական ստեղծագործություններ։ Թեհրանի «Առաջին շրջանի լավագույն կատարողներ» մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ որպես դաշնակահար։ Պարբերաբար հանդես է գալիս նոր համերգներով, հարուստ և բազմազան ծրագրերով:




