ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Առաջնահերթությունը փոխվել է, մոտեցումը՝ ոչ․ Հայոց Ցեղասպանության հարցն այժմ խաղաղության հաստատման օրակարգում է

Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ միջազգային երկու խոշոր հարթակներում անդրադարձ է լինելու հայ ժողովրդի պատմության ողբերգական էջին։ Մի քննարկումը կազմակերպվելու է Ստրաբուրգում, մյուսը՝ Վաշինգտոնում։ Մինչ այս, սակայն, Հայաստանը հստակեցրել է իր քաղաքական նպատակները և արդեն հայտարարել այս հարցում առաջնահերթությունների փոփոխության մասին։ Խաղաղության շրջան հաստատելու ճանապարհին Հայաստանի ներսում այս հարցով ծավալվել է բուռն բանավեճ, որի համատեքստում Հայաստանի ղեկավարությունը հստակեցրել է, որ առաջնահերթությունների փոփոխությունը չի նշանակում Ցեղասպանության ճանաչումից հրաժարում։

Հայ-թուրքական հարցերն ու հարաբերություններն առաջիկայում կքննարկվեն Բելգիայում և Միացյալ Նահանգներում։ Քննարկումների հիմքում լինելու է Հայոց ցեղասպանության հարցը։ Նախաձեռնությունները, սակայն, տարբեր են։

Ապրիլի 3-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում կանցկացվի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում։ Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Իսկ Միացյալ Նահանգներում մի շարք կոնգրեսականներ հանդես են եկել Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ Ըստ «Ռադիոլուրին» տրամադրված հաղորդագրության՝ նախագծի հեղինակ Դինա Տիտուսը շեշտել է, որ ուսանողներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելուն միտված օրինագիծը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարի մաս է, ինչպես նաև հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Այս օրինագիծը հավատարմություն է ճշմարտությանը, արդարությանը և կրթության ուժին և միտված է ապագա սերունդների համար ավելի տեղեկացված և կարեկցող աշխարհ կառուցելուն»,- ասել է կոնգրեսականը։ 

Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Հայոց Ցեղասպանության թեմայով կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ստեղծմանը, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ իրականացված անպատիժ հանցագործության պատճառների, հետևանքների և քաղած դասերի մասին։  

Պատմության դասերի մասին շաբաթներ առաջ խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք պետք է մտածենք առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության մասին, և դա է դասը, իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից»։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Փաշինյանի այս միտքն է վկայակոչում՝ հիմնավորելու Հայաստանի զգուշավորությունը Ցեղասպանության թեման արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն պահելու հարցում։ Խանդանյանն այս հարցը դիտարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության համատեքստում։

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող փոխել իր աշխարհագրությունը։ Հայաստանի Հանրապետությունը պիտի հավերժ լինի, և հավերժ լինի այս տարածաշրջանում, և որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հավերժ լինի այս տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետությունը պիտի կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել այս հարևանության շրջանակներում։ Դրա համար խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Մենք պիտի ջանք չխնայենք, որպեսզի խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ, նորմալացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»։  

Հայաստանի իշխանությունը քանիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության իր առաջնահերթություններն այս հարցում վերանայել է։ Ըստ այդմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս առաջնային չէ։ Միաժամանակ, սակայն, Փաշինյանը հստակեցրել է, որ կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր։ Քանի որ Հայաստանի ընտրած ճանապարհը տարածաշրջանային խաղաղությունն է, այս երկու մոտեցումներն այս զգայուն շրջանում համադրելի չեն՝ տարբեր հանդիպումների ժամանակ հիմնավորել է Փաշինյանը․

«Երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք, հաջորդ պահին հարց է ծագում՝ իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում, երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք նոր լարվածություններ։ Այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ»։

Վերջին տարիներին Թուրքիայի հետ Հայաստանի ուղիղ բանակցությունները որոշակի արդյունք տվել են, բայց դրանք սպասվածից պակաս են։ Պարբերաբար անդրադարձ եղել է նրան, որ, օրինակ, մինչ այժմ կյանքի չի կոչվել դեռևս 2022 թվականին հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ հնարավոր ամենասեղմ ժամկետում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն պետք է ապահովվեր Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայկական կողմը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը վերանորոգել է և վերազինել այնպես, որ ցանկացած պահի այն կարող է աշխատել, բայց այդ անցակետը երկու անգամ է բացվել ընդամենը, այն էլ՝ ժամանակավոր, երբ Հայաստանն օգնություն էր տրամադրում երկրաշարժից տուժած Թուրքիային և կարիքի մեջ հայտնված Սիրիային։ Տասը օրով բացված սահմանն օրերս նորից փակվել է։

Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը Թուրքիան մշտապես կապում է հայ–ադրբեջանական բանակցությունների հետ։ Բայց անգամ այս պայմաններում հայ–թուրքական ուղիղ շփումներից Հայաստանի վարչապետը գոհ է․

«Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, և կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար և պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրարից ճշտելու հնարավորությունից։ Մենք, որպես կանոն, երրորդ երկրների միջոցով ենք իմացել՝ իսկ ի՞նչ են մտածում Անկարայում։ Անկարան, ըստ էության, երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա  նույնիսկ այնպիսի իրադրություններ կան, երբ, բառիս բուն իմաստով, մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել և հարցնել՝ իսկ դուք այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, և սա էական փոփոխություն է, որը շատ կարևոր է։ Ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների»։  

Փաշինյանն ընդգծում է, որ գիտակցում է, որ այս խոսակցությունը թե իր, թե իր ղեկավարած քաղաքական ուժի համար այս պահին դժվար է և ծանր։ Վարչապետի համար ընդունելի չէ, երբ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունները ներկայացվում են որպես «ուրացում» կամ «մերժում»։ Անգամ թուրք լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հստակեցրել էր, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանում բոլորի համար անհերքելի փաստ է։ Այս համատեքստում նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծվել է կայունություն և խաղաղություն հաստատելու եզակի հնարավորություն, որից, որպես վարչապետ, ինքը կցանկանար օգտվել։

Կարդացեք նաև

Back to top button