
Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների նոր հանդիպումը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Խոսքը դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերաբերյալ խորհրդակցությունների երկրորդ փուլի մասին է, երեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, մասնակիցների կազմը կմնա նույնը. ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։
Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ապրիլի 10-ին բանակցությունների վայրը կլինի Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպման օրակարգում ներառված չեն քաղաքականությանը, անվտանգությանը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։
«Ապրիլի 10-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները երկրորդ անգամ կհանդիպեն Ստամբուլում, որպեսզի փորձեն առաջընթաց գրանցել մեր առաքելությունների աշխատանքի հետագա կայունացման գործում»,- ասել է նա։ -Օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան, և Ուկրաինան բացարձակապես օրակարգում չկա»,- ասել է Բրյուսը։
Երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերաբերյալ խորհրդակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 27-ին՝ Ստամբուլում։ Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում հանդիպումն անցել է փակ ձևաչափով։
Հանդիպումից հետո ամերիկյան կողմը հայտնել է, որ «որոշվել են երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեությունը նորմալացնելու քայլերը»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «քննարկումները եղել են բովանդակալից ու գործնական»։ Ռուսական կողմն առաջարկել է ԱՄՆ-ին դիտարկել ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։




