
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրկհարդը և բրիտանական զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ռազմական գործողությունների ավարտից հետո խաղաղության ապահովման հնարավորությունը։
Բուրկհարդը շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, հայտնել է, որ քննարկվել է միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը, հաղորդում է AFP-ն։
«Միասին մենք ցանկանում ենք երաշխավորել կայուն և հուսալի խաղաղություն Ուկրաինայում, որը եվրոպական մայրցամաքի անվտանգության ամենակարևոր պայմանն է»,- գրել է Բուրկհարդը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով, իրենք նաև քննարկել են ուկրաինական բանակի մոդելի վերականգնման և վերափոխման երկարաժամկետ ռազմավարությունը, որը «երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է»։ Քննարկվել են նաև Փարիզի և Լոնդոնի քայլերը՝ «Ուկրաինային հրադադարից անմիջապես հետո աջակցելու համար», հավելել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը։
Ինչպես նշել է AFP գործակալությունը, Բուրկհարդն ու Ռադակինը, բացի Զելենսկու հետ շփվելուց, բանակցություններ են վարել նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։




