ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բռնի տեղահանված արցախցիները շարունակում են ակնկալել, որ «40+10»-ի դադարեցումը կչեղարկվի 

Կառավարությունն արձագանքել է վերջին օրերին Արցախից բռնի տեղահանվածների բողոքի ակցիաներին և նրանցից մի քանիսին հրավիրել փակ քննարկման։ Գործադիրում նրանց ընդունելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է՝ չեղարկել իրենց տրամադրվող սոցիալական աջակցությունը վերանայելու որոշումը։

Կառավարությունը որոշել է ապրիլից նվազեցնել 40+10 հազար դրամի սոցիալական աջակցությունը, ապա այն փոխարինել բնակապահովման ծրագրով։

«40+10» հազար դրամ աջակցության դադարեցումը հավասար է հարկադիր արտագաղթի՝ ասում են բողոքի ակցիայի մասնակից Արցախից բռնի տեղահանվածներ։ Նրանք կառավարությունից պահանջում են չեղարկել սոցիալական աջակցությունը վերանայելու որոշումը։ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասում է՝ սոցիալական աջակցությունը պետք է շարունակել այնքան, մինչև բնակապահովման ծրագիրը հասանելի դառնա բոլոր տեղահանվածներին։

«Բացի դրանից՝ ծրագրի երկրորդ և երրորդ փուլերից այս պահին մարդիկ չեն կարող օգտվել ։ Տրամաբանությունից դուրս է, շուկայում առանձնահատուկ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ էն թեզը, որ գնացեք աշխատեք, հասկացանք՝ մարդիկ կգնան, կաշխատեն, իրենց մնացած հարցերը կլուծեն, բայց բնակարանով ապահովման հարցն աշխատելով լուծել հնարավոր չէ»։ 

Արցախից բռնի տեղահանված մեկ այլ քաղաքացի պատմում է՝ մասնագիտությամբ նկարիչ է,  հիմնական աշխատանք չունի, ընտանիքի չորս անդամների հետ բնակվում է վարձակալած մեկ սենյականոց բնակարանում։ Ասում է՝ չի պատկերացնում, թե ինչպես է ապահովելու նվազագույն կենսապայմանները, եթե սոցիալական աջակցությունը դադարեցվի։ Իսկ բնակապահովման ծրագիրը, նրա կարծիքով, այնքան բարդ ու բազմաշերտ է, որ առաջիկա մեկ-երկու տարում ինքը հազիվ թե շահառու դառնա․

«Ես ինքս ընդգրկված եմ բնակապահովման ծրագրի առաջին խմբի մեջ՝ իմ պատկերացմամբ, քանի որ ինքս Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Բայց այդ ծրագրերն անիրական են, որովհետև մոտենում եմ բանկին, բանկն ասում է, որ տեղյակ չեն, այդ ծրագիրը մեզ չի վերաբերում։ Անձնագիր փոխել են տալիս, էդ անձնագիր փոխելը տևում է մի կես տարի, այնուհետև առաջանում են  այլ խոչընդոտներ»։

Տարեսկզբի տվյալներով՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից տեղահանված 440 ընտանիք է հավաստագիր ստացել։ Սա բավարար արդյունք չէ ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև պատասխանատուների կարծիքով։ Հարցին, թե հնարավո՞ր է վերանայել ծրագրից օգտվելու համար Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պայմանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն արձագանքել էր․  

«Ասում եմ՝ ոչ, հետքայլ չենք անելու։ Շարունակելու է պարտադիր պայման մնալ քաղաքացի դառնալը։ Եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին կոչ եմ անում  դառնալ ՀՀ քաղաքացի, ներառվել մեր ծրագրերում ու անցնել զարգացման ճանապարհով»։

Ըստ ՆԳՆ միգրացիայի ծառայության տվյալների՝ մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 7402 արցախցի։ Այս ցուցանիշն ընդհանուր տեղահանվածների 10 տոկոսից էլ պակաս է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչանն օրերս խորհրդարանում հավաստիացրեց, որ լսել են տեղահանվածների բոլոր պահանջները և ընդգծեց, որ դրանցից ոչ բոլորն են ընդունելի։ Նախարարի խոսքով՝ տեղահանվածների համար կառավարոությունը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր է մշակել, և հիմա փուլից փուլ՝ սոցիալական աջակցությունից բնակապահովման ծրագրին անցնելու ժամանակն է․

«Մենք չենք փախչում այդ խնդիրները լսելուց և առաջարկներ ներկայացնելուց։ Հիմա շրջանառության մեջ է մեկ այլ փաթեթ, համաձայն որի՝ մենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, իրականում խոցելի խումբ համարվողներին նոր գործիքակազմ կտրամադրենք, որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ։ Բայց իմ հորդորը և խնդրանքն այն է, որ իրենք դառնան ՀՀ քաղաքացի, դիմեն ծրագրին և օգտվեն դրանցից։ Մենք հորդորում ենք, որպեսզի մարդիկ ակտիվանան տնտեսապես։ Նրանք այո՛, պետք է գնան և վաստակեն, սա է ինտեգրվելու ամենաարդյունավետ ճանապարհը»։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանն այս հայտարարությունից հետո հարցեր ուղղեց նախարարին․

«Պարոն նախարար, որքա՞ն է կազմում նվազագույն սպառողական զամբյուղը 1 շնչի հաշվով՝ 77 հազար դրամ։ Որքա՞ն է միջին աշխատավարձը Հայաստանում՝ 150-200 հազար, որքա՞ն են կազմում բնակարանի վարձերը, եթե վերցնենք միջին վիճակագրական ընտանիքի համար՝ 150-ից 200 հազար դրամ։ Ինչպե՞ս պետք է ձեր վճարած 40+10 աջակցության ծրագրի շնորհիվ ընտանիքները կարողանան և՛ բնակվարձ վճարել, և՛ պահմանել իրենց նվազագույն կենսաապահովման պայմանները»։

Ակցիայի մասնակիցներն առաջարկում են, որ կառավարությունը վարձակալվող բնակարանների համար ինքը պայմանագրեր կնքի տանտերերի հետ։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյան․

«Ընդհանրապես, այս փոփոխության նկատմամբ մեր հանրության դիրքորոշումը կարտահայտեմ, որ գերակշռող մասի կարծիքն է քանի դեռ երկարաժամկետ բնակարանային կեցության հարցը կարգավորված չէ, անձինք պետք է շարունակեն ստանալ սոցիալական աջակցություն։ Բազմաթիվ մարդիկ դեռ զբաղվածության համապատասխան մակարդակ չունեն, ու անգամ նրանք, ովքեր աշխատում են, հարց են բարձրացնում՝ աշխատավարձով սնվե՞նք, թե՞ տան վարձ վճարենք։ Այսինքն՝ կարող ենք ընդհանուր առմամբ ասել, որ 13 հազար մարդ 100-500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց հնարավոր է, որ այդ ընտանիքում ընդամենը մի հոգի է աշխատում»։ 

Կառավարության որոշմամբ՝ ապրիլից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցությունը նախ կնվազեցվի, ապա կտրամադրվի ըստ թիրախային խմբերի։ 5 թիրախային խումբ է առանձնացվել՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, կերակրողին կորցրածի նպաստ ստացողներ, մինչև 18 տարեկան երեխաներ, 63 և ավելի տարիք ունեցող քաղաքացիներ, ընդ որում՝ նշանակություն չունի տարեցները աշխատանք ունեն, թե ոչ։ Ըստ կառավարության որոշման՝ աջակցությունը աստիճանաբար կնվազի մինչև 30 հազար դրամ։

 

Կարդացեք նաև

Back to top button