
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին մարտի 13–ի հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև գործնական շփումներ տեղի չեն ունեցել։ Կողմերի ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, բայց հանդիպումը ոչ թե բանակցային, այլ աշխատակարգային էր։ Հայաստանն առայժմ սպասում է իր մի շարք առաջարկների վերաբերյալ Բաքվի պատասխաններին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման օրը և վայրը որոշելու առնչությամբ։ Փոխարենը՝ մարտի 13–ից հետո ակտիվացել են տեղեկատվական արշավները սահմանային լարվածության մասին, գրանցվել են նաև միջադեպեր, որոնց արձագանքել է ԵՄ դիտորդական առաքելությունը։
Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներին անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ արձանագրությամբ, որ դրանք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Եվրոպացի դիտորդները տարածած հաղորդագրության մեջ նշել են, մեջբերում․ «հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից», մեջբերման ավարտ։ Հանգստյան օրերին առաքելությունն իր գործողության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում, անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն։
Հայաստանի իշխանություններին հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները մտահոգում են, բայց, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ դրանք էսկալացիայի և ավելի լուրջ բախումների կհանգեցնեն։
«Բացատրությունը հետևյալն է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին–չկրակեցին, այո՛, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի»։
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանի խորհրդարանի ղեկավարը չի շտապում փակուղային որակել։ Այդ պնդումն անում է օրերս Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից և շփումներից հետո։
«Մենք ժամերով նիստի ենք մասնակցել և իրար կողքի նստած ենք եղել և տարբեր հարցեր ենք քննարկել։ Տարբեր հարցերի շուրջ խոսել ենք, պայմանավորվել ենք, որ հրապարակայնորեն սրա մասին չենք խոսելու, առավել ևս որևիցե նոր և դարակազմիկ բան չկա, էլ չեմ ասում, որ այդ ձևաչափում մենք որևիցե բան ո՛չ որոշում ենք, ո՛չ որոշելուն մոտ խոսակցություն է տեղի ունեցել։ Բայց ես շփման տպավորությունով եմ ձեզ հետ կիսվում, ինչպես նաև մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման։ Ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Իմ տպավորություններով, ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել, չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»։
Բանակցային տարբեր հարթակներում փակուղու մասին խոսակցություններն ու տպավորություններն իր հերթին հերքում է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Թեև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա, Գրիգորյանի փոխանցմամբ՝ կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքի հաջորդ փուլերի կազմակերպման վերաբերյալ:
Այս ամենին զուգահեռ, սակայն, Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջ քաշել և ոչ միայն։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ գերակա է խաղաղության օրակարգի մասին խոսույթը, Ադրբեջանում ինտենսիվորեն շարունակվում է ատելության խոսքի տարածումը, անգամ պետական մակարդակով և դպրոցներում։ Այս առնչությամբ Հայաստանում կատարվել է հետազոտություն, ուսումնասիրության առարկան եղել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց հռետորաբանությունը։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ և զեկույցի համահեղինակ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ կիրառվող ատելության խոսքի դրսևորումները վաղուց Եվրոպական դատարանի ուշադրության ներքո են։
«Արդեն իսկ Միջազգային արդարադատության դատարանը ընդունել է մի քանի որոշում, ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ, որտեղ ուղիղ ձևով արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց և հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց։ Խաղաղության ամեն օրակարգ նախ և առաջ ենթադրում է ատելության դրսևորումների վերացում, դրա դեմ պայքար»։
Մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ մտադիր չէ ի կատար ածել եվրոպական ատյանների որոշումները՝ տարբեր հիմնավորումներ բերելով։ Օրինակ՝ ՄԻԵԴ-ի դեպքում վկայակոչելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցումը։
Ադրբեջանի քաղաքականությունը զգալիորեն փոխվել է վերջին տարիներին, և դա հատկապես մտահոգիչ է համարում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ Վերջին շրջանում այդ երկրում տարբեր պատճառաբանություններով ձերբակալվում են բոլոր այն գործիչները, որոնք մասնակցել են «ոչ պատերազմին» շարժմանը, դրան զուգահեռ՝ ատելության խոսքն Ադրբեջանում ուղեկցվում է զավթողական ծրագրերով։ Հայրապետյանը նկատում է, որ հայր Ալիևը 90–ականներին միայն մեկ անգամ է օգտագործել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը, և դրանից հետո 23–24 տարի շարունակ այլևս անդրադարձ չի եղել այդ թեմային։ 2020-ից հետո իրավիճակը փոխվել է՝ ասում է փորձագետը։
«Ադրբեջանի հանրակրթական դասագրքերը, կոնկրետ պատմության դասագիրքն եմ ես ուսումնասիրում, էական փոփոխություններ են կրել 2020 թվականից հետո, բայց «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը շրջանառության մեջ է դրվել 23–24 թվականի հրատարակություններում։ Այդ թեման շատ ակտիվորեն մտել է հանրակրթական դպրոցներ, և ցույց է տալիս, որ դա պարզապես քաղաքական սպառման կոնտենտ չէ։ Պատկերացրեք, 5–րդ դասարանի երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան և իմանում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը «իր հողն» է, հետո կարդում է Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ ասվում է, որ «այս Հայաստանը ֆաշիստական պետություն է»։ Այս տրամաբանությամբ՝ այդ երեխան մեծանում է, սովորում և առաջնորդվում»։
Այս պահին Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» անվանումով հեռուստաընկերություն, կայք և համայնք են գործում։
Ադրբեջանում շրջանառվող կեղծ տերմինաբանության առնչությամբ մտահոգություններ Հայաստանում հնչել են ամենաբարձր մակարդակով և ամենաբարձր ամբիոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում մեկնաբանել էր, թե ինչու է հայկական կողմը պնդում, որ պայմանագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման փաստաթուղթը բանակցային սեղանին դրվեն միաժամանակ։
«Ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ՝ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում։ Ասենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» շարժում և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է»։
Ինչպես մյուս, այս առաջարկի առնչությամբ ևս ադրբեջանական կողմի դիրքորոշումը հայտնի չէ։




