ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է, ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։
«Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները: Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվել է երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ»,– նշված է հաղորդագրությունում։
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․
94 կգ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ շուրջ 48 կգ թմրանյութ)․
2263 միլիգրամ հեղուկ թմրամիջոց, ինչը 11․26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 2034 միլիգրամ հեղուկ թմրամիջոց)․
281 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, ինչը 9266․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին
եռամսյակում՝ 3 հաբ)․
775 հատ հոգեմետ դեղահաբ, ինչը 510 տոկոսով
ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 127 հոգեմետ դեղահաբ)․
2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել և
առգրավվել են նաև 83 կգ մարիխուանա, 4 կիլոգրամ 592 գրամ մեթամֆետամին, 45․69 գրամ սփայս, 63 գրամ կոկաին, 28․01 գրամ ալֆա ՊՎՊ, 860․21 գրամ հերոին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։
Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։
Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։
Տեսանյութում ներկայացված թվերը բացահայտումների և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության շարունակական բարձրացման խոսուն օրինակ են։




