
Բարեգործությունն ու եկեղեցական կյանքը նոր փուլ են մտնում։ Խաչքար Ստուդիոսը այս տարվա ապրիլի 11-ին հայտարարեց աննախադեպ՝ 10 միլիոն դոլարից ավելի արժեքով ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիներին՝ համայնքային ներգրավվածության և եկեղեցի այցելողների թվի աճի միջոցով։
Այս նորարարական ծրագիրը օգտագործում է բիզնեսի ոլորտից վերցված գործիքները՝ եկեղեցու գործունեությունը գնահատելու և բարելավելու նպատակով։ Նախաձեռնության նպատակն է ավելացնել եկեղեցու ներգրավվածությունը, բարձրացնել պատարագների հաճախելիությունը և ձևավորել չափելի ազդեցություն համայնքների ներսում։ Այս պահին ԱՄՆ-ում մոտ 13,000 հայ քրիստոնյա է կանոնավոր հաճախում պատարագների՝ առանց տոնական առիթների։ Դա հայկական եկեղեցուն դասում է ամենացածր դիրքերում՝ ԱՄՆ-ում գործող այլ եկեղեցիների շարքում։
Արդյուքների չափման համար Խաչքար Ստուդիոսը կիրառում է երկու հիմնական չափման գործիք, KPI #1, որը չափում է եկեղեցի հաճախող «հավատացյալների» թվի աճը և SROI, որը գնահատում է, թե որքան արդյունավետ է եկեղեցին օգտագործում ֆինանսական և նյութական աջակցությունը՝ համեմատելով այն այլ եկեղեցիների հետ։
Ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 37 եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրը տարեկան կստանա $40,000-ից $80,000։
Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ոլորտներին՝
- Բովանդակության ստեղծում
- Քրիստոնեական առաջնորդների ուսուցում
- Աստվածաշնչյան խմբերի զարգացում
- Համայնքի հետ կապի ու տեղեկացման աշխատանք
Եկեղեցիներից պահանջվում է շաբաթական ընդամենը 6 ժամ կամավորական ներգրավվածություն, որը հնարավոր կլինի իրականացնել շնորհիվ վերապատրաստումների և թվային գործիքների։
Խաչքար Ստուդիոսը լուծում է հայկական եկեղեցիներում տարիներ շարունակ անտեսված խնդիրը՝ գովազդի ու հանրային կապերի պակասը։ Ծրագիրը տրամադրում է մեդիա բյուջե, որը 25 անգամ գերազանցում է ԱՄՆ հայկական եկեղեցիների մեդիա ծախսերը միասին վերցրած։ Մեդիա նախաձեռնությունը ներառում է հրապարակային զեկույցներ, փոդքաստների և կարճ տեսանյութերի պատրաստում, ինչպես նաև ուղիղ միջոցառումների կազմակերպում։
Ծրագրի ֆինանսական կառուցվածքը, իրականացման փուլերը և եկեղեցիների վարկանիշները ներկայացված են 2025 թվականի ապրիլին հրապարակված 12 էջանոց Փորձնական Փաթեթում։ Փաթեթն ընդգրկում է ԱՄՆ-ում գործող բոլոր 164 հայկական եկեղեցիների համընդհանուր ֆինանսական հաշվետվությունը և Խաչքար Ստուդիոսի կողմից իրականացված 10 հիմնական վերլուծությունները։
Ծրագիրը իրականացվում է Charles & Agnes Kazarian հիմնադրամի հովանու ներքո՝ JI-Analytics-ի և Japonica Partners-ի հետ համատեղ։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն հոգևոր արդյունքներ ապահովել, այլ նաև ստեղծել նոր մոդել՝ արդյունքահեն և մասշտաբային բարեգործության համար, որը կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։




