Էկոսֆերա

Երկրի օր․ բնապահպանական միջոցառումներ և սկյուռների պաշտպանության ահազանգ․ «Էկոսֆերա»

  • Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհը նշում է «Երկրի օրը»․ ինչպիսի՞ բնապահպանական միջոցառումներ են իրականացվում։
  • «Դինգո թիմ» ՀԿ-ն ահազանգում է՝ վաճառվում են վայրի բնությունից բռնված սկյուռներ՝  առանց փաստաթղթի։

Վայրի կենդանիներին անազատության և կիսաազատ պայմաններում պահելու խնդիրների մասին հաճախ է խոսվում։ Վերջերս նաև համացանցում ահազանգ հնչեց, որ կենդանիների առք ու վաճառքով զբաղվող խանութում վաճառվում է սկյուռ, որը բռնվել է վայրի բնությունից։ Մասնավորապես, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանն ահազանգում է․ 

«Վայրի կենդանիների մասով վերջերս եմ սկսել հետաքրքրվել, քանի որ անտուն կենդանիների խնդիրները, ինչով զբաղվում եմ, ինքնին ծավալուն են։ Սակայն վերջերս մի գրառում տեսա, երբ խանութում վաճառվող սկյուռներից մեկին վերցրել էին անասնաբուժական ֆակուլտետի ուսանողները և փորձում էին բուժել, քանի որ նա, երկար մնալով վանդակում, սկսել էր ինքն իրեն վնասել։ Ուսումնասիրեցի ու հասկացա, որ բավականին լուրջ խնդիր է սկյուռներին վանդակում պահելը։ Բացի դրանից, օրենքով չի թույլատրվում վայրի կենդանուն բռնել ու վաճառել» ։

Հովսեփյանի դիտարկմամբ՝ վայրի բնությունից բռնված կենդանի վաճառելու համար խանութը պետք է ունենա փաստաթուղթ, թույլտվություն՝ կենդանու վաճառքի համար։

«Փաստացի՝ խանութներից ոչ մեկը չի ունենում փաստաթուղթ, քանի որ դրանք վայրի բնությունից բռնած սկյուռիկներ են։ Մեր հնչեցրած ահազանգի դեպքում ևս փաստաթուղթ չկար։ Այնտեղ նշվում է, որ ռուսական սկյուռիկներ են։ Ենթադրում էի, որ ներկրված են Ռուսաստանից, բայց հարցրեցի, ասացին՝ ոչ, տեսակն է այդպես կոչվում, իրենք էլ պատահական ինչ-որ մեկից են գնել։ Վայրի կենդանիների հենց այս տեսակներն օրենքով այդքան էլ պաշտպանված չեն, ինչպես օրինակ՝ արջերը։ Համաձայն ՇՄՆ 2023 թ․-ի ապրիլի 12-ի N133 հրամանի, որը ստորագրվել է գործող նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, սկյուռներն ընդգրկված են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող թույլտվություն չպահանջվող վայրի կենդանիների ցանկում»։

Ապրիլի 22 -ը՝ «Երկրի օրն»  է․ Ամեն տարի ապրիլի 22 -ին աշխարհը նշում է Երկրի օրը (անգլ.՝ Earth Day)։ Երկրի օրը նշվում է տարեկան երկու անգամ՝ մարտին՝ գիշերահավասարի օրը, և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։

Դրանց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։ Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» ցանցի կողմից։

Հասարակական ու քաղաքական ակտիվության շնորհիվ ԱՄՆ-ում ընդունվել են շատ օրենքներ ու ակտեր` կապված շրջակա բնության պահպանման հետ։ Հայաստանում ևս այս օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվում։  

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի համակողմանի զարգացման նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացնում է բազմաշերտ գործունեություն՝ սկսած անտառտնկում-անտառվերականգնումից, կողմնակի անտառօգտագործումից մինչև կրթական-իրազեկման աշխատանքներ:

Աշխարհում և Հայաստանում անտառների պահպանությունն օրախնդիր է թե՛ կանաչ տարածքների ավելացման, թե՛ անտառների դերն ու նշանակությունը մշտապես բարձրաձայնելու առումով: Այս համատեքստում կրթական հաստատությունների հետ համագործակցության և Երկրի օրվա շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ համատեղ իրականացրեց  էկոկրթական միջոցառում-բաց դաս ապագա մասնագետների հետ: Բաց դասի բանախոսը՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն էր․

 «Օրը շատ խորհրդանշական է։ Դեռևս 1975 թ․-ից, երբ որ այս օրը համարվել է որպես երկրի օր, հիմնական գաղափարը եղել է մարդկանց ուշադրությունը բևեռել հենց երկրի շրջակա միջավայրի, անտառների, ջրերի, գետերի պահպանությանը, ճիշտ օգտագործմանը և դրանց վերադարձի ձևավորմանը։ Հետևապես, կարևորելով օրվա խորհուրդը, մենք մեր բաժին պարտավորությունը ունենք իրականացնելու, պահպանելու և նաև փոխանցելու սերնդեսերունդ այն մեծ հարստությունը, ինչ-որ ունենք մեր փոքրիկ Հայաստանի Հանրապետությունում»,- բացման խոսքում ընդգծեց Սևակ Մարկոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button