Երաժշտական եռանկյունի

Բախի ֆենոմենը և նրա 340-ամյա ժառանգությունը․ «Երաժշտական եռանկյունի»

Բախի ստեղծագործությունը և ներկայությունն արվեստում պայմանավորեց հեղափոխական անցումը հնագույն երաժշտությունից դեպի դասական երաժշտություն՝ ունենալով քաղաքակրթական ազդեցություն առհասարակ եվրոպական մշակույթի ընթացքի վրա։

«Բախի հոբելյանը լավ առիթ է տալիս խորհելու նրա ֆենոմենի մասին, հասկանալու և գիտակցելու նրա դերն ու նշանակությունը համաշխարհային երաժշտության մեջ և, ի վերջո, որերորդ անգամ տեսնելու մարդկայինի և աստվածայինի կապի արտահայտությունը նրա ողջ ժառանգության մեջ», — ասում է հաղորդման հյուրը՝ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, հրապարակախոս Արամ Աբրահամյանը։

Ժառանգականությունը հսկայական դեր է խաղացել Յոհան Սեբաստիան Բախի կյանքում։ Բախերի ընտանիքում արդեն մի քանի կոմպոզիտորներ կային, երբ Այզենախ քաղաքում ծնվեց Յոհան Սեբաստիանը՝ ընտանիքի վերջին երեխան։ Որբանալով 10 տարեկանում՝ նա հինգ տարի ապրել է իր ավագ եղբոր հետ, որից հետո շարունակել է իր երաժշտական ուղին Լյունեբուրգում։

1703 թվականին վերադարձել է Թյուրինգիա՝ աշխատելով որպես երաժիշտ բողոքական եկեղեցիներում և երկար ժամանակ Վայմարի արքունիքում, որտեղ էլ ընդլայնել է իր ստեղծագործությունների ժանրային ոլորտը։

1723 թվականից որպես դիրիժոր և երգեհոնահար աշխատել է Լայպցիգի Սբ. Թովմաս եկեղեցում։ Բախը երաժշտություն է գրել քաղաքի հիմնական Լյութերական եկեղեցիների և համալսարանի ուսանողական «Collegium Musicum» անսամբլի համար։

1726 թվականից սկսած նա հրատարակել է իր ստեղնաշարային և երգեհոնային որոշ ստեղծագործությունները։

1736 թվականին Հոլանդիայի Ավգուստ III-ը նրան շնորհել է արքունական կոմպոզիտորի տիտղոս։ Կյանքի վերջին տասնամյակում Բախը վերամշակել և ընդլայնել է իր վաղ շրջանի ստեղծագործությունները։ Նա մահացել է 1750 թվականին աչքի վիրահատության բարդություններից։

Բախը հարստացրել և հիմնադրել է գերմանական բարոկկո ոճը կոնտրապունկտի, հարմոնիայի իր վարպետության, ինչպես նաև օտարերկրյա՝ հիմնականում ֆրանսիական և իտալական երաժշտության ռիթմերի, ձևերի և կառուցվածքի՝ գերմանականին հարմարեցնելու իր ունակության շնորհիվ։ Բախի ստեղծագործություններն ընդգրկում են հարյուրավոր հոգևոր և աշխարհիկ կանտատներ։ Նա ստեղծել է եկեղեցական երաժշտություն նաև լատիներենով, օրատորիաներ և օրհներգեր։ Հաճախ փոխառել է Լյութերական հիմնը ոչ միայն իր մեծ վոկալ ստեղծագործություններում, այլև, օրինակ՝ խմբերգություններում և հոգևոր երգերում։ Նա գրել է մեծապես երգեհոնի և այլ ստեղնաշարային գործիքների համար, ստեղծել է կոնցերտներ ջութակի և կլավիկորդի համար,  կամերային երաժշտություն։

18-րդ դարում Բախին հիմնականում գնահատել են որպես երգեհոնահարի, մինչդեռ նրա ստեղնաշարային գործերի մեծ մասը՝ ինչպես օրինակ՝ Լավ տեմպերացված կլավիրը, գնահատվել են որպես ուսումնական ձեռնարկներ։ 19-րդ դարում հրատարակվել են կոմպոզիտորի հիմնական կենսագրական տվյալները և մինչև դարի վերջ տպագրվել են նրա բոլոր հայտնի երաժշտական գործերը։

Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավելի ստեղծագործություն։

Մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ կոմպոզիտորների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից։ 

Կարդացեք նաև

Back to top button