Սփյուռքի ձայնը

«Նրանք ինձ մայրիկ էին ասում»․ նորվեգացի բժշկուհի Բուդիլի հերոսական պատմությունը Հայոց ցեղասպանության տարիներին. «Սփյուռքի ձայնը»

Նորվեգացի բժշկուհի, միսիոներ Բուդիլի պատմությունը մարդասիրության և արիության օրինակ է: Ազնվական և հարուստ ընտանիքից սերված Բուդիլը, հրաժարվելով հարմարավետ կյանքից, որոշում է սովորել բժշկություն և գնալ այնտեղ, որտեղ իր օգնության կարիքն ունեին:

1905 թվականին, կրթություն ստանալուց հետո, Բուդիլը մեկնում է Թուրքիա, որտեղ նա իր բժշկական հմտություններով օգնում է հայկական ջարդերի հետևանքով անտանելի վիճակում հայտնված կանանց և երեխաներին: Նա սովորում է թուրքերեն, հայերեն և այլ լեզուներ՝ ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:

Հայոց ցեղասպանության տարիներին Բուդիլը հայտնվեց բռնի տեղահանության և կոտորածների էպիկենտրոնում: Երբ թուրքական բանակը հրկիզեց հայ որբերի ապաստարաններից մեկը, Բուդիլին հաջողվեց փրկել մի հիվանդ և տկար հայ տղայի՝ Սաֆարյան ազգանունով, որը հետագայում դարձավ Հյուսի Բյոնի հայրը: Թուրք զինվորականի օգնությամբ և բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով՝ նա տղային տարավ Նորվեգիա: Բուդիլը որդեգրեց երեխային, ապահովեց նրա փաստաթղթերը և հաստատվեց Նորվեգիայում: Սակայն երբ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց, նա եկավ Հայաստան և Գյումրիում հիմնեց նորվեգական որբանոց: Տղային նա չբերեց Հայաստան: Երբ խորհրդային իշխանություն հաստատվեց, Բուդիլին հրահանգեցին լքել երկիրը:

Այս հուզիչ պատմության հիման վրա ստեղծված ֆիլմը՝ «Նրանք ինձ մայրիկ էին ասում», հիմնված է Բուդիլի թոռան՝ Հյուսի Բյոնի հետազոտությունների վրա, որը, գտնելով տատիկի օրագրերը, որոշել է հետևել նրա անցած ճանապարհին՝ գնալով Բեյրութ, Սիրիա, Թուրքիա և Հայաստան:

Չնայած օտարության մեջ ծնվելուն ու մեծանալուն, Հյուսի Բյոնը իրեն համարում է հայ, և նշում է, որ ԴՆԹ թեստերը հաստատել են իր հայկական ու ֆիննական ծագումը (մայրը ծագումով Ֆինլանդիայից էր):

Ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ երկրներում, և Հյուսին հույս ունի, որ այն կցուցադրվի նաև Թուրքիայում: Նա նաև նախատեսում է մեկ այլ ֆիլմ նկարել՝ նվիրված իր տատիկի ուժեղ բնավորությանն, որը, նրա համոզմամբ, պետք է նկարահանի հայ կին ռեժիսորը:

Ֆրիտյոֆ Ռաֆայել Սաֆարյան՝ Հյուսի Բյոնի հոր և տատիկի՝ Բուդիլի պատմությունը պատմական ողբերգության միջով անցած ընտանիքների արմատներին, ինքնությանը հավատարիմ մնալու օրինակ են և հարգանքի տուրք նրանց հանդեպ, ովքեր փրկել են իրենց նախնիներին: Այս պատմությունը նաև անհատների մարդասիրության և բարության մասին է մարդկության պատմության ամենամութ պահերին:

Կարդացեք նաև

Back to top button