ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱՄՆ-Իրան լարվածությունը պատճառ չէ, որ Թեհրանը փոփոխի «կարմիր գծերը»․ փորձագետները հնարավոր զարգացումների մասին

ԱՄՆ-Իրան փոխադարձ սպառնալիքների ֆոնին Հայաստանում Իրանի դեսպանը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի սահմանների հնարավոր փոփոխության հարցում Թեհրանի դիրքորոշումը հստակ է․ Թեհրանն ունի «կարմիր գծեր», որոնք չպետք է հատել։ Փորձագետներն ու միջազգային մամուլն էլ վերլուծում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները և խոսում հնարավոր զարգացումների մասին։

Բրիտանական լրատվամիջոցները ակտիվորեն լուրեր են տարածում այն մասին, որ ԱՄՆ-ը ու Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները։ Այդ մասին, մասնավորապես, գրում է «Daily Mail»-ը հղում անելով Իսրայելի քաղաքական, ռազմական ու դիվանագիտական իր աղբյուրներին։

Նման լուրերը նոր չեն, պարբերաբար այս մասին հայտարարվում է, սակայն վերջին ձևակերպումները վերջնագիր են հիշեցնում, ակնարկում է բրիտանական պարբերականը։

Բացի ձևակերպումներից նաև որոշակի կոնկրետ քայլեր են արվում, որոնք կարող են վկայել իրավիճակի լրջության մասին։ Մասնավորապես, Միացյալ Նահանգները Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող ամերիկա-բրիտանական ռազմաբազայում ևս մի քանի ռմբակոծիչներ է տեղակայել։ Փորձագետները Վաշինգտոնի այդ քայլը ահազանգ են համարում։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, հազիվ թե ԱՄՆ-ը Իրանի դեմ մեծ ու լայնածավալ պատերազմ սկսի։

«Թուրքական ազդեցությունը մեծանում է, սա պետք է հաշվի առնել։ Նաև տեսնում ենք  Թրամփի քաղաքականությունը, այդ  անվերջանալի սպառնալիքները․․․ Դրանք կարող ենք լրջորեն վատթարացնել իրավիճակը, սակայն չեմ կարծում, թե  իսկական պատերազմ կլինի։  Ամեն դեպքում, Իրանին հարկավոր կլինի ջանքեր գործադրել իր դիրքորոշումը պահելու համար»։

Թել-Ավիվում կարծում են, որ Թեհրանին թուլացնելու նախորդ քայլերը զգալի ազդեցություն են ունեցել, շարքից հանելով Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը, որոնք տեղակայված էին Սիրիայում և Իրաքում։

Բրիտանական  Express պարբերականն էլ ԱՄՆ նախագահի վարչակազմին մոտ կանգնած իր աղբյուրներին հղումով գրում է՝ քանի որ Թեհրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների առաջարկը, հավանական է, որ Իրանին հարվածներ հասցվեն աշնան սկզբին։ Առավել ևս, որ Թրամփն արդեն զգուշացրել է Իրանին, որ կհարվածի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մի քանի օր առաջ արդեն մերժել է միջուկային նոր գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու Թրամփի առաջարկը։ Թեհրանը  չի բանակցի ճնշման և ռազմական սպառնալիքի ներքո, ավելին, Թեհրանից հայտարարում են, որ ի պատասխան Իրանի դեմ գործողությունների, ԱՄՆ–ը կոշտ ու վճռական հակահարված կստանա ։

Իրանի հետ Միացյալ Նահանգների ու Իսրայելի ծայրահեղ լարված հարաբերությունների պայմաններում Պարսից ծոցի մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը հրաժարվել են իրենց օդային տարածքը տրամադրել ԱՄՆ ռազմաօդային ուժերին՝ Իրանի դեմ հարձակման համար։

Այժմ արդեն  Սպիտակ տունը լրջորեն քննարկում է միջնորդավորված բանակցություններ անցկացնելու Իրանի առաջարկը, — գրում է ամերիկյան Axios կայքը, ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին հղումով։

Ավելի վաղ ամերիկյան կողմն իրանցիներին ուղղակի բանակցությունների  առաջարկ էր արել, սակայն Թեհրանը մերժել էր, հայտարարելով, որ ամերիկացիների հետ շփումները կարող են իրականացվել բացառապես Օմանի միջնորդությամբ։

ԱՄՆ-Իրան ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս մեկ անգամ հստակեցնում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը Թեհրանի համար «կարմիր գիծ» է։

«Զարգացումները Հայաստանի հարավում՝ Սյունիքում ուղղակիորեն փոխկապակցված  են Իրանի շահի հետ։ Եվ պատճառը, որ Իրանը միջազգային սահմանների փոփոխությունը համարում է իր «կարմիր գիծը», հենց դրանով է պայմանավորված, քանի որ մեր ճակատագիրը և անվտանգությունը փոխկապակցված են։ Չնայած շատ կարճ սահման ունենք Հայաստանի հետ, բայց այն համարվում է ամենաապահով սահմաններից մեկը հարևանների հետ։  Մենք Հայաստանից երբեք սպառնալիքներ չենք զգացել և նույնը չի զգացել Հայաստանը»։

Հայաստանում Իրանի դեսպանը  շեշտում է, որ Թեհրանը կարող է հնարավորություններ ստեղծել, որ Հայաստանը կարողանա կապվել հարավի՝ Հնդկաստանի հետ։ Հայաստանն, ըստ դեսպանի, գտնվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի կենտրոնում և Իրանի միջոցով կարող է հասանել Չաբահարի նավահանգիստ ու Պարսից ծոց։ 

Կարդացեք նաև

Back to top button