
Բարձր նորաձևությունը պահպանում է ավանդույթները, ժամանակի հետ ավելի կարևորում ձեռքի աշխատանքը, մինչդեռ արագ նորաձևությունն առաջ է շարժվում արտադրությունը զանգվածային դարձնելու հաշվին։ Ի՞նչ չափանիշներով է որոշվում, որ երկրում նորաձևության ոլորտի ակտիվություն կա, այդ առումով ի՞նչ դիրքերում է Հայաստանը, զարգացման ի՞նչ ներուժ ունի հայկական նորաձևությունը։
«Շանել» խանութներ բացվում են այնտեղ, որտեղ «Շանել»-ի հաճախորդներ կան։ Երևանում դրանք չկան, ինչպես Թբիլիսիում, քանի որ այնտեղ նորաձևությամբ ավելի շատ են հետաքրքրված․ գնահատականը Փարիզի առաջատար նորաձևության տան աշխատակից Հասմիկ Հակոբյանինն է։
Հայերենին վարժ տիրապետող 24-ամյա զրուցակիցս ծնվել և մեծացել է Մարսելում, ծնողներն այնտեղ Երևանից են տեղափոխվել։ Նա արդեն 2.5 տարի աշխատանքի է գնում փարիզյան Կամբոն փողոցի այն տուն, որտեղ 115 տարի առաջ աշխարհահռչակ մոդելյեր Կոկո Շանելը հիմնեց իր նորաձևության կայսրությունը։

«Շանելի ամենամեծ շուկաները հիմնականում Ամերիկան և Չինաստանն են։ Բայց երկրների չափը կապ չունի, որովհետև, օրինակ, Քուվեյթում էլ կա 1 հատ Շանել խանութ, Քուվեյթը շատ փոքրիկ երկիր է, Քաթարում էլ կա»։
20-րդ դարի եվրոպական նորաձևությունում մեծ ներդրում ունեցած ֆրանսուհու ապրանքանիշը սկզբում տեղավորվել է Կամբոն 31 հասցեում, հետո դրան են գումարվել հարևան տները։ Այժմ ապրանքանիշի գլխամասը գրեթե կես փողոց է զբաղեցնում, Հասմիկն այնտեղ սկզբում ներգրաված է եղել մշակութային նախագծերում, այժմ հավաքածուների նկարահանումների թիմի մասնագետն է։ Շանելն արագ նորաձևություն չի առաջարկում, աշխարհով մեկ սփռված մոտ 300 բուտիկներում հավաքածուները փոխվում են 6 ամիսը մեկ․ հագուստի յուրաքանչյուր նմուշ հիմնականում ձեռքի աշխատանքի արդյունք է։
Զրուցակիցս աշխատանքի բերումով հաճախ է լինում դերձակուհիների, ասեղնագործողների, կաշեգործների սենյակներում, ինչպես նաև բարձր նորաձևության պոդիումներում։ Ոլորտի հայ-ֆրանսիական նմանության մասին Հասմիկը նշում է․
«Ինչն է երկիրը դարձնում նորաձևության երկիր․ պատմությունը։ Օրինակ՝ Ֆրանսիան պատմական ասեղնագործության և ձեռքի աշխատանքի երկիր է, Հայաստանը՝ նույնպես։ Ֆրանսիայում կան ֆինանսական միջոցներ, որը շատ օգնում է նորաձևությունը տարածել ամեն տեղ, Հայաստանում ֆինանսական միջոցները բավարար չեն։ Բայց Հայաստանում ձեռքի աշխատանքի իմացությունը կա, ժառանգությունը և մշակույթը կա, այդ ամենը պետք է պահպանվի և փոխանցվի։ Հայկական արհեստագործությունը շատ ուժեղ է, օրինակ՝ կարպետները, գորգագործությունը կամ խաչքարերի մշակույթը։ Իմ կարծիքով՝ Հայաստանի ուժը հայկական մշակույթը լավ օգտագործելու մեջ է»։
Համացանցում հասանելի բարձր նորաձևության օտարերկրյա ցուցադրություններում հայ մասնագետները երբեմն նկատում են հայկական զարդանախշեր։ Աշխարհահռչակ նորաձևության տան ներկայացուցիչը հղում է անում միջազգային փորձին, ասում է՝ եթե այդ մասին չի նշվում, պետք է պահանջել, որ դա արվի։
«Նորմալ երևույթ չէ մշակույթ գողանալը։ Հայկական արվեստը մնում է հայական, Մարաշի, Մուշի, Սասունի ասաղնագործության տեխնիկան մնում է հայկական, ինչքան հայերի կողմից է կիրառվում։ Շատ կարևոր է ասել՝ հայկական մշակույթը գողանում եք, ոչ թե լուռ մնալ, ասել նորաձևություն է, օքեյ, մշակույթը չունի սահման։ Օրինակ՝ Hermes-ը հայկական տառերով շարֆ էր արտադրել, բայց իրենք ասում էին, որ հայկական է։ Մշակույթի մեջ դժվար է սահման պահելը, բայց շատ կարևոր է»։
Ի՞նչ չափանիշներով է որոշվում, որ երկրում նորաձևության ոլորտի ակտիվություն կա՝ հարցնում եմ Հասմիկին։ Ճշտող հարց էլ եմ տալիս՝ ինչո՞ւ է իր խոսքում նշում, որ հարևան Վրաստանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է։
«Կամաց-կամաց արդեն Հայաստանում էլ են հետաքրքրվում նորաձևության ոլորտով։ Վրաստանում շատ ֆեյշն-իվենթներ /նորաձևության միջոցառումներ,–հեղինակ/ կան, Երևանում էլ, օրինակ, արդեն 2-րդ տարին է, ինչ նորաձևության շաբաթ են կազմակերպում։ Այս հոկտեմբերին այն նորից կազմակերպվելու է։ Արդեն փաստ է, որ հիմա մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում նորաձևությամբ։ Ֆինանսական միջոցներ են պետք, ժամանակ, բայց ես զգում եմ, որ շատ ուժեղ հայկական բրենդներ կան։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում դրանց թիվը կավելանա»։
Ֆրանսիայում բարձր նորաձևությունը, ի տարբերություն արագ նորաձևության, պաշտպանված է օրենքով։ Արդյունքում բարձր նորաձևության տները գնային առումով մրցունակ լինելու համար ստիպված չեն մոդելավորման համար դիմել արհեստական բանականությանը, իսկ արտադրության համար՝ լազերային տպիչներին։ Ֆրանսիայում գնահատվում է ձեռքի աշխատանքը, իսկ հայկական ձեռագործը կարող է բարձր գնահատվել դրսի շուկաներում՝ ասում է Կոկո Շանելի նորաձևության տան առաջխաղացմամբ զբաղվող Հասմիկ Հակոբյանը։
Զրույցի վերջում անկեղծանում է՝ չէր ցանկանա, որ կարիերայի առաջխաղացման իր փորձը նորաձևությամբ հետաքրքրվող հայ երիտասարդների համար դառնա նպատակակետ։ Ասում է՝ Փարիզն իհարկե նորաձևության մայրաքաղաքն է, բայց ոլորտով զբաղվելով՝ Երևանում էլ կարելի է «փայլել»։ Երազում է ի վերջո վերադառնալ հայրենիք և այստեղ հիմնել իր գործը։




