
«Հայկական իմպրեսիոնիզմը» ամբողջապես կայացել է 1900–1910-ական թվականներին՝ բազմազան դրսևորումներ գտնելով հայ նկարիչներից շատերի արվեստում: Ինչպես գրել է արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանը՝ «Իմպրեսիոնիզմի հայկական տարբերակը ուժեղագույններից է բոլոր ազգային դպրոցների շարքում»:



Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ այս թեմատիկ սրահի մեկնակետն են հայկական իմպրեսիոնիզմի նախահայր, առաջին հայ «պլեներիստ» Եղիշե Թադևոսյանի գործերը:
Դրանցում արտացոլված են Թադևոսյանի փորձերը՝ սինթեզելու եվրոպական իմպրեսիոնիզմի և նեոիմպրեսիոնիզմի ոճական սկզբունքները հայկական բնաշխարհով ու մշակույթով պայմանավորված գեղագիտական ըմբռնումների հետ։
Տվյալ ուղղությամբ են շարժվել նաև հայ ուրիշ արվեստագետներ, որոնք գործում էին Թիֆլիսում, Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Փարիզում և այլուր։ Այդ առումով հատկապես հետաքրքիր են Փանոս Թերլեմեզյանի, Հովհանես Տեր-Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հովսեփ Փուշմանի, Հովհաննես Ալխազյանի և ֆրանսահայ գրաֆիկ Էդգար Շահինի գործերը։ Օգտվելով իմպրեսիոնիստական մաներայից, նրանք այնուամենայնիվ առաջնորդվում էին անհատական՝ տեղային համատեքստերով պայմանավորված միտումներով:



Արդյունքում ի հայտ էին գալիս սեփական մշակութային փորձառությունից բխող տարաբնույթ դրսևորումներ, որոնք իմպրեսիոնիզմը դուրս էին բերում զուտ ոճական փորձարկումների դաշտից՝ դրան հաղորդելով նաև հասարակական, քաղաքական և փիլիսոփայական երանգներ։
«Ամենաիմպրեսիոնիստ» նկարիչներից մեկը՝ Վահրամ Գայֆեճյանը, ներկայացված է 1900–1920-ական թվականներին արված կտավներով, որոնք համարձակորեն ընդլայնում են այս ոճի հնարավորությունները: Ի տարբերություն Թադևոսյանի և այլ արվեստագետների, Գայֆեճյանը լույսի և գույնի պլեներային էֆեկտը հաճախ վերարտադրել է հիշողությամբ: Երազական պարահանդեսների և ժամանակակից կյանքի մոտիվների սիրահար նկարչի «իմպրեսիոնիստաբար», տեղ-տեղ պուանտիլիզմի նուրբ կիրառմամբ արված աշխատանքներն առինքնում են երևակայության շքեղությամբ և զուգակցվող գունաբծերի հրավառությամբ: Դինամիկ մաներայով, գունալուսային նրբին լուծումներով արված նրա պատկերները զերծ են պատմողական բնույթից, դրանք լիովին ինքնաբավ են և զուտ «նկարչական»։
Հայ նոր և նորագույն արվեստի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և 18-ից 20-րդ դարասկզբի անվանի նկարիչների անկրկնելի ստեղծագործությունները:




