
Այսօր առավոտից փակ էր Երևան– Աշտարակ մայրուղու Քասախի հատվածը։ Երեկվանից սկսված բողոքի ակցիայի պատճառը հասարակական տրանսպորտն է։ Քասախցիները պահանջում են, որ իրենց շարունակի սպասարկել Երևանի թիվ 59 երթուղու ավտոբուսները։ Նրանք դեմ են առաջարկվող միկրոավտոբուսի տարբերակին։ Ակցիայի մասնակիցներին համայնքային իշխանություններն առաջարկել են խնդիրը քննարկել Եղվարդում, բայց քասախցիները հրաժարվել են։ Ի վերջո, համայնքային պաշտոնյաներն իրենք են եկել Քասախ։ Մոտ մեկ ժամ փակ քննարկումից հետո հայտարարվել է, որ մեկ շաբաթում կքննարկեն ու կառաջարկեն այնպիսի լուծում, որից բոլոր կողմերը գոհ կմնան։
Մեկ շաբաթ ժամանակ՝ խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։ Ապրիլի 10-ի առավոտից փակ էր Երևան– Աշտարակ մայրուղու Քասախ գյուղի հատվածը։ Գյուղի բնակիչները պահանջում էին , որ թիվ 59 երթուղու ավտոբուսները շարունակեն սպասարկել իրենց։
«Սա քաղաքամերձ ավան է, մարզը մեզնից 30 կմ հեռու է, Երևանը մեզ կպած է։ Պահանջում ենք, որ մեր հարցը լուծվի։ Մենակ ավտոբուս լինի, պահանջում ենք, որ մեր 59 մնա, աշխատի մինչև Բարեկամություն մետրո»։
Մի քանի ժամ շարունակ իրավիճակը լարված էր․ «Ընկեր, ես եկա տուն գնամ, չեն թողնում։ Ճանապարհը բացեք։ Երեկ ես էլ էի ճամփա փակել, բայց հիմա գործ ունենք։ Պետք ա գնանք։ Էսօր էդ իրավունքը իմ համար առաջնահերթ չի»։
Ճանապարհը միակողմանի բացվեց, երբ հայտարարվեց, որ տրանսպորտային հարցերը համակարգողներն ու Կոտայքի մարզպետը քննարկման կգան։ Բայց հետո պարզվեց, որ հանդիպումը պետք է Եղվարդում տեղի ունենա, քանի որ Քասախը միացված է Եղվարդ խոշորացված համայնքին։ ՏԿԵՆ ներկայացուցիչ Պապին Գալստյանն այս առաջարկը համայնքի բնակիչներին փոխանցեց․ «Առաջարկում ենք գաք, ծանոթանաք ու ասեք ձեր կարծիքը՝ համաձայն եք, թե ոչ»։
Ակցիայի մասնակիցները քննարկեցին ու հայտարարեցին՝ համաձայն չեն հարցը Եղվարդում քննարկել․ «Քասախ համայնքի անունից խնդրում ենք, որ գաք, էստեղ քննարկենք։ Հանրությունը հրաժարվում է գալ այնտեղ»։
Ոլորտը համակարգող փոխնախարարը, մարզպետն ու մի քանի այլ պաշտոնյաներ իրենք եկան Քասախ։ Ի վերջո՝ ճանապարհը բացվեց։ Գյուղապետարանում փակ հանդիպումը մոտ մեկ ժամ տևեց։ Բնակիչներից մի քանիսն էին մասնակցում քննարկմանը։ Մյուսները լրագրողների հետ դրսում սպասում էին։ Քննարկումից հետո արդյունքների մասին տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ․
«Մի քանի տարբերակ քննարկել ենք, բայց չասեմ, քանի դեռ վերջնական տարբերակ չենք գտել։ Մեկ շաբաթվա ընթացքում կքննարկենք հարցը, իսկ 59 համարի ավտոբուսը կշարունակի այնքան ժամանակ, մինչև լուծում գտնենք»։

Քննարկման մանրամասները «Ռադիոլուրին» ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոյանը փոխանցեց։ Ասաց՝ լսել են բնակիչների դժգոհություններն ու խնդրանքը։ Սիմոնյանի խոսքով՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով» ներհամայնքային փոխադրումը համայնքի վարչական տարածքում իրականցվող փոխադրում է։ Ուստի այս դեպքում պետք է համայնքն սպասարկի Կոտայքի մարզի ուղևորափոխադրող ընկերությունը․
«Քաղաքացիները հարցրեցին, թե հնարավո՞ր է արդյոք գոնե 100 մետր մուտք գործի բնակավայրի տարածք, դեպի փոստի մոտ։ Ասացի՝ կքննարկենք, կհասկանանք։ Բայց մեր մոտեցումը պետք է լինի օրենքի շրջանակում, և այդ մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքների բոլոր բնակավայրերի ուղղությամբ։ Եթե մենք մի բնակավայրի դեպքում մի մոտեցում կիրառենք, մյուսի դեպքում՝ այլ, ապա բնակիչներից մի մասի մոտ կարող է անարդարության զգացում առաջանալ»։
Ուղեվարձի սուբսիդավորման հարց չի քննարկվել՝ ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ ուղևորափոխադրող ընկերությունը որոշ արտոնություններ սահմանել է մինչև 7 և 12 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների անդամների համար։ Օրենսդրական կարգավորմամբ, յուրաքանչյուր երթուղու փոխադրամիջոցների առնվազն 10 տոկոսը հարմարեցված պետք է լինի սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար։ Ուստի այս դեպքում առնվազն 1 մեքենա կսպասարկի այս խմբի ուղևորներին։ Վերջնական որոշումն, ըստ փոխնախարարի, կկայացվի Երևանի քաղաքապետարանի և ուղևորափոխադրող կազմակերպության ղեկավարների հետ հանդիումից հետո միայն։ Ամեն դեպքում՝ լուծումն այնպիսին պետք է լինի, որ գոհ լինեն բոլոր կողմերը՝ վստահեցրեց Արմեն Սիմոնյանը։




