Հայաստանում սպասվում է պանրի գների բարձրացում


Լիանա Եղիզարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում սպասվում է պանրի գների բարձրացում: Այսօր, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, նման կանխատեսում է արել Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Հայաստանն այս տարի պանրի արտադրության եւ արտահանման ծավալների առանձնակի փոփոխություններ չի գրանցել, քանակները նույնն են, բայց հայկական պանրի որակն է տարեցտարի բարելավվում. վստահեցրել է մասնագետը:
Հայերն ամենապանրասեր ազգերից են: Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան իր ճաշացանկում ներառում է մինչև 6 կիլոգրամ պանիր: Հատկանշական է, որ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պանրի հենց այդ քանակը: Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի տարիների դիտարկումներն էլ փաստում են՝ հայերը հայկական պանիրն են գերադասում:
«Հայաստան շատ քիչ է պանիր ներկրվում, որովհետեւ մենք սիրում ենք մեր պանիրները»:
Ամենահանրահայտ ու ամենահարգի պանիրներն ավանդաբար շարունակում են «Լոռին» ու «Չանախը» մնալ: Հայաստանյան արտադրության շուրջ 20 հազար տոննա պանրի մոտ 2 տասնյակ տեսակներն ամենահուրահատուկ համային տարբերակներ ունեն՝ համեմված տարբեր բույսերով, ստացված տարբեր կաթերից, թարմ կամ հորած վիճակում: Հայկական պանիրը, սակայն, դրսում ճաշակողների ու գնահատողների թիվն է շատ փոքր: Մեր երկիրը պանրի արտահանման չնչին ծավալներ ունի՝ տարեկան ընդամենը շուրջ 1500 տոննա՝ հիմնականում ԱՄՆ, Ռուսաստան եւ Վրաստան: Արմեն Գիգոյանի գնահատմամբ՝ Հայաստանում սպառվում է տեղական արտադրության պանրի գրեթե ողջ քանակը, եւ եթե արտահանման ծավալներն արհեստականորն ավելացվեն, տեղում պանրի դեֆիցիտ կառաջանա, ու պանրի գներն էլ կարող են կտրուկ բարձրանալ: Պանրագործների միության նախագահը խնդրի արմատներն այլ դաշտում է տեսնում: Մեր երկրում տարբեր խնդիրների պատճառով կաթ քիչ է արտադրվում, չնայած դրա լայն հնարավորություններ կան: Իսկ պանրի արտադրության մրցակցային դաշտը փոքր ու մեծ արտադրողների համար բոլորովին մրցակցային չէ: Հարկային դաշտն էլ բարենպաստ չէ, ու փոքր արտադրողները մեծերի ստվերում են մնում:
«Խնդիրներ շատ են եղել ասենք հարկային հետ կապված: Պրոբլեմներն իրոք շատ-շատ են: Պանրագործի գնած կաթի վրա ավելացված արժեքի հարկ չկա, իսկ արդեն պատրաստի պանիր վաճառելիս արտադրողն ավելացված արժեքի հարկ է վճարում, ինչը կտրուկ բարձրացնում է արտադրանքի գինը: Իրարամերժ իրավիճակ է ստեղծվում: Փոքր եւ միջին ու մեծ արտադրողների համար մրցակցային դաշտը հավասար չէ»:
Իսկ արդեն պանրի որակի ու որակի վերահսկողության խնդիրները բոլորովին այլ հարթության մեջ են: Պանրագործների միության նախագահը խոստովանում է՝ բոլոր սպառման կետերում բոլոր արտադրողների մատակարարած պանրի տեսակներն ու խմբաքանակները պատշաճ վերահսկողության չեն ենթարկվել ու չեն էլ կարող ենթարկվել: Պանրի սերտիֆիկացման ընդհանուր համակարգ չկա ու պետք էլ չէ, կարծում է Գիգոյանը՝ վստահ լինելով՝ դա չի գործի: Տեսչական ստուգումներին լայն թափ հաղորդելն էլ չի օգնի. հարցերը կարող են շատ արագ լուծվել ձեռքը դեպի տեսուչի գրպանը մեկնելով: Գիգոյանը կարծում է, որ այս խնդիրն այլ լուծում ունի՝ քաղաքացին գնում է այն պանիրը, որի որակը տարիներն են ստուգել:
«Եթե անդրադառնանք վերջին տարիների դինամիկային, ապա ժողովուրդն արդեն սկսել է փող տալ որակին, մարդիկ սկսել են որակով պանիրը գնահատել»:
Եվրասիական Միությանն անդամակցելը կարող է նպաստել Հայաստանից պանրի արտահանման ավելացմանը, բայց միայն այն դեպքում, եթե կաթի ու պանրի արտադրության ծավալներն ավելանան: Սակայն անգամ բնակլիմայական լավ պայմանների առկայությամբ պանրագործությունն այդպես էլ զարգացման նոր թափ չի հավաքում, ասում է Գիգոյանը: Եւ դրա հետեւանքով պանրի գները շարունակաբար բարձրանում են: Այս ամռանը «Լոռի» պանրի բացթողնման գինն արդեն 2100 դրամից հասել է 2300-ի,կաթի բացթողնման գինը 180-ից հասել է 210 դրամի: Իսկ խանութներում դրանք վաճառվում են ավելի թանկ: Այս աշնան համար էլ Գիգոյանը թանկացումների նոր կանխատեսումներ ունի: Որքանով, դժվարանում է ասել, բայց բոլոր միտումները դրան են տանում: