ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը գործարկում է աջակցության նոր ծրագիր, արցախցիները շարունակում են նստացույցը

Բնակարանային վարձի աջակցության ծրագիրը խոչընդոտում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագրի իրագործումը՝ Հանրային հեռուսատեսությանը տված հարցազրույցում ասել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ 2023-ի հոկտեմբերից գործարկված ծրագիրը, որն ավելի հայտնի է որպես  40+10 հազար դրամի աջակցության ծրագիր, ժամանակի ընթացքում դարձել է ոչ միայն բնակվարձի, այլև սոցիալական այլ կարիքները հոգալու միջոց, իսկ հանրության մի մասն այն ընկալել է որպես անժամկետ սոցիալական աջակցություն։

«Եվ մենք լավ հասկանում էինք, որ մեր աջակցությունն ավելին է, քան տան վարձը․ ես դա ուզում եմ պարզ ասել։ Մենք դա գիտեինք, հասկանում էինք, ու էդ միջոցների մի մասով մարզերում բնակվողները կարող են հոգալ նաև իրենց առօրյա կենցաղային ծախսերը, ինչին դեմ չենք եղել, որովհետև մենք որևէ դեպքում չենք պահանջել, կամ պայման չենք սահմանել, որ բերեն բնակարանային վարձի վճարումը հաստատող փաստաթղթեր։ Դա ժամանակի ընթացքում ընկալվեց որպես սոցիալական օգնություն»։ 

Արցախցիները նախընտրում են օգտվել կարճաժամկետ այս ծրագրից և չեն դիմում բնակարանային ապահովության ծրագրին, քանի որ տան վարձի փոխհատուցումը ստանում են պետությունից՝ ասում է Տիգրան Խաչատրյանը։ Կառավարությունը դեռ 2024-ի նոյեմբերին է որոշել ապրիլից բնակվարձի աջակցության ծրագիրը կրճատել և դարձնել ավելի թիրախային։

«Մենք առաջին փուլում ասում ենք, որ  ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար այլևս  աջակցությունը չի գործի, կգործի երեխաների համար, կգործի կենսաթոշակային տարիքի անձանց համար, հաշմանդամություն ունեցող անձանց համար և կերակրչողներին կորցրած ընտանիքների համար։ Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք իրականում խոցելի են, մենք նրանց շարունակելու ենք պահել մինչև տարեվերջ շահառու՝ մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50 հազարի փոխարեն սահմանելով սկզբից 3 ամիս 40 հազար, հետո հուլիսից մինչև տարեվերջ 30 հազար դրամ»։

Այս ծրագրին զուգահեռ՝ կառավարությունն ապրիլից  գործարկել  է մեկ այլ անցումային կարճաժամկետ ծրագիր։ Այն դեպքերում, երբ թիրախային խմբերին հատկացված գումարը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից պակաս է, ընտանիքը կստանա լրացուցիչ ֆինանսական աջակցություն․

«Օրինակ եթե մեկ ընտանիքի հաշվով  մեր 40 հազար աջակցությունը, որ տրվելու է անչափփայասներին և կենսաթոշակային տարիքի անձանց,  պայմանական ասենք՝ այս 40+10 հազար դրամի փոխված տարբերակը, պարզվի, որ 55 հազարից պակաս եկամուտներ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամը և էդ ընտանիքը 4 հոգուց է բաղկացած, ապա կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ»։ 

Արցախցիներն այս օրերին Ազատության հրապարակում նստացույցի միջոցով բողոքում են կառավարության ծրագրերից և պահանջում 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի վերանայում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները արդեն երկու անգամ հանդիպել են փոխվարչապետի հետ, տեղյակ են նոր փոփոխություններից, բայց դրանք գոհացուցիչ չեն համարում։ Խորհրդի անդամ, բռնի տեղահանված Արտակ Մկրտչյան․

«Բայց դա էլի հարցի լուծում չէ, էդ գումարով այդ մարդիկ նույնիսկ չեն կարողանալու իրենց տան վարձը տալ»։ 

Մկրտչյանը դրական է գնահատում գործադիրի առաջարկը, որով արցախցիներին հնարավորություն է տրվել մասնագիտական փոքր խմբերով քննարկելու բնակապահովման, զբաղվածության ծրագրերը և առաջարկներ ներկայացնելու․

«Այս պահին այդ աշխատանքն է գնում, որ մեր կողմից ստեղծված խմբերով տարբեր ծրագրերի՝ բնակապահովման, զբաղվածության ծրագրերի շուրջ այդ քաննարկումները լինեն և մեր լուծման ուղիները ներկայացնենք, լսենք իրենց տարբերակները, փորձենք ինչ-որ բանի գանք։ Այս պահին խմբերի ստեղծման փուլում ենք»։

Արցախցիները հայտարարում են, որ շարունակելու են լայն համախմբման արշավը, հանդիպելու են իրենց տեսակետը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի կամ անհատների հետ, իսկ ապրիլի 15-ից հետո պատրաստվում են մեծ հանրահավաքի։ Տիգրան Խաչատրյանը վերահաստատում է արցախցիների հետ փակ հանդիպմանը հնչեցրած միտքը․ 40+10 հազար դրամներին վերադարձ չի լինելու, կառավարությունը շարժվում է նախանշված ճանապարհով, բայց նաև պատրաստ է լսելու նոր առաջարկներ և իրատեսական լինելու դեպքում՝ ընդունելու դրանք․

«Մենք մեր կողմից կայացրած որոշումներով շարժվում ենք առաջ, այս որոշումները չենք կարող ուշացնել,  նոր աջակցության ծրագիրը նաև ,որովհետև ապրիլ ամսից սկսած պետք է պատրաստ լինենք էն կարիք ունեցող ընտանիքներին լրացուցիչ դրամական աջակցություն ցուցաբերելու, բայց եթե ընթացքուըմ կլինեն մտքեր, գաղափարներ, որոնք կարող են լավարկել այս ծրագրերը, մենք պատրաստ ենք քննարկել և դրանցից, որոնք իրատեսական են ընդունել»։

2023-ի հոկտեմբերից մինչև օրս պետբյուջեից ավելի քան 115 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերին՝ ասում է փոխվարչապետը։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է բնակապահովման երկարաժամկետ ծրագրի շահառուների շրջանում։ Առաջին փուլով շահառու համարվող շուրջ 4․000 ընտանիքներից ծրագրին դիմել և բնակարանի գնման կամ կառուցման սերտեֆիկատ են ստացել 900-ը։

Կարդացեք նաև

Back to top button