
Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խորհրդարանական հանձնաժողովում 2024-ի տարեկան հաղորդումն է ներկայացրել։ Նա նշել է, որ մինչև հիմա տարեցները՝ որպես խոցելի խումբ, քիչ երկրներում են առանձնացված եղել, այս տարի Հայաստանի ՄԻՊ-ը նաև նրանց է ներառել։ Անահիտ Մանասյանը զեկույցում շեշտադրել է պատժից ազատված, բայց բնակության վայր չունեցողներին պետությունից բնակվարձ չտրամադրելու հարցը, նշել է, որ խոցելի խավ են նաև անօթևանները։
Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու դեպքերը նունպես ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում են։ Օմբուդսմենը խոսել է նաև դպրոցներում թմրամոլության բացասական ազդեցության, դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին, թեև մանրամասներ չի հայտնել։
2024 թ․ բանակում մահվան 26 դեպք է արձանագրվել, որոնցից չորսը՝ հակառակորդի կրակոցից։ Այս տվյալները ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը, երբ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անցյալ տարվա տարեկան զեկույցն էր ներկայացնում․
«Մնացածը ինքնասպանություն կամ ավտովթար են, շատ են նաև հիվանդությունից մահվան դեպքերը։ Սրա վրա կուզեմ դուք ուշադրություն դարձնեք, այսինքն՝ հիվանդ մարդուն զորակոչել են բանակ, մարդը գնացել է ու մահացել»։

Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է՝ բանակում մահվան դեպքերը մի խնդիր է, որի մասին ինքը պարբերաբար խոսում է, հրապարակային հայտարարություններ է անում․
«Ես համարում եմ, որ նորմալ չէ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում ունենալ մահվան դեպքեր։ Անգամ եթե դա մեկն է, արդեն իսկ խնդրահարույց է։ Բայց ընդհանուր առմամբ նորմալ չէ։ Կոնկրետ դեպքերի վրա չեմ ցանկանա կենտրոնանալ՝ նաև նկատի ունենալով այն, որ անվտանգության հարցեր է ենթադրում։ Հրապարակայնորեն անուն-ազգանուն ասելը ճիշտ չէ, բայց համակարգային առումով, համարում եմ, որ Զինված ուժերում մահվան դեպքերի կանխարգելումը, ըստ էության, չի համապատասխանում այն չափանիշներին, որին պետք է համապատասխանի»։
Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ կան խնդիրներ, որոնք նոր տրամաբանությամբ են դիտարկել, օրինակ՝ ոստիկանական բռնության կամ անհամաչափ ուժի կիրառման հետևանքով առկա տարբեր վարույթներով պատասխանատվության հարցերը միշտ էլ քննարկման առարկա եղել են, բայց այս տարի զեկույցում հատուկ հատված են առանձնացրել՝ այս խնդրին առնչվող․
«Ոստիկանական բռնության մասին է խոսքը, նաև ազատությունից զրկվածների պահման վայրերում բռնության առկայության պարագայում, եթե ուժը անհամաչափ է կամ հանգեցնում է վատ վերաբերմունքի, կամ պատասխանատվության անխուսափելիության չպահպանման մասին է խոսքը։ Մենք այդպես էլ պատասխանատվության միջոցների անխուսափելիություն չենք ունենում, քանի որ այդպես էլ չենք տեսնում, որ վատ վերաբերմունքի ենթարկված կամ ինչ-որ մեկին ինքնասպանության հասցրած կամ ինչ-որ մեկին սպանած մարդիկ պատասխանատվություն կրեն»։
Անահիտ Մանասյանը զեկույցում շեշտադրում է պատժից ազատված, բայց բնակության վայր չունեցողներին պետությունից բնակվարձ չտրամադրելու հարցը։ Նշում է, որ նման դեպքերի մասին հրապարակային հայտարարություններ գրեթե չեն լինում, բայց այդ մարդիկ շատ խոցելի են։ Այդպիսին են նաև անօթևանները։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանն անօթևանների կացարաններով է հետաքրքրվում։ Մեջբերում է ՄԻՊ-ի զեկույցից մի հատված՝ 78-ով նվազել է անօթևանների ժամանակավոր կացարաններում ապրողների թիվը․

«Ըստ Ձեր զեկույցի՝ մենք չենք կարողանում պատշաճ պայմաններ ապահովել՝ թե՛ կենցաղային, թե՛ իրավունքի ու ծառայությունների պաշտպանություն։ Ես կուզենայի իմանալ՝ Դուք այցելե՞լ եք անօթևանների ժամանակավոր պաշտպանության կացարաններ, եթե՝ այո, ի՞նչ տպավորություն ունեք»։
Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ամենացավոտ խնդիրներից է դա։ Այս հարցերի առնչությամբ որոշակի գործողություններ են կատարում, սակայն անօթևանների կացարան ՄԻՊ-ը դեռ չի այցելել, բայց առաջիկայում կայցելի։
2024-ին ՄԻՊ գրասենյակը առաջարկներ է ներկայացրել, որոնց որոշակի լուծումներ են տրվել։ Դրանք մեծ մասամբ օրենսդրական կամ իրավական ակտերի փոփոխություններն են։ Որպես օրինակ ՄԻՊ-ն առանձնացնում է հոգեբուժական ու խնամքի հաստատություններում շահառուների նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման միջոցների գործադրման ընթացակարգերը հաստատելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագիծը։ Ասում է, որ տարիներ շարունակ այդ հարցը բարձրաձայնել են։
Այս ու նմանատիպ այլ խնդիրներ շատ հաճախ ուշադրությունից դուրս են մնում, շատ դեպքերում ուժի կիրառումը առանց կանոնների է տեղի ունենում։ Նա առանձնակիորեն շեշտադրում է, որ մի շարք իրավիճակներ են եղել, երբ իրենց առաջարկը չի ընդունվել կամ հետ է ուղարկվել, բայց բազմաթիվ խնդիրներ էլ լուծվել են։
«Սյունիքի նյարդաբուժական դիսպանսերի առաջին հարկում՝ ժամանակավոր մեկուսացման բաժանմունքի պատուհանների դիմաց, կառուցվել է լրացուցիչ արգելապատնեշ։ Սա մենք փորձում էինք անընդհատ ի կատար ածել, այս առաջարկը այս տարի կարծես թե կատարվել է»։
Մանասյանն ընդգծում է նաև, որ տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի ջանքերով տարբեր հաստատությունների աշխատակիցներ նաև վերապատրաստումներ են անցել։




